«Քաղաքականության մեջ մտած ստեղծագործողները այլեւս չեն վերադառնում արվեստ»,- վստահ է կինոռեժիսոր Նանա Ջորջաձեն

20/08/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Վրացուհի կինոռեժիսոր, սցենարիստ, նաեւ՝ երաժիշտ եւ ճարտարապետ Նանա Ջորջաձեի ֆիլմերը նախկին ԽՍՀՄ-ում իրենց կայուն հանդիսատեսն ունեին։ Դրանք շատ կոլորիտային, բազմաշերտ ու ուրախ ֆիլմեր էին, որոնց հիմնական ուղերձը կենսունակությունն ու ժպիտը պահպանելու ավանդույթն էր։ 1987 թվականին նրա ստեղծած հումորով ու զվարճալի իրավիճակներով լի «Ռոբինզոնադա, կամ իմ ամերիկացի քեռին» ֆիլմը Կաննի միջազգային փառատոնում լավագույն դեբյուտային ֆիլմ ճանաչվեց եւ արժանացավ «Ոսկե խցիկ» գլխավոր մրցանակի։ Իսկ ֆրանսիացի կատակերգակ Պիեռ Ռիշարի մասնակցությամբ նկարահանված «Սիրահարված խոհարարի 1001 բաղադրատոմսը» ֆիլմն անցավ «Օսկարի» ընտրական ցանցով եւ բազմաթիվ այլ միջազգային մրցանակներ ստացավ։ Ուշագրավ է, որ այդ կատակերգությունը նկարահանվել է 1990-ականների մութ ու ցուրտ տարիներին, երբ Թբիլիսիում ռազմական իրավիճակ էր, Ն.Ջորջաձեի խոսքերով՝ ոչ լույս, ոչ էլ լուսավոր հույս կար։ Հետո նա նկարահանեց «27 գողացված համբույր» ֆիլմը, որը նույնպես հաջողությամբ ցուցադրվեց տարբեր երկրներում։ Արդի բարդ քաղաքական իրավիճակը բացասական ազդեցություն է թողել Նանա Ջորջաձեի եւ նրա ամուսնու՝ ռեժիսոր Իրակլի Կվիրիկիձեի ճակատագրի վրա։ Նրանք դադարել են աշխատել Ռուսաստանում, թեեւ տարիներ առաջ դասավանդել են Մոսկվայի ՎԳԻԿ-ում, ռուսական սերիալներ են նկարահանել ու կինոսցենարներ են գրել։

Այս տարվա ամռանը Ն.Ջորջաձեն Երեւան էր եկել որպես «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի անդամ։ Եվ զրույցը նրա հետ, այս կամ այն կետում անպայման հատվում էր քաղաքականության, պատերազմի ու արվեստ ստեղծող մարդկանց մոլորված լինելու փաստի հետ։

– Խորհրդային փլուզումից հետո ազգային կինոարտադրող ստուդիաները կորցրեցին շուկան ու ցուցադրումների կայուն պլանը։ Իսկ ի՞նչ ձեռք բերեցին դրա փոխարեն։

– Բոլոր կինոգործիչներն էլ շատ բան կորցրեցին։ Կայսրությունը փլուզվեց, ու առաջ եկան տնտեսական խնդիրները։ Հիմա աշխարհում այնքան էլ ընկալելի չեն տիտրերով ֆիլմերը, միշտ էլ հարկ է լինում դուբլյաժ անել, որպեսզի հնարավոր լինի միջազգային շուկա դուրս գալ։ Իսկ դա շատ բարդ ու թանկ գործ է։ Իսկ ձեռքբերումների մասին դեռ վաղ է խոսել, մեր ժամանակները հիմա չափազանց անկանխատեսելի են։ Ոչ ոք չի կարող ասել, թե վաղն ինչ է լինելու։ Ցավոք, վերջին տարիների այս «անժամանակ» ժամանակի մեջ կինոռեժիսորների մի ամբողջ սերունդ կորավ։ Եվ շատ կապեր ու գիտելիքներ անհետացան։

– Համատեղ ֆիլմարտադրությունը թույլ տալիս է ֆիլմերին ցուցադրումների քանակը մեծացնել։ Մեզ մոտ եվրոպական ֆոնդերի աջակցությամբ նկարահանված ընդամենը 2 ֆիլմ է ստեղծվել։ Իսկ Վրաստանո՞ւմ։

– Վրաստանում էլ համատեղ ֆիլմերը դեռ շատ չեն։ Առանց կոպրոդուկցիայի հիմա չես կարող ֆիլմ ստեղծել, քանի որ պետությունը բավարար գումար չի տրամադրում։ Կինոն թանկ հաճույք է, որը խոշոր գումարների կարիք ունի։ Իսկ կոպրոդուկցիան առաջին հերթին լայն դիստրիբյուցիա է նշանակում։ Եվ այն երկրները, որոնք պրոդյուսերներ են հանդիսանում եւ գումար են ներդնում, ապահովում են նաեւ ցուցադրումները։ Մեր երկրներում չկա դիստրիբյուտորական ցանց, եւ մենք դեռ չենք սովորել մեր սեփական ֆիլմերը նորմալ վաճառել համաշխարհային շուկայում։ Դրա համար հատուկ դպրոցներ պետք է ստեղծվեն, քանի որ դա լուրջ մասնագիտություն է։

– Ձեր նոր ֆիլմը, որը ռուսական շուկա է դուրս գալու «Մետեո-ապուշ» անվանումով, ինչի՞ մասին է։

– Իմ բոլոր ֆիլմերը սիրո մասին են։ Ինչպես միշտ, իմ ֆիլմում բազմաթիվ տարօրինակ պերսոնաժներ կլինեն։ Շատ բարդ է պատմել ֆիլմի սյուժեն, քանի որ դա անիմաստ է։ Ֆիլմերը պատմել չի ստացվի, կարեւորը նրանցից ստացված տպավորությունն է։ Նկարահանման հրապարակում ես միշտ իմպրովիզացիա եմ անում, եւ նույնիսկ դերասաններին ամբողջական սցենարը չեմ տալիս, նախընտրում եմ, որ իրենք մտածեն, որ կինոն դա նույն կյանքն է, որտեղ ոչ ոք չգիտե, թե հաջորդ վայրկյանին իրեն ինչ է սպասում։ Ամենադրամատիկ պատմությունն անգամ ես հումորով եմ ներկայացնում, քանի որ կարծում եմ, որ հումորը միակ բանն է, որը կարող է մեզ փրկել ու ողբերգությունը վերապրելու ուժ եւ շանս տալ։

– Հայաստանում կինոյի մեջ ներդրում անող մասնավոր անձինք չկան։ Իսկ ինչպե՞ս է Վրաստանում։

– Փառք Աստծո, հիմա մեզ մոտ դրական շարժեր են նկատվում, արդեն սկսել են մասնավոր ներդրողներ հայտնվել, որոնք միաժամանակ ֆիլմերի պրոդյուսերներ են հանդիսանում։ Եվ քանի դեռ մեր օրերում շարունակվում է բարդ քաղաքական իրավիճակ տիրել, եւ մեր պատմական տարածքները մնում են զավթած, կինոն կարծես դեռ չի կարողանում մեծ թափ հավաքել։ Կարծում եմ՝ դուք էլ եք լավ հասկանում, թե ինչ է նշանակում փոքր երկրում մեծ թվով փախստականներ ու նրանց տեղավորելու խնդիր ունենալ։ Հիմա կարծես բոլոր վրացիների ուժն ու միտքը փոքր-ինչ հեռու է կինոյից։ Բայց դե հույս ունենք, որ ամեն բան կկարգավորվի, եւ մեր հարեւանները ուշքի կգան՝ հասկանալով, որ ագրեսիվ պահվածքը առաջին հերթին հենց իրենց երկրներն է քայքայում։

– Արդյո՞ք արդեն հասունացել է իրական կյանքն ու ցավալի խնդիրները կինոյում ցուցադրելու պահը։

– Իհարկե ժամանակ է հարկավոր, որպեսզի իրականությունը ներկայացվի ոչ թե էմոցիոնալ, այլ որպես ներքին տրամաբանություն ունեցող ստեղծագործություն։ Էկրանից թափվող էմոցիաները երբեք ազդեցիկ չեն լինում, պետք է գործի դնել այլ գործոններ եւ այլ զուգահեռներ անցկացնել։ Արվեստի ցանկացած ոլորտում անկեղծ ցուցադրված էմոցիաները՝ սերը, մահը, պատերազմի ցավը, անպայման պետք է ստեղծագործական որակ ունենան, այլապես դրանք հայտնվում են բանալ ու ծեծված համարվելու վտանգի առջեւ։ Իսկ «տափակ» էմոցիաները միայն վնասում են կինոյին։ Կինոյում շատ կարեւոր են երանգները, իսկ հարուստ երանգներ ստանալու համար կատարված աղետները գիտակցել ու իմաստավորել է պետք։ Այս տարի աբխազական աղետի մասին ֆիլմ նկարահանեց երիտասարդ վրացի ռեժիսորը, կարծում եմ, որ դա հաջող փորձ է։ Թեեւ, իհարկե, կինոյից արագ արձագանքում չի կարելի սպասել։

– Գիտեք, Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ հասարակությունը ստեղծագործողից պահանջում է հստակ ասել, թե նա քաղաքական ո՞ր ուժի կողմից է։ Կարծես մենք նրանցից ավելի շատ ոչ թե լավ ֆիլմեր, գրքեր կամ ներկայացումներ ենք սպասում, այլ նրանց քաղաքական դիրքորոշումը հասկանալ ենք ուզում։

– Վրաստանում նման երկատվածություն չկա։ Բայց մեզ մոտ մեկ այլ ծայրահեղություն է նկատվում։ Արվեստի շատ գործիչներ մտան քաղաքական դաշտ, քանի որ իրենց խոսքը չկարողացան արվեստի լեզվով արտահայտել եւ հույս ունեին, որ դա կարող են անել քաղաքական հարթակներից։ Ամեն դեպքում արվեստի ստեղծագործությունը արագ չի ստեղծվում, գրքերը պետք է գրվեն, հետո տպագրվեն, կինոն ընդհանրապես տարիների աշխատանք է պահանջում, իսկ գեղանկարչական գործերը միշտ էլ սահմանափակ քանակի մարդիկ են դիտում։ Շատ վրացի ստեղծագործողներ ուզեցին իրենց խոսքը հենց այսօր, այս պահին հնչեցնել՝ ցանկանալով, որ այն որքան հնարավոր է մեծ թվով մարդ լսի։ Դժբախտաբար քաղաքականության մեջ մտած ստեղծագործողները այլեւս չկարողացան արվեստ վերադառնալ։ Չեմ կարող ասել, որ քաղաքականությունը նրանց շնորհիվ շատ բան ձեռք բերեց, բայց արվեստը հաստատ շատ բան կորցրեց։

– Քաղաքականության մեջ մուտք գործելով շատ հայ ստեղծագործողներ հասարակության կշտամբանքի արժանացան եւ կարծես վարկաբեկեցին իրենց։

– Ոչ ոք չի կարող ասել, թե ո՞րն է ճիշտը։ Մեզանից ոչ մեկն էլ մյուսի դատավորը չի։ Ես ինքս չափազանց էմոցիոնալ մարդ լինելով՝ երբեք ինձ իրավունք չեմ վերապահել՝ մեղադրել ուրիշներին։ Թեեւ, իհարկե, ցանկացած իրավիճակում էլ մարդ պետք է իր սեփական խղճի առջեւ պատասխան տալու պատրաստ լինի։ Եթե նրա խիղճը մաքուր է, թող ցանկացած բան անի։

– Համաձա՞յն եք, որ եթե մեր տարածաշրջանում ապրող մարդիկ փորձեն միայն արվեստի մասին խոսել, դա նրանց չի հաջողվի, եւ անպայման խոսակցությունը քաղաքական երանգներ ձեռք կբերի։

– Մեր ողջ պատմության ընթացքում մենք բարդ իրավիճակներում ենք գտնվել։ Աշխարհագրական, քաղաքական խնդիրները միշտ հետապնդել են մեզ։ Հասկանալի է, որ հարեւաններին չես ընտրում, բայց ի՞նչ կարելի է անել, երբ քո հարեւանը կոնտակտի գնալ չի ուզում։ Հազարամյակների պատմություն ունեցող Վրաստանը միշտ էլ իր հարեւանների հետ խնդիրներ է ունեցել։ Նույնն էլ Հայաստանում է։ Բայց ի՞նչ կարելի է անել։ Միայն շարունակել կողք կողքի ապրել։ Եվ որքան էլ փորձենք քաղաքականությունից հեռու մնալ, դա մեզ չի հաջողվի, որովհետեւ մենք մեր սեփական դիրքորոշումն ունենք, սիրում ու գնահատում ենք մեր հայրենիքն ու այլ հայրենիք ունենալ չենք կարող։ Մենք ենք այս հողերում ապրող աբորիգենները, եւ մեր գեները սոսնձված են ծառերի արմատներին։ Այստեղ են ապրել մեր նախնիները, եւ այստեղ էլ պիտի ապրեն մեր երեխաները։ Ուզենք թե չուզենք, մենք դատապարտված ենք մեր հայրենիքը պաշտպանելուն։

– «Ոսկե ծիրան» փառատոնի ընթացքում, օրինակ, ցուցադրվեց վավերագրական ֆիլմ այն մասին, թե ինչպես են Վրաստանում ոչնչացվում հայկական եկեղեցիները եւ դրանց վրայից ջնջվում հայերեն գրառումները։

– «Մութ» ժամանակներում նույնիսկ ստիպում էին մարդկանց իրենց ազգանունները փոխել, այսպես ասած՝ «վրացականացնել» հայկական ծագումը։ Եղել են դեպքեր, երբ վրացական եկեղեցիներից են ջնջվել վրացերեն տեքստերը, իսկ փոխարենը՝ հայերեն տառեր ավելացվել։ Կարծում եմ՝ մեր ազգերի պատմության մեջ նման դեպքերը բազմաթիվ են։ Ե՛վ հայերը, եւ՛ վրացիները գրեթե նույն ժամանակահատվածում են ընդունել քրիստոնեությունը, եւ զարմանալի չէ, որ յուրատեսակ մրցակցության պես բան է ծագել։ Ողբերգությունը ստիպել է հայերին Վրաստան գալ ու ապաստան փնտրել մեր երկրում։ Եվ կարծում եմ, ամեն դեպքում ավելի լավ է գնահատել ու սիրել հարեւանին, որը հյուրընկալել է քեզ։ Ցանկալի է իհարկե, որ սերը փոխադարձ լինի։ Բայց ինչպես տեսնում ենք, դա ոչ միշտ է տեղի ունենում, եւ մեր տարածաշրջանում պարբերաբար պատերազմներ են բռնկվում։

– Կարելի՞ է ենթադրել, որ կինոֆիլմերն ու փառատոները կարող են իրավիճակը շտկելու ուժ ունենալ։ Դուք մեր խնդիրներին ավելի տեղյակ կլինեք, իսկ մենք էլ ավելի լավ կհասկանանք ձեր խնդիրները։

– Ցանկացած շփում լավ է, քանի որ նոր կոնտակտներ ստեղծելու շանս է տալիս։ Ես միշտ համոզված եմ եղել, որ ստեղծագործող մարդկանց շփումները ամենաթանկ բանն են, որի վրա պետք է հենվեն պետությունները։ Ստեղծագործողները երբեք թշնամիներ լինել չեն կարող (ի տարբերություն պետությունների)։ Արվեստի մարդիկ կարծես մի առանձին միավորում են, կլան են, որոնք գրեթե ամենուրեք իրար հասկանում են եւ քաղաքական շատ քայլեր անընդունելի են համարում։ Քաղաքական գործիչները ատելություն են սերմանում, իսկ արվեստը այդ ատելությունը քանդում է։ Ատելությունն ընդհանրապես մեր մոլորակի վրա դեռ երբեք ոչ մի բան չի կառուցել, կառուցել է միայն արվեստը։

Ձեր փառատոնն, օրինակ, շատ ջերմ, բարյացակամ, նույնիսկ կարելի է ասել՝ ինտիմ եւ ընտանեկան փառատոն է։ Իսկ եթե այն հանկարծ նաեւ հուշի մեր երկու պետությունների կառավարություններին, որ հարկավոր է ավելի մեծ ուշադրություն դարձնել կինեմատոգրաֆին, ապա ուղղակի հիանալի կլինի։ Չէ՞ որ սկզբից օգնել է պետք, որպեսզի հետագայում հպարտանալու առիթներ լինեն։