Ո՞ւմ ջրաղացն է պտտում Վարդան այվազյանը

27/08/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Մեզ հասած տեղեկություններով, մի քանի օլիգարխներ դիմել են ՀՀ նախագահին՝
Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացումը դադարեցնելու խնդրով, քանի որ ջրի
մակարդակի բարձրացումը սպառնում է Սեւանա լճի տարածքում նրանց
կառուցապատումներին: Մեր աղբյուրները հավաստում են, որ «վերահաս այդ
վտանգը» մտահոգել է նախագահին, եւ վերջինս ՀՀ Բնապահպանության
նախարարությանը հանձնարարել է կանխել «վտանգը»:

Այս լուրերին գուցե շատ լուրջ չվերաբերվեինք, եթե հուլիսի 8-ին ՀՀ
բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը նամակ չհղեր Սեւանա լճի
պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ, ակադեմիկոս Ֆադեյ
Սարգսյանին, որում մասնավորապես ասվում է. «Համաձայն «Սեւանա լճի
էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման
միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի՝
սահմանված է, որ 30 տարվա ընթացքում Սեւանա լճի ջրի ծավալը կավելանա շուրջ
8,8 մլրդ խմ, որը հավասարազոր է լճի մակարդակի շուրջ 6,5 մ բարձրացմանը:

Ներկայումս Սեւանա լճի մակարդակի շուրջ 1,6 մետրով բարձրացման հետ կապված
բազմաթիվ բնապահպանական (ծառաթփային կենսաբազմազանության անկում, ազգային
պարկի տարածքագործառնական գոտիների սահմանների փոփոխություն, թռչունների
բնադրավայրերի ոչնչացում) եւ տնտեսական (զգալի տարածքների անտառաշերտի
մաքրում, նոր ճանապարհների կառուցում) խնդիրներ մտահոգության առարկա են
դարձել, որոնք լրացուցիչ գնահատման կարիք ունեն:

Ելնելով վերոհիշյալից, խնդրում եմ Ձեր հանձնարարականը ՀՀ ԳԱԱ համապատասխան
ինստիտուտներին՝ Սեւանա լճի բարձրացման հետ կապված շրջակա միջավայրի վրա
ազդեցության գնահատման գիտական հիմնավորումները ՀՀ Բնապահպանության
նախարարությանը տրամադրելու»:

Հուլիսի 29 ՀՀ ԳԱԱ-ում խնդրի հետ կապված լայնածավալ քննարկում է հրավիրվելու:

Ինչպես հայտնի է, 30-ական թվականներից սկսած Սեւանա լճի մակարդակը նվազել
է 18 մետրով: Սեւանա լճի պահպանության խնդրով ուսումնասիրություններ
կատարվել են խորհրդային ժամանակներից սկսած, ուսումնասիրություններ են
արվել անկախության տարիներին, որոնց արդյունքում լճի մակարդակի վերոհիշյալ
6,5 մ բարձրացումը միանշանակ պարտադիր է համարվել, որից հետո նոր միայն
պետք է ձեռնարկվեին այլ ուսումնասիրություններ՝ պարզելու, թե ջրի
ընդհանուր որակն ինչպես կանդրադառնա կենսաբազմազանության վրա: Այսպիսով,
անհասկանալի է մնում՝ ո՞ւմ ջրաղացին է փորձում ջուր լցնել Բնապահպանության
նախարարությունը՝ Սեւանի խնդրի լրացուցիչ գնահատում պահանջելով:

ԳԱԱ նախագահ Ֆ. Սարգսյանը խնդրում է ՝ նախագահի անունն այս ամենի հետ
չկապել, որովհետեւ «իրեն քաջ հայտնի է նախագահի վերաբերմունքը՝ Սեւանի
խնդրի հետ կապված»: Բնապահպանության նախարարության կողմից պահանջվող նոր
ուսումնասիրություններն էլ, ըստ պրն Սարգսյանի, առանձնապես մեծ միջոցներ
չեն պահանջում, որովհետեւ խնդրի հետ կապված հիմնական
ուսումնասիրությունները խիստ մանրակրկիտ են արված:

«Փաստորեն, մերժելով գոյություն ունեցողը եւ Սեւանա լճի պահպանության հետ
կապված նոր ուսումնասիրություններ ու եզրակացություններ պահանջելն իր
անբարո բնույթով, առաջին հերթին անպարկեշտ վերաբերմունք է մեր օրենքների
եւ Սեւանա լճին ուղղված պետական քաղաքականության նկատմամբ,- գտնում է
«Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը:- Վարդան
Այվազյանի ծիծաղ հարուցող այդ փաստաթուղթը պարզորոշ ուզում է ասել, որ
արդեն առկա գիտական ուսումնասիրությունները ոչ մի արժեք չունեն»:

«Նախ՝ Սեւանա լճի առափնյա մասերում իրականացված այդ կապիտալ
շինարարությունները հակասում են ոչ միայն «Սեւան» ազգային պարկի ռեժիմին,
այլեւ՝ ՀՀ օրենքներին ու Սահմանադրությանը, ոչ ոք այդ մարդկանց թույլ չի
տվել արգելված գոտին կառուցապատել, իսկ եթե արդեն կառուցել են, ապա
կառուցողը պետք է իր իսկ միջոցներով քանդի եւ նախնական տեսքի բերի, դրա
հետ մեկտեղ` պատասխանատվության ենթարկվի` օրենքով սահմանված կարգով:
Սեւանա լճի մակարդակի բարձրացումը իրականացվում է տասնամյակներ շարունակ
կատարված գիտական մանրազնին ուսումնասիրությունների հիման վրա: Պետական
մարմինները՝ հաշվի առնելով լճի էկոլոգիական, տնտեսական, ազգային
խորհրդանիշի եւ այլ արժեքները, կառուցել են Որոտան-Արփա-Սեւան թանկարժեք
ջրատարը: Անգամ նշված ապօրինի շինությունների առկայությունը եւ Վարդան
Այվազյանի վերոհիշյալ ուղերձը Ֆադեյ Սարգսյանին արդեն իսկ ցույց են տալիս,
որ ՀՀ Բնապահպանության նախարարությունը ոչ թե զբաղվում է բնապահպանական
խնդիրներով, այլ հակառակը` ուղիներ է որոնում «հիմնավորելու»
ապօրինի-հակաիրավական գործողությունները: Իսկ դրանք շատ են: Փաստորեն, ՀՀ
Բնապահպանության նախարարությունը դարձել է անօգուտ ու վտանգավոր մի
կառույց»,- ասում է Հ. Սանասարյանը՝ ընդհանրապես անհիմն ու անօրինական
համարելով Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման դեմ ուղղված ցանկացած քայլ:

Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված այս նոր աղմուկը, «Կանաչների
միության» նախագահի կարծիքով, ընդամենն արդյունք է այն բանի, որ որոշ
օլիգարխներ դեռ ցանկություն ունեն շարունակել իրենց «ապազգային
գործունեությունը «Սեւան» ազգային պարկի տարածքում՝ այդ ամենը հորջորջելով
«տնտեսական զարգացումներ» անվամբ, իհարկե, պետք չէ անտեսել Սեւան-Հրազդան
կասկադի տիրոջ` հավելյալ էլեկտրաէներգիա արտադրելու ախորժակը»: