Դեռ չեն մոռացել

19/08/2009

Թուրքական գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները սկսել են լայնորեն անդրադառնալ Ադրբեջանի անվտանգության ուժերի` «Եվրատեսիլին» առնչվող վերջին խայտառակությանը: Վկայակոչելով BBC-ին` թուրքական աղբյուրները տեղեկացնում են, թե ինչպես են Ադրբեջանում հարցաքննության ենթարկվում բոլոր այն ադրբեջանցիները, ովքեր մայիս ամսին, «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթի ժամանակ քվեարկել են Հայաստանը ներկայացնող Արշակյան քույրերին: Պաշտոնական տվյալներով` նրանց թիվը 43 է: «Հայաստանի երգչուհիներին ձայն տված ադրբեջանցիներին Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունում մեղադրում են «հայրենասիրություն չդրսեւորելու եւ երկրի անվտանգությանը սպառնալու» համար»,- գրում է «Cumhuriyet»-ը: Թուրքական աղբյուրների հաղորդմամբ` Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ իրենց նպատակն է եղել ընդամենը պարզել, թե ինչու են քվեարկել Հայաստանի օգտին: Այդուհանդերձ, «Huriryet»-ի դիտարկմամբ` որոշ փորձագետներ Ադրբեջանի անվտանգության ուժերի հիշյալ արարքը համարել են լարվածությունն ավելի սրող աննպատակահարմար քայլ: «Cumhurriyet»-ն էլ զարմանք է հայտնում, թե ինչու են ազերիների օրինապահներն ամիսներ անց սկսում հետաքրքրվել ու պատասխանատվության կանչել Արշակյան քույրերի օգտին քվեարկած Ադրբեջանի քաղաքացիներին: Այս փաստը մեծ ուշադրության է արժանացել նաեւ Եվրոպայում: Եվրախորհրդարանում Գերմանիայի ներկայացուցիչ, Գերմանիայի խորհրդարանում արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքը BBC ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ ԵՄ-ին առաջարկելու է կարծիք հայտնել այդ հարցի կապակցությամբ: «Մարդիկ սովորաբար ավելի քաղաքավարի են, քան իրենց իշխանությունները: Այն, որ ադրբեջանցիները քվեարկել են հայկական երգի օգտին, ցույց է տալիս, որ եթե ազգերին հնարավորություն տան, ապա նրանք շատ լավ ընդհանուր լեզու կգտնեն միմյանց հետ: Իմ կարծիքով, եթե կառավարությունն իսկապես այդպես է վարվում, ապա Եվրամիությունը պետք է բողոք ներկայացնի դրա վերաբերյալ: Եվրամիության կամ Եվրահանձնաժողովի նախագահը պետք է իր մոտ հրավիրի Ադրբեջանի դեսպանին եւ բացատրի, որ նման գործողություններն անթույլատրելի են: Նման դեպքերում ԵՄ-ն պետք է վերանայի Ադրբեջանի հետ իր հարաբերությունները եւ ծրագրերը: Երրորդ, նման երեւույթների հետեւանքով հարց է առաջանում, թե ինչ ճանապարհով է ընթանում համաեվրոպական երգի մրցույթը, քանի որ իշխանությունները սկսել են այն օգտագործել որպես քաղաքական ճնշումների մեթոդ»,- նշել է նա` հավելելով, որ` եթե նման խախտումները տեղի ունենային ոչ քաղաքական դրդապատճառներով, ապա հնարավոր կլիներ նաեւ ուշադրություն չդարձնել դրանց վրա, սակայն Ադրբեջանում հանդիսատեսի վրա գործադրվող նման ճնշումների հիմքում քաղաքական խնդիրներ են ընկած: «Իհարկե, նման դեպքերը խաղաղության հասնելու վստահություն չեն ներշնչում: Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը «Եվրոպայի արեւելյան հարեւանության» ծրագրի անդամ են: Այդ համագործակցության ընդլայնումը շատ կարեւոր է, սակայն հարկավոր է, որպեսզի նման դեպքերն այլեւս չկրկնվեն»,- եզրափակել է Հանձնաժողովի նախագահը: