Սուքիասյանը չի ներկայանալու

30/07/2009

Երեկ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի փաստաբաններ Արթուր Գրիգորյանը եւ Արա Զաքարյանը տարածել են ընդհատակում գտնվող իրենց պաշտպանյալի հայտարարությունը, որում մասնավորապես ասված է. «Ես իշխանություններին ներկայանալու հետ կապված խնդիր չունեմ, քանի որ որեւէ հանցագործություն չեմ կատարել եւ, բացի այդ` զրկված չեմ իմ պատգամավորական անձեռնմխելիությունից: Չեմ կարծում, որ ՀՀ-ում կգտնվի որեւէ անձ, որն ապացուցի իմ կողմից հանցագործություն կատարելու որեւէ փաստ: Ես սիրում եմ իմ Հայրենիքը եւ զրկանքներ եմ կրում մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանն աջակցելու` իմ, որպես պատգամավորի, պարտքը բարեխղճորեն կատարելու համար»: Երեկ Խ. Սուքիասյանի պաշտպանները հավելել են, որ միջազգային կառույցների, մասնավորապես` ԵԽ ԽՎ կողմից ձեռնարկված գործընթացը դեռ իր տրամաբանական ավարտին չի հասցվել եւ իշխանությունների կողմից համաներման ակտի ընդունումը, ինքնին, «չի նշանակում եւ չի կարող մեկնաբանվել իբրեւ այն պարտավորությունների ամբողջական կատարում, որոնք նրանք ունեն պրն Սուքիասյանի եւ նրա գործընկերների նկատմամբ»: «Ուշ թե շուտ իշխանությունների առջեւ դրվելու է նաեւ ակնհայտ անմեղ անձանց նկատմամբ քաղաքական հետապնդումներն իսպառ դադարեցնելու անհրաժեշտության հարցը»,- հայտարարել են փաստաբանները` ավելացնելով, որ Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում մինչեւ 2009թ. հուլիսի 31-ը ներկայանալ իշխանություններին, քանի որ ավելի քան համոզված է իր անմեղության մեջ եւ կասկած չունի, որ արդարությունը, ի վերջո, հաղթանակելու է: