Մի բարձիկի ծերանաք

30/07/2009

«ՀՀ 2009թ. պետբյուջեի ծախսային մասը, ամենայն հավանականությամբ, կկատարվի ոչ ամբողջությամբ»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: «Մենք չենք կատարելու 945 մլրդ-ը ամբողջությամբ: Այնտեղ որոշակի ճշգրտումներ են կատարվել: Կառավարության որոշումով որոշակի մասը թողնվել է 4-րդ եռամսյակի համար, հետաձգվել է, եւ, ամենայն հավանականությամբ, դա երեւի չկատարվի: Գումարած դրան, որոշակի ծախսեր էլ ավելացել են: Բայց ընդհանուր առմամբ, մոտ 910-911 մլրդ-ի չափով ծախս է կատարվելու»,- ասել է նա` նշելով, թե կառավարությունը չի բացառում արտաքին պարտքն ավելացնելը: «Մենք դեռեւս ունենք որոշակի բարձիկի տեղ, որ լրացուցիչ եւս, եթե նմանատիպ իրավիճակ լինի, այնպես, ինչպես աշխատեցինք 2009թ. համար` արագ նոր միջոցներ ներգրավեցինք, բնականաբար, նույն հաջողությամբ մենք կարող ենք օգտագործել այդ բարձիկի մասը եւ ներգրավել»: Կառավարությունը որոշել է նաեւ բյուջեի ծախսային մասը կրճատելու փոխարեն ավելացնել բյուջեի պակասորդը: Ըստ Արամյանի, տնտեսության զարգացման վատագույն սցենարի դեպքում, պակասորդը կարող է անգամ գերազանցել ԱԺ-ի սահմանած 7,5%-ը. «Մենք ներկա դրությամբ քննարկում ենք տնտեսական աճի տարբեր սցենարներ: Բայց եթե ավելի վատատեսական սցենարն ի հայտ գա, հնարավոր է, որ պակասորդը ավելի լինի, քան 7,5%-ը: Եթե այս փոփոխությունները գերազանցեն 10% սահմանաչափը, մենք պարտադրված ենք լինելու, որ դա ներկայացնենք ԱԺ: Բայց ներկա դրությամբ մենք այդ 10% սահմանաչափը չենք հատել»: