Ճնշո՞ւմ, թե՞ գործընթացի ավարտական փուլ

30/07/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դեպքերը բավականին սրընթաց են զարգանում: Միայն վերջին մեկ ամսում բացահայտվեցին Մադրիդյան սկզբունքները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների նախագահները համատեղ հայտարարությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հորդորեցին վերանայել ունեցած տարաձայնությունները:

Միայն վերջին ամսում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպեցին երկու անգամ: Հայտնի դարձավ, որ ԼՂՀ հակամարտությունը կարգավորելու համար առավել շահագրգիռ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մտադիր են փոխել Մինսկի խմբում իրենց համանախագահներին: Հրապարակվեց նաեւ, որ Մինսկի խմբի համանախագահները պատրաստում են Մադրիդյան սկզբունքների նոր` արդեն «Կրակովյան տարբերակը», որը աշնանը ներկայացնելու են Ս.Սարգսյանին ու Ի.Ալիեւին: Արդյո՞ք դեպքերի նման զարգացումը չի վկայում ԼՂՀ խնդրի կարգավորման մի փուլի ավարտի եւ նոր փուլ սկսվելու մասին: Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այն պնդումները, որ մոսկովյան հանդիպման ժամանակ կարեւոր առաջխաղացում չի եղել կամ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել: Իսկ միգուցե արդեն բանավոր համաձայնությո՞ւն է ձեռք բերվել որեւէ փաստաթուղթ ստորագրելու համար: Փորձագետներն ու քաղաքական գործիչներն առայժմ կարող են միայն ենթադրություններ անել եւ առավել որոշակի պատասխանել գոնե այն հարցին, թե ՌԴ-ն ու ԱՄՆ-ը ինչո՞ւ են ցանկանում փոխել իրենց փորձառու համանախագահներին:

ՀՅԴ Հայ դատի երեւանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ թեեւ համանախագահների փոփոխության հարցը մարդկային տեսանկյունից հասկանալի է (մարդը հո չի՞ կարող առհավետ նույն պաշտոնին մնալ), բայց նաեւ մտավախություն ունի, որ այդ փոփոխությամբ համանախագահող երկրներն ինչ-որ տեղ ցանկանում են ճնշել հակամարտող կողմերին: «Ով որ էլ գա, ժամանակ պիտի ուզի, որ ընթացքի մեջ մտնի, դերակատարներին ծանոթանա: Այսինքն՝ ճնշում են, որ սա առիթ է, հնարավորություն է մինչեւ այս մարդկանց փոխվելը կողմերը գան ինչ-որ համաձայնության: Իսկ ճնշումը վերաբերում է, այսպես կոչված, հիմնական սկզբունքներին: Եվ կարծում եմ, որ մինչեւ այդ հիմնական սկզբունքների մասին կողմերն իրենց վերջնական տեսակետը չասեն, համանախագահողների մեջ ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունենա: Եվ հիմա բարձրաձայնելն ինչ-որ տեղ ճնշում է կողմերի վրա»,- ասում է Կիրո Մանոյանը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն էլ այն կարծիքին է, թե ԼՂՀ հակամարտության կարգավորումը թեւակոխում է նոր փուլ: «Միայն այն փաստը, որ ամերիկյան կողմը եւ ԵԱՀԿ-ն հրապարակեցին փաստաթուղթը (Մադրիդյան սկզբունքները.- Ա.Ա.), նշանակում է, որ 2004-ին սկսված պրահյան գործընթացը մտնում է իր եզրափակիչ փուլը: Այսինքն` այլեւս հասարակական քննարկումների փուլն է, եւ նախագահները վերջնականապես պետք է պատասխան ասեն: Անկախ այն հանգամանքից, թե ինչ ավարտ կունենա` կստորագրվի՞ շրջանակային համաձայնագիր, թե՞ ոչ, պետք է սկսվի հաջորդ փուլը, որի անունը կտեսնենք, թե ինչ կդնեն: Եվ այդ պարագայում կարիք կա նոր դերակատարների, որոնք նոր մոտեցումներ կբերեն, նոր ստրատեգիաներով հանդես կգան: Եվ չմոռանանք, որ համանախագահները 2006-ին երբ հայտարարեցին, թե իրենց երեւակայությունն այլեւս սպառվել է, եւ այլեւս ոչինչ նոր բան չեն կարող առաջարկել, այժմ հերթը նախագահներինն է: Այսինքն՝ հիմա մենք գործ ենք ունենալու նոր դերակատարներով սկսվող նոր փուլի հետ»,- համոզված է պատգամավորը: Իսկ թե ինչ տեղի կունենա նոր փուլում, կամ ինչ լուծումներ կպարունակեն նորացված Մադրիդյան կամ Կրակովյան առաջարկները, դրանք արմատակա՞ն, թե՞ կոսմետիկ փոփոխության են ենթարկվել, առայժմ պարզ չէ: Պարզապես հիշեցնենք Մ.Բրայզայի անցած շաբաթվա հայտարարությունը, որի հիմքում ընկած է բացահայտված Մադրիդյան սկզբունքների առաջին կետը` ԼՂՀ հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը: «Ինչպես հուլիսի սկզբին տված իր հարցազրույցում հայտարարել է Ի.Ալիեւը, խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո 5 տարածքները` Ֆիզուլին, Աղդամը, Ջաբրայիլը, Զանգելանը եւ Կուբաթլուն, Ադրբեջանին կվերադարձվեն անմիջապես, Լաչինը եւ Քելբաջարը` 5 տարի հետո: Այսինքն նա ասում է` անմիջապես կլինի տարածքների վերադարձ, բայց մի քանիսը ավելի ուշ կվերադարձվեն: Միաժամանակ Ադրբեջանը նույնպես քայլեր կձեռնարկի: Սա, մասնավորապես, ներառում է Ալիեւի մեկնաբանությունները ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն կապող միջանցքի մասին, ինչպես նաեւ` նրա պատկերացումները կամ առաջարկները կարգավիճակի վերաբերյալ: Եռանախագահները նույնպես խոսում են միջանկյալ կարգավիճակի մասին: Այս ամենը պետք է կատարվի միաժամանակ, չնայած` ընդհանուր գործընթացի որոշակի տարրեր կիրագործվեն փուլային տարբերակով,- ասել էր Բրայզան ու ավելացրել,- եթե ուզում են հարցը կարգավորել, կողմերը պետք է դիմեն ռիսկի»: