Ո՛չ երկրի նախագահի հրահանգը համապատասխան կառույցներին` աչալուրջ լինել եւ հայտնաբերել կոռուպցիայի դեպքերը, ո՛չ հայտնաբերվելու եւ օրենքի ողջ խստությամբ պատժվելու վախը ՀՀ պետական չինովնիկներին, դասախոսներին, բժիշկներին, ուսուցիչներին եւ բոլոր նրանց, ում գործունեությունը թույլ է տալիս կաշառք պահանջել, ետ չի պահում այդ գայթակղությունից: Կոռուպցիայի դեմ պայքարելու նախագահի, վարչապետի, Գլխավոր դատախազի ցանկությունը լուրջ չի ընդունվում: Ընդ որում, լրիվ հիմնավորված:
Կաշառք վերցնելուց խուսափելու համար խոչընդոտ չէ նաեւ հրապարակային պարսավանքը եւ անարգանքի սյունին, մեր ժամանակներում` պատին, հայտնվելը: Բոլորս ենք հիշում տակավին վերջերս երիտասարդական «Միասին» շարժման ակտիվիստների նախաձեռնությունը` մայրաքաղաքի բանուկ մասերում փակցնել կաշառակեր դասախոսների լուսանկարները: Դրանից բուհերում կաշառակերությունը չնվազեց: Ավելի՛ն, պարզվեց, որ նախաձեռնության հեղինակ երիտասարդներն էլ անբասիր կենսագրության տեր չեն եւ պարզապես պատվեր են կատարում: Մամուլով կամ հեռուստատեսությամբ ներկայացվող կոռուպցիայի բացահայտված դեպքերը, որոնք տրամադրում է ԱԱԾ-ի լրատվական ծառայությունը, եւս տագնապի ազդանշան չեն պոտենցիալ կաշառակերների համար: Իզուր: Ստորին եւ միջին օղակներում, ուր կաշառքի շրջանառվող գումարը հինգ հազար դրամից մինչեւ երկու հարյուր հազար դրամ է, բացահայտվելու եւ արժանի պատժի արժանանալու հավանականությունը անհամեմատ մեծ է: Մեր ԱԱԾ-ի համար բարդ է հայտնաբերելը բարձր պաշտոնի նշանակելու, զինծառայությունից ազատելու, պետական գանձարանը տուրիստական նպատակներին ծառայեցնելու եւ նման այլ դեպքերը, երբ գործը տասնյակ-հազարավոր դոլարների մասին է:
Զինվորական ծառայությունից ազատելու համար պահանջվող տասը հազար դոլար ունենալը գործի սկիզբն է միայն: Անհրաժեշտ են հավատարիմ մարդիկ, ովքեր վայելում են զինվորական բարձրաստիճան որոշ չինովնիկների վստահությունը եւ պատրաստ են այդ գումարը ապահով վերցնել ու փոխանցել ում հարկն է: Այսինքն` կաշառք վերցնելը ռիսկեր պարունակող եւ պատասխանատու գործ է. եթե կաշառք տալը քրեական պատասխանատվություն չի ենթադրում, կաշառք վերցնելու գայթակղությանը տրվելու համար Քրեական օրենսգիրքը բազում հոդվածներ ունի:
Հայաստանի իշխանությունների` կոռուպցիայի դեմ պայքարին առաջնահերթություն տալու որոշումը օրերս հերթական անգամ կոնկրետ գործողության վերածվեց. ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչությունում եւ ոստիկանության Լոռու մարզի քննչական վարչությունում ձեռքները ծալած չեն նստել եւ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզել են, որ ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի «Էլեկտրամատակարարում» ամբիոնի վարիչ Է. Մխիթարյանը, համաձայնության գալով նույն ամբիոնի դասախոսներից մեկի հետ, կուրսային աշխատանքները դրական գնահատելու համար կուրսերից մեկի 8 ուսանողից պահանջել, ապա եւ ստացել է 20.000-ական դրամ: Պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ կաշառքի ընդհանուր գումարը կազմել է 160.000 դրամ: Սակայն սա` նախորդ տարի: Այս տարի նույն ամբիոնի վարիչը համաձայնության է եկել արդեն մեկ այլ դասախոսի` Մ. Յախշիբեկյանի հետ եւ ուսանողներից մեկի կուրսային աշխատանքը «գերազանց» գնահատելու համար պահանջել, ապա եւ ստացել 10 հազար դրամ: Ամբիոնի վարիչը դասախոսների հետ նման բովանդակության համաձայնության գալու բարդություն, համաձայն ԱԱԾ-ի տրամադրած տեղեկատվության, չի ունեցել: Ահավասիկ, Է. Մխիթարյանը համաձայնության է եկել նաեւ երրորդ դասախոսի հետ: Ուսանողին դրական գնահատելու համար այս անգամ պահանջել են 35.000 դրամ: Ընդ որում, նշվում է նաեւ, որ կաշառքը փոխանցելու գործում ամբիոնի վարիչին աջակցել է ուսանողներից մեկը: Թեեւ հաղորդագրության մեջ դեպքի վայր է նշված Վանաձորը, որպես ուսումնական հաստատություն` Ճարտարագիտական համալսարանի Լոռու մասնաճյուղը, սակայն այդ տեքստում կարող էր լինել ցանկացած բուհի անվանում եւ բազում դասախոսների անուններ: Դրանից ինֆորմացիան չէր կորցնի իր հավաստիությունն ու թարմությունը: Նշված ամբիոնի վարիչը կաշառակերության համար գուցեեւ քրեական պատասխանատվություն կրի, եթե ինքը, կաշառք տալով ԱԱԾ քննիչներին կամ դատավորին, չստանա մեղմ պատիժ կամ, առհասարակ, ազատվի պատիժը կրելուց: Սակայն այստեղ պատասխանատվությունից դուրս է մնում մի շատ կարեւոր օղակ` գիտելիք չստանալու համար կաշառք տալու պատրաստ ուսանողը: Իր տգիտության համար ուսումնառության շրջանում թանկ վճարած ուսանողը կաշառքով ընդունվում է աշխատանքի` վաճառքի առարկա դարձնելով արդեն իր մասնագիտական անկարողությունը: Իսկ դա արդեն թանկ է նստում ողջ հասարակության վրա:
Մեր երկրում հատկապե՛ս մասնագիտություն ընտրում են՝ հաշվի առնելով նրա եկամտաբերությունը: Այսինքն` դիցուք, իրավաբանական ֆակուլտետն ընտրող ուսանողը, որպես կանոն, այդ բաժին է դիմում` վստահ, որ վաղը-մյուս օրը ստիպված չի լինելու ապրել միայն չոր աշխատավարձով: Որ 10, 20 կամ 35 հազար դրամ կաշառք վերցնող դասախոսի պատիժը մեղմացնելու կամ քրեական գործը կարճելու համար ինքը նրանից վերցնելու է դարձյալ 10, 20 կամ 35 հազար, բայց արդեն ոչ թե դրամ, այլ դոլար:
Նրանք, ովքեր կաշառք են վերցնում, ունեն իրենց հանցանքը մեղմացնող հիմնավորում` պետք է գումարի մեծ մասը բաժին հանի «գլխավորին»: Դասախոսը` ամբիոնի վարիչին, սա` դեկանին, սա` ռեկտորին: Պետպատվերի շրջանակում հիվանդ երեխային բուժող բժիշկը ծնողից փող է ուզում ո՛չ իր համար, այլ բաժնի վարիչի: Եվ քեզանից կաշառք կամ «շնորհակալություն» ակնկալող մասնագետը ներքուստ խղճի խայթ չի զգում, քանի որ այդ աշխատանքի ընդունվելու համար ինքը եւս ստիպված է եղել կաշառք տալ: Պոլիկլինիկայում կամ հիվանդանոցում, առավել եւս` ծննդատանն աշխատանքի տեղավորելու համար պահանջվող կաշառքը մի քանի հազար դոլարի սահմաններում է: Կաշառքի չափը պայմանավորված է աշխատանքի եկամտաբերությամբ: Այսինքն` այն գումարով, որը ենթադրաբար պետք է աշխատեն աշխատավարձից դուրս:
Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի դասախոսի վերցրած կաշառքն իրականում ահավոր մեծ հանցագործություն է` նա կաշառք վերցնելով՝ թույլ է տալիս, որ մի տգետ ճարտարապետ վաղը նախագծի այնպիսի շենք, որը անգամ թույլ երկրաշարժից կարող է փլվել` պատճառ դառնալով բազմաթիվ մարդկանց մահվան: Սակայն դատավճիռն արդար կլինի, եթե դատավորն, այն ընթերցելուց հետո, մեղադրյալի հետ քայլերն ուղղի մեկուսարան: