Հարցազրույց «Գիտության, կրթության եւ առողջապահության զարգացումը Հայաստանում» հիմնադրամի նախագահ, «Ռոսկոմնեդվիժիմոստ» ընկերության գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Հրանտ Պողոսյանի հետ
– Ի՞նչ նպատակով Մոսկվայում ստեղծվեց «Գիտության, կրթության եւ առողջապահության զարգացումը Հայաստանում» հիմնադրամը:
– Դեռ 2003թ. որոշեցի ՀՀ-ում սոցիալապես անապահով ընտանիքների գերազանց սովորող ուսանողներին կրթաթոշակ նշանակել: Սկզբում սահմանեցի Երեւանի պետական համալսարանի, տնտեսագիտական ինստիտուտի (հիմա` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) եւ Ճարտարագիտության համալսարանի 50 ուսանողների համար: Իսկ 2007թ. ես, Ռուսաստանի ֆեդերալ ժողովի անդամ Ալեքսանդր Տեր-Ավանեսովն ու «Տրանսստրոյ» բանկի նախագահ Պյոտր Չիտիպախովյանը ստեղծեցինք այդ հիմնադրամը եւ ընդգրկեցինք Երեւանի բոլոր 13 պետական բուհերը, իսկ 2008-ից նաեւ` Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ): Կրթաթոշակ նշանակեցինք 214 ուսանողների եւ ասպիրանտների: Կրթաթոշակը նշանակվում է բակալավրի 4-րդ կուրսից` մինչեւ մագիստրատուրան ավարտելը` 3 տարի, 100 դոլարի չափով, իսկ ասպիրանտների համար` 200 դոլարի չափով: Եթե գերազանցությունը չի պահպանվում, ապա ռեկտորատն ուրիշին է առաջարկում: Վերջնական ընտրություն կատարում է հիմնադրամը: 40 ուսանողի եւ 51 ասպիրանտի հետ երկկողմանի պայմանագիր ենք կնքել, որի համաձայն՝ նրանք պարտավոր են ավարտելուց հետո ՀՀ-ում մնալ: Մյուս կողմից` պայմաններ ենք ստեղծել այն ասպիրանտների համար, որոնք իրենց ուսումը կշարունակեն ՌԴ-ի բուհերում` հիմնադրամը բացի 200 դոլար թոշակից, կապահովի նաեւ նրանց քաղաքային տրանսպորտի ծախսը, հանրակացարանի վարձը եւ տարին 2 անգամ ինքնաթիռի տոմսը` Երեւան-Մոսկվա, Մոսկվա-Երեւան: Այս բոլորը արվում է` որոշ չափով օգնելու ՀՀ-ում ինտելեկտուալ պոտենցիալի ամրապնդմանը: Փորձը ցույց է տալիս, որ ամբողջ աշխարհի մասշտաբով ինտելեկտուալ պոտենցիալն ավելի շատ ՀՆԱ է ստեղծում, քան տվյալ երկրի բնական հարստությունները: Այդ պատճառով ինտելեկտուալ պոտենցիալը ես համարում եմ «միջուկային զենք», որը կարող է հրաշքներ գործել: Խորհրդային Հայաստանում այդ հրաշքը կար, բայց 90-ականների սկզբին դա ոչնչացվեց: Ցավոք, այսօր ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերում ու տեխնիկումներում շրջանավարտներին հիմնականում դիպլոմ են տալիս, եւ ոչ թե պրոֆեսիոնալ ունակություններ:
– Ի՞նչ պետք է անել խնդիրը լուծելու համար:
– Մանրամասն վերլուծելով ՀՀ Վիճակագրական ծառայության նյութերը, եկա այն եզրակացության, որ այսօր բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտության կրթությամբ կադրերի առաջարկը մոտ 10 անգամ գերազանցում է նրանց նկատմամբ պահանջարկը: Այսինքն` մենք մոտ 10 անգամ ավելի շատ կադր ենք պատրաստում բոլոր պետական եւ ոչ պետական բուհերում եւ տեխնիկումներում, քան պետք է: Ըստ էության, մեր բուհերի մեծ մասն այսօր «հաշմանդամներ» է պատրաստում: Երբ բաժակն է անորակ պատրաստվում, կգնաս ուրիշը կառնես (չնայած` բաժակն էլ չպետք է անորակ լինի, եթե այն պատրաստող ինժեները եւ բանվորը որակյալ են), բայց երբ որ մարդուն են անորակ պատրաստում, հատկապես ուսուցչին եւ բժշկին, ապա դա ազգի նկատմամբ հանցագործություն է, մարդը մինչեւ կյանքի վերջ մնում է անորակ, եւ դրանով ազգը կրում է եւ բարոյական, եւ քաղաքական, եւ տնտեսական մեծ վնասներ: Այսօր ՀՀ բոլոր բուհերի (7 պետական, 4 արտասահմանյան եւ 23 ոչ պետական) ուսանողների թվի մեջ տնտեսագետները կազմում են 17% կամ 19.080 հոգի: 2007-2008թթ. ուստարում ընդունվել են 5025 հոգի կամ ընդհանուրի 19%-ը: Սա ուղղակի զարմանք է առաջացնում: Իմ հաշվարկներով, եթե դրա մոտ 5 տոկոսն էլ պատրաստենք, բավարար է, որովհետեւ մենք ո՛չ խոշոր գործարաններ ունենք (նախկինում դրանց թիվը կազմում էր 713), ո՛չ էլ խոշոր ֆերմերային տնտեսություններ, շինարարական ու տրանսպորտային կազմակերպություններ, որտեղ այդ մասնագետներն իրենց աշխատատեղերը կունենային: Ֆերմերային տնտեսությունում 3-4 հոգի են աշխատում, շինարարական կազմակերպություններում` 10-15 հոգի (բրիգադներ): Նրանց ինժեներ, տնտեսագետ, իրավաբան, ագրոնոմ, անասնաբույժ եւ այլ մասնագետներ պետք չեն: Շրջանավարտների մոտ 5-6 տոկոսն է իր մասնագիտությամբ աշխատում: Նրանց զգալի մասը սրճարաններում ու ռեստորաններում մատուցող են աշխատում, խանութներում եւ կրպակներում` վաճառողներ, որի համար բարձրագույն կրթություն պետք չէ: Շրջանավարտների որոշ մասն էլ գործազուրկ է: Իսկ չնչին մասը, ունենալով բարձր գիտելիքներ, տիրապետելով ռուսերեն եւ անգլերեն լեզուներին, մեկնում են Ռուսաստան կամ ԱՄՆ: Հարցի լուծման 4 ճանապարհ կա: Մի կողմից՝ լիմիտավորման հիման վրա պետք է խիստ կրճատել պետական բուհերում ընդունելությունը` ելնելով տարբեր մասնագիտությունների կադրերի պատրաստման նկատմամբ պահանջարկից: Օրինակ` բժիշկների թիվը որոշվում է մահճակալների թվով: 20 տարում ՀՀ-ում բժշկական հիմնարկները եւ համապատասխանաբար մահճակալների թիվը չի ավելացել, փոխարենը՝ 7 անգամ ավելացել է բժիշկների թողարկումը: Կամ` ուսուցիչների թիվը որոշվում է աշակերտների թվով: Աշակերտների թիվը 80-ականների վերջերին 600 հազար էր, այսօր՝ 400 հազար, հետեւաբար՝ ուսուցիչների թիվն էլ պետք է պակասեր: Սակայն նրանց թիվն այսօր 8 անգամ ավելի է, քան նախկինում: Այսինքն` պետական բուհերում ընդունելությունը ըստ տարբեր մասնագիտությունների պահանջարկի պետք է պետության կողմից խիստ լիմիտավորվի, որը հնարավորություն կտա միջին հաշվով ընդունելությունը կրճատելու մոտ 50%-ով: Դրան զուգահեռ՝ անհրաժեշտ է որոշ բուհեր միավորել: Օրինակ` Ճարտարապետության եւ շինարարության համալսարանը Ճարտարագիտության համալսարանի հետ, եւ այլն: Մյուս ճանապարհը ոչ պետական բուհերի խիստ կրճատումն է կամ վերացումը: Այս հարցը պետք է լուծվի ատեստավորման միջոցով, որի հիմքում պետք է դրվի հետեւյալը` պատրաստվող մասնագետների նկատմամբ երկրի պահանջը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի պրոֆեսիոնալ մակարդակը, պատրաստվող ուսանողների գիտելիքների մակարդակը, ուսումնական լաբորատորիաների, ուսուցման տեխնիկական միջոցների առկայությունը, գիտահետազոտական աշխատանքների մակարդակը, գիտահետազոտական լաբորատորիաների առկայությունը եւ այլ պարամետրեր: Ատեստավորման միջոցով պետք է որոշվի` որտեղ են բարձրորակ կադրեր պատրաստվում` պետականո՞ւմ, թե՞ մասնավորում: Արդյունքում պետք է փակվի կամ մասնավոր բուհը, կամ պետականը: Փաստական տվյալները ապացուցում են, որ այն մասնագիտությունները, որոնց գծով կադրեր են պատրաստվում պետական բուհերում, կան նաեւ մասնավոր բուհերում: Նշված բուհերի միջեւ մրցույթն ուղղված է ոչ թե բարձրորակ մասնագետների պատրաստմանը, այլ հակառակը: Անձրեւից հետո սնկի նման առաջացած բուհերի մասին են վկայում հետեւյալ փաստերը: 1989թ. ՀՀ-ում գործում էր 13 բուհ` 56.000 ուսանողներով: Այսօր գործում է 85 բուհ, որից պետական՝ 15, ոչ պետական` 70: Բոլոր բուհերի ուսանողների թիվը կազմում է 112.244: 2007-2008թթ. ուստարում ընդունելությունը կազմել է 26.157 հոգի, իսկ շրջանավարտների թիվը` 17.863 հոգի: Այսօր հանրապետությունում տնտեսության իրական հատվածի ճյուղերի արտադրանքը կազմում է 1989-ի ոչ ավելի, քան 10%-ը: Պարզ է, թե ինչ թվով կադրեր պետք է պատրաստվեն ՀՀ բուհերում: Կրթության հարցերի լուծման 3-րդ ճանապարհը տեխնիկումների թվի եւ համապատասխանաբար նրանցում սովորողների թվի խիստ կրճատումն է եւ պրոֆտեխնիկական ուսումնարանների վերականգնումը: Այսօր գործում է 106 տեխնիկում՝ 31.000 սովորողներով, որից 5549-ը` տնտեսագետ, 2719-ը` մանկավարժ, 11.636-ը` բժշկական միջին անձնակազմ: Գերակշռող մասը պետք է վերացնել եւ երեք քաղաքներում (Երեւան, Գյումրի, Վանաձոր) պահպանել 10-15 տեխնիկում` կրտսեր բժշկական անձնակազմի, մանկապարտեզների դաստիարակների, գյուղատնտեսության, շինարարության եւ արդյունաբերության պրոֆիլի մասնագետների պատրաստման համար` ըստ իրական պահանջարկի: 90-ականներին մի հարվածով ոչնչացվեցին մոտ 90 պրոֆտեխուսումնարաններ, որոնք բարձրորակ բանվորական կադրեր էին պատրաստում տնտեսության տարբեր ճյուղերի համար: Լավ ինժեները դեռ քիչ է, եթե չկա պրոֆեսիոնալ բանվոր: Այսօր հանրապետությունում մեծ պակաս կա խառատների, փականագործների, բետոնագործների, երեսպատողների, ներկարարների, սվաղողների, կոմունալ բնակարանային տնտեսության համապատասխան բանվորների, եւ այլն: Այդ նպատակով կարճ ժամանակամիջոցում անհրաժեշտ է բացել 30-ից ավելի պրոֆտեխնիկական ուսումնարաններ արդյունաբերության, շինարարության եւ բնակարանային կոմունալ տնտեսության պրոֆիլային բանվորական կադրերի պատրաստման համար: 4-րդ ճանապարհը գիտության զարգացման հարցն է: Բնական ռեսուրսներից համարյա զուրկ Հայաստանի ապագան միայն կապված է ինտելեկտուալ ռեսուրսների օգտագործման հետ: Այն հատկապես վերաբերում է ֆունդամենտալ եւ կիրառական գիտությունների զարգացմանը: Դրա հիմնական կենտրոններն են Ազգային ակադեմիան, Պետհամալսարանը, Ճարտարագիտության եւ Բժշկական համալսարանները եւ որոշ ճյուղային գիտական կենտրոններ: Վերջին 20 տարում գիտնականների թիվը կրճատվել է մոտ 5 անգամ: Հատկապես խիստ կրճատվել է ճշգրիտ գիտությունների բնագավառի գիտնականների թիվը: Այսօր ծանր վիճակում է գիտությունն իր խղճուկ ֆինանսավորմամբ: Տեսական եւ կիրառական բնույթի խոշոր մշակումներ գրեթե չեն իրականացվում: Դա հատկապես վերաբերում է բարձրագույն տեխնոլոգիաների մշակմանը ու ներդրմանը: Նման վիճակը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով`
ա. Անբավարար ֆինանսավորումը: Մեկ գիտական աշխատողի հաշվով միջին ամսական ծախսը կազմում է 257 դոլար (աշխատավարձ, սարքավորում, փորձանյութերի շենքերի շահագործման, կոմունալ, վարչական եւ այլ ծախսեր): Այդ ծախսը Ռուսաստանում բարձր է 10 անգամ, Գերմանիայում` 40 անգամ:
բ. Խիստ ցածր աշխատավարձը: Գիտնականի միջին ամսական աշխատավարձը կազմում է մոտ 140 դոլար: Դա 2-3 անգամ ցածր է մասնավոր ձեռնարկության քարտուղարի կամ հավաքարարի աշխատավարձից: Այս երեւույթը առկա է նաեւ Ռուսաստանում: Աշխատավարձի նման շերտավորումը հանցանք է եւ ցանկացած երկրի տնտեսության կործանման պատճառ: Այս չնչին գումարով մի՞թե պրոֆեսորը կամ ակադեմիկոսը կարող է նորագույն գիտական մշակումներ կատարել: Սոված ուսանողը կարող է սովորել, որ հետո կուշտ լինի, բայց սոված պրոֆեսորը 60 տարեկանում չի կարող աշխատել, որ գիտական արդյունք ստեղծի:
գ. Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գիտական լաբորատորիաների ու փորձանյութերի բացակայությունը:
դ. Ճշգրիտ գիտությունների նկատմամբ բուհերի շրջանավարտների եւ ասպիրանտների անտարբերությունը: Դա ապացուցում է հետեւյալ փաստը: Հանրապետության գիտական կենտրոնների եւ բուհերի ասպիրանտների թվի մեջ ճշգրիտ գիտությունների գծով բոլոր ասպիրանտների թիվը (451) համարյա հավասար է տնտեսագիտության գծով ասպիրանտների թվին (434): Այս թվերից պարզվում է, որ ՀՀ գիտության փրկիչները եւ համախառն ներքին արտադրանքի ստեղծողները տնտեսագիտության գծով գիտնականներն են: Սա նոր գյուտ է եւ աշխարհի շատ երկրներ այս առաջավոր փորձը պետք է ուսումնասիրեն եւ կիրառեն իրենց երկրներում: Իսկ եթե ավելի լուրջ, ապա սրա հեղինակները ազգի դավաճաններ են: Ճշգրիտ գիտությունների գծով բուհերի տաղանդավոր շրջանավարտները տեսնելով, որ երկրի մեծահարուստները հաճախ նույնիսկ բարձրագույն կրթություն չունեն, ուղղակի հիասթափվում են եւ որոշում` լավ է գարեջրի կրպակ ունենալ, քան դոկտորի աստիճան, կամ էլ թողնում-հեռանում են հայրենիքից: Հարցի լուծման միակ ճանապարհը պետության կողմից գիտության կառավարումն է եւ ֆինանսավորումը: Բացատրությունը մեկն է` մասնավոր սեփականության պայմաններում խոշոր ձեռնարկատերերը հազվադեպ են գիտությանը ֆինանսավորում` կապված ետգնման երկար ժամկետի հետ (10-15 տարի), թեեւ գիտության վրա կատարված 1 դոլար ծախսը բերում է 10-15 դոլար եկամուտ: Դրա համար էլ գիտության նախնական ֆինանսավորման միակ աղբյուրը պետք է լինի պետական բյուջեն: Հետագայում գիտական մշակումների վաճառքից ստացված շահույթի մի մասը կդառնա բյուջեի եկամուտների աղբյուրներից մեկը: Կրթության բնագավառում արմատական փոփոխություններ իրականացնելու հարցը վերջերս քննարկել եմ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հետ: Ըստ էության նա ինձ հետ համամիտ է: Բայց թե որքանո՞վ կհաջողվի ջարդել «հաշմանդամներ» պատրաստող մասնավոր բուհերի «մաֆիան», դժվարանում եմ ասել: Կրթության եւ գիտության նախարարությունը ըստ էության միայն զբաղվում է ընդունելության քննություններով, փոխանակ հսկի կրթության որակի բարձրացմանը եւ միայն անհրաժեշտ մասնագետների պատրաստմանը: Կադրերի պատրաստման ուղղությունները արմատապես պետք է փոխվեն: Հիմնական ուշադրությունը պետք է դարձվի ճշգրիտ գիտությունների գծով մասնագետների պատրաստմանը (ֆիզիկոս, մեխանիկ, քիմիկոս, մաթեմատիկ, կենսաբան, տարբեր մասնագիտությունների ինժեներ, ինֆորմատիկայի մասնագետներ եւ այլն), որը հիմք կծառայի ֆունդամենտալ եւ կիրառական գիտությունների պոտենցիալի ստեղծման համար: Այսօր ուշադրության կենտրոնում է միայն տնտեսագետների պատրաստումը` բուհերի ուսանողների 17%-ը, տեխնիկումներում սովորողների 18%-ը եւ ասպիրանտների 31%-ը տնտեսագետներ են: Մնում է մի կարեւոր հարց լուծել` ստեղծել տնտեսագետների պատրաստման նախարարություն: Կրթության մեջ արեւմտյան համակարգի կիսատ-պռատ, կիսագրագետ ձեւով ներդրումը (բակալավրիատ, մագիստրատուրա, կրեդիտային համակարգ, 12-ամյա դպրոցական կրթություն), ԳԱԱ վերացման փորձերը ոչ թե արվում են կրթության եւ գիտության որակը բարձրացնելու, այլ այն ոչնչացնելու նպատակով: ԽՍՀՄ կրթական համակարգը աշխարհում ամենալավագույնն էր: Այսօր ԱՄՆ-ը ուսումնասիրում է ՌԴ-ի կրթական համակարգը` իրենց համալսարաններում ներդնելու նպատակով: Եթե հեծանիվը կա, ի՞նչ կարիք կա նոր հեծանիվ ստեղծել, այն պետք է միայն կատարելագործել: Այսօր կրթության բնագավառում մենք զբաղվում ենք «էշի փալանի» փոխումով, ոչ թե «էշին» փոխելով: Շատ ռեկտորներ գաղափար էլ չունեն` ի՞նչ համակարգ են ներդրել: Արդեն 7-8 տարի է, ինչ անցել ենք այդ բակալավր- մագիստր համակարգին, կրթության որակը բարձրացե՞լ է: Թող մի ռեկտոր գա ու ապացուցի, որ այսօր ավելի որակյալ մասնագետներ են պատրաստում, քան մինչեւ 1990թ.: Կապացուցեմ, որ նա իրավունք չունի ռեկտոր աշխատելու, որովհետեւ զբաղվում է «խոտան» արտադրանքի թողարկմամբ: Ինձ երջանիկ եմ զգում, երբ այսօր Մոսկվայում հանդիպում եմ նշանավոր հայ բժիշկների, գիտնականների, կոնստրուկտորների, ինժեներների, արտադրության հրամանատարների, որոնք ժամանակին ավարտել են Երեւանի պետական համալսարանը, պոլիտեխնիկական կամ բժշկական ինստիտուտները եւ այլ բուհեր:
Դրանց մեջ չկա մեկը, որ այդ բուհերն ավարտած լինի 1990թ. հետո: Ցավը սրանում է:
– Հայաստանի հետ կապված էլ ի՞նչ ծրագրեր ունեք:
– Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր հիմնադրամը 2008թ. օգոստոսին ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ կազմակերպել է «Գաղափարից բիզնես» մրցույթը: Սա ճշգրիտ գիտությունների գծով երիտասարդ գիտնականների համար նախատեսված մրցույթ է: Առաջին մրցանակը` ոսկե մեդալը` 15 հազար դոլար, 2 մրցանակ (երկրորդ տեղ)` 7.5 հազար դոլար, եւ երեք մրցանակ (երրորդ տեղ)` 5 հազար դոլար: Ընդամենը 30 գործ է ներկայացվել: Շատ վատ զգացի, երբ Պետական համալսարանից ընդամենը 4 գործ ներկայացվեց, իսկ Բժշկականից` 8: Սպասում էի, որ ոչ թե 30, այլ 100-150 աշխատանքներ կներկայացվեն: Մրցույթի արդյունքները կամփոփվեն հոկտեմբերին: Այս մրցույթը պարբերաբար լինելու է: Մյուս ուղղությունը` Մատենադարանին օգնելն է: Մեր հիմնադրամը Մոսկվայում ձեռք էր բերել 13-րդ դարի մի շատ հազվագյուտ ձեռագիր եւ նվիրել Մատենադարանին, հետո նաեւ` եւս երկու ձեռագիր (16-րդ եւ 17-րդ դարի): Հանդիպել եմ Մատենադարանի տնօրենի հետ, առաջիկայում նախատեսում ենք եւս 3 ձեռագիր գնել: 2010թ. պետք է նշվի Հայրենական Մեծ պատերազմի 65-ամյակը: Հայ ժողովուրդն այդ պատերազմին շատ մեծ ավանդ է ունեցել: Ակադեմիայի Պատմության ինստիտուտի հետ մենք այդ ավանդի վերաբերյալ 4 գիրք արդեն հրատարակել ենք ռուսերենով, այդ թվում` «Ղարաբաղցիների մասնակցությունը Հայրենական պատերազմին» գիրքը: Առայժմ եւս 10 գիրք ենք նախատեսել հրատարակել: Բոլոր գրքերի հրատարակման ծախսերը ես եմ կատարում: 2004թ. լույս է տեսել պրոֆեսոր Կլիմենտ Հարությունյանի հեղինակությամբ «Հայերի մասնակցությունը Հայրենական պատերազմին» գիրքը, որն այսօրվա պահանջներին չի բավարարում, բոլոր նյութերը չի ընդգրկել, իսկ 65-ամյակի առթիվ դա կարեւոր է: Իմ ֆինանսավորմամբ եւ մասնակցությամբ մինչեւ 2010թ. ապրիլը լույս է տեսնելու 2 հատորով, ռուսերենով, շքեղ կազմով «Հայերի մասնակցությունը Հայրենական պատերազմին» գրքի
2-րդ հրատարակությունը («Հայ գիտնականների եւ կոնստրուկտորների ավանդը տարբեր զենքերի ստեղծման գործում» բաժինը ինքս եմ գրում): Բացի այդ, հիմնադրամի միջոցով Մոսկվայում` Հաղթանակի այգում, պետք է կառուցվի հայկական հուշ-ժամ, որի ներքնահարկում տեղավորվելու է Հայրենական Մեծ պատերազմին հայերի մասնակցության մասին պատմող թանգարան: Պատմության ինստիտուտը նաեւ նախատեսում է հրատարակել հայ ժողովրդի երկհատորյակ պատմությունը ռուսերեն եւ անգլերեն լեզուներով: Ռուսերեն հրատարակչությունը ես պետք է հովանավորեմ:
– Ի՞նչ դրական փոփոխություններ եք նկատել ՀՀ-ում վերջին տարիներին:
– Վերջին 8 տարում բավական լուրջ տեղաշարժեր են կատարվել: Այն, ինչ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ժառանգել են, այդ պայմաններում նման թռիչքը ես համարում եմ հրաշք: Բայցեւ գտնում եմ, որ Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում առաջին հերթին պետք է լինեն կրթական համակարգի արմատական փոփոխությունների, ինչպես նաեւ գիտության զարգացման հարցերը: 70-ականներին ՄԱԿ-ի թույլ զարգացած երկրների հանձնախումբը եկել էր Հայաստան: Այդ հանձնախմբին ես էի ուղեկցում: Մոտ 10 հոգի պտտվում էր մեր խոշոր գործարաններում ու գիտական կենտրոններում: Հետո ինձ ասացին, թե` մենք եկանք այն եզրակացության, որ Հայաստանը ոչ մի ռեսուրս չունի, դուք բոլոր ռեսուրսները ստանում եք դրսից: Բայց, ասացին, որ նայել են գիտական մեր կենտրոնները, եւ մենք ունենք գիտական մեծ պոտենցիալ: «Ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ ոչ թե մեծ գործարաններ ստեղծեք, այդքան մետաղ բերեք այլ երկրներից, որպեսզի տրանսֆորմատոր ու գեներատոր արտադրեք, այլ այստեղ մշակեք այդ տրանսֆորմատորի ու գեներատորի տեխնոլոգիան, վաճառեք աշխարհի մնացած երկրներին»,- ասացին նրանք: Խորհրդային իշխանության օրոք դա անհնար էր իրականացնել, իսկ անկախ Հայաստանում` հնարավոր: Երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանձնարարությամբ ես իմ աշխատողների հետ 1992թ. մշակում էի շուկայական հարաբերություններին անցնելու կոնցեպցիան, առաջարկեցի, որ գիտական պոտենցիալի հիման վրա պետք է զարգացնել արդյունաբերության գիտատար ճյուղերը եւ մշակած նոր տեխնոլոգիաները վաճառել: Դրանից հետո նախագահն իր վարչապետի հետ որոշեց, որ ՀՀ-ն պետք է դառնա ագրարային երկիր, չնայելով, որ ընդամենը երկու դաշտավայր ունենք` Շիրակի ու Արարատյան, եւ սակավ պիտանի հողատարածքներ: Նրանք հայտարարեցին, թե ՀՀ-ում գիտություն չկա, եւ բոլոր գիտնականները պետք է թողնեն-գնան Հայաստանից: Դրանց կոնցեպցիան այ սա էր: Եվ այդ ճանապարհով ոչնչացրեցին եւ՛ գիտությունը, եւ՛ տնտեսությունը: Եթե մեր կրթության եւ գիտության վիճակը արմատապես չփոխվի, ապա կանցնի 10 տարի, եւ չենք ունենա ոչ մի խոշոր գիտնական բնական եւ կիրառական գիտությունների գծով, ՀՀ-ում չեն մշակվի նորագույն տեխնոլոգիաներ, հիվանդանոցները եւ դպրոցները կունենան կիսագրագետ բժիշկներ եւ ուսուցիչներ, եւ «Ինտելեկտուալ» Հայաստանը կհասնի 1920-ականների մակարդակին: