«Սա է իմ կապը»,- ասում է մինուճար «ԱրմենՏելն» ու իր անորակ
ծառայությունը ամենաթանկ գներով վաճառում մեզ, որովհետեւ մեր պետական
այրերն են այդ հնարավորությունը նրան տվել: Երբ փորձում ես ընկերության,
ասենք, բջջային կապի տեղեկատու ծառայությունից ճշտել, թե ինչո՞ւ
զանգահարել չի ստացվում, երբ 5 օր էլ կա, որ լիցքավորման քարտի ժամկետն
ավարտվի, եւ դեռ 1200 դրամի խոսելու րոպեներ ունես, հեռախոսավարուհին
սպառնացող տոնով քեզ կպատասխանի եւ մի անգամ էլ կկրկնի. «Պիտի նոր քարտ
գնեք»:
«Ամեն մի պայմանագիր կնքելուց պարտադիր չէ, որ տնտեսվարող սուբյեկտը
պայմանագիրը կառավարություն ներկայացնի»,- ասում է մեր էներգետիկ
համակարգի առյուծի բաժինը սեփականացրած ռուսական «ՌԱՕ ԵԷՍ» ընկերության
ներկայացուցիչը Հայաստանում՝ իր հերթական էներգետիկ գործարքը գաղտնի
կատարելուց հետո, որովհետեւ նրան էլ այդ իրավունքը «մերոնք» են տվել: Տվել
ու սկսել են Համաշխարհային բանկի հետ պահմտոցի խաղալ, թե՝ մենք բանից
խաբար չենք:
«Մեզ մոտ դոլարի կուրսն ուրիշ է»,- ասում է ավիատոմսեր վաճառող
ընկերության աշխատակցուհին, ու պարզվում է, որ գրեթե բոլոր տոմսարկղերում
տարադրամի կուրսը մոտ 10 դրամով տարբերվում է փոխանակման կետերում եղած
կուրսից:
«Դուզ 2 կիլո է, ըհը, էս մեկն էլ ինձնից թող գնա: Ավել լինի ու պակաս
չըլնի»,- ասում է անորակ հեռախոսակապից, ջրի ու լույսի բարձր գնից դժգոհող
պոմիդոր վաճառողը: Իսկ դու ոչ մի կերպ չես կարող ապացուցել, որ քո գնածը
1,5 կգ է, քարը տրաքի՝ 1,7 կգ: Որովհետեւ թե՛ պոմիդոր վաճառողի, թե՛
հարեւանությամբ դեղձ վաճառողի կշեռքները 1 կգ-ը կշռում են 200-300 գրամ
պակաս: Որովհետեւ գյուղացին թանկ է տալիս, որովհետեւ հարկերը շատ են,
տարին երաշտ է կամ կարկուտ է եկել, որովհետեւ շուկայի տերը հսկայական վարձ
է ուզում, կշեռքի ու պահեստի գինն էլ առանձին-առանձին է ուզում:
Որովհետեւ, ի վերջո, ոչ մեկը նրանից չի պահանջում 1 կգ-ն կշռել ուղիղ մեկ
կգ:
Բոլորովին վերջերս Աբովյան փողոցի 17 հասցեում գտնվող «Աննա» խանութից
երշիկ գնեցի: Եթե վճարում եմ, պիտի նորմալ ապրանք ստանամ. այս պարզ
տրամաբանությամբ խանութից դուրս եկա: Տեղ հասնելուց հետո միայն պարզեցի,
որ երշիկը հոտած է: Որոշեցի այս անգամ ետ վերադարձնել:
«Մեծ աղջիկ ես, չե՞ս ամաչում»,- ասաց խանութի վաճառողուհին, երբ ես զգուշացրի, որ գոնե մնացած մասը չվաճառի:
Հետո վաճառողուհին ասաց, որ ինքը մեղք չունի, երշիկն այդպես հոտած է եղել,
երբ նախորդ օրը ստացել են: Ճշտեցի, որ դա «Բարի Սամարացի» ընկերության
արտադրությունն է, եւ զանգահարեցի գործարան:
«Այդպիսի բան հնարավոր չէ,- վրդովված պատասխանեց ընկերության փոխտնօրենը:
-Դուք համոզվա՞ծ եք, որ դա մեր երշիկն է եղել: Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ
եք անում: Դուք մեր ընկերության պատվի հետ եք խաղում»:
Ստացվեց, որ մեղավորը ես եմ՝ սպառողը:
Հաջորդ օրը զանգահարեց «Բարի Սամարացի» գործարանի առաքիչ Խաչիկը եւ ասաց, թե բացառված է, որ ինքն այդ խանութ փչացած երշիկ տանի:
«Քուր ջան, մենք նորմալ ենք տանում, իրենց սառնարաններում է փչանում,-
ասաց նա:- Սառնարանների տարողությունը մեծացնում են, մատոռի հզորությունը
մնում է փոքր ու չի հասցնում սաղ ապրանքը սառեցնի: Դրա համար էլ փչանում
է»:
Փորձեցի պետական համապատասխան կառույցից՝ Որակի տեսչությունից պարզել, թե
ստուգողական ինչ միջոցառումներ են իրականացնում խանութներում եւ
արտադրություններում, մանավանդ՝ ամռանը, երբ սննդամթերքը շուտ է փչանում:
«Ամառը կապ չունի, մեր տեսուչները պարբերաբար ստուգումներ են անցկացնում,-
պատասխանեց Որակի տեսչության պետի տեղակալ Գեւորգ Գյոզալյանը: -Մենք որակի
պատասխանատու չենք, պատասխանատուն արտադրողն է: Մենք կանխարգելում ենք:
Փչացած ապրանք հայտնաբերելուց հետո տուգանում ենք, արգելում ենք վաճառքը:
Ձեր զանգը կընդունենք որպես ահազանգ եւ կստուգենք»:
Կոմիտասի շուկայի հարակից մի խանութից գնեցի նրբերշիկ ու թթվասեր: Արտաքին
տեսքից ամեն ինչ նորմալ էր, ժամկետը՝ տեղը տեղին, ինքն էլ՝ լավ սառը:
Ապահովության համար մի անգամ էլ վաճառողից ճշտեցի:
«Ի՞նչ եք ասում,- նեղացավ նա: -Մեզ մոտ հին ապրանք չի մնում»:
Եփելուց հետո զգացվեց… որ նրբերշիկը փչացած է։ Ավելորդ է ասել, որ թթվասերն էլ թթված էր։