«Լույս» ու ստվեր

22/07/2009

Տնտեսության վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության` նախօրեին հրապարակված տվյալները պետք է որ սառը ցնցուղ լինեին հասարակության համար: Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ տնտեսության անկումը կազմել է 16,3%: Սակայն հասարակությունը դրան առանձնապես չարձագանքեց, քանի որ մարդիկ իրականում թքած ունեն պաշտոնական տվյալների վրա եւ տնտեսության մասին դատում են սեփական կենսամակարդակով: Փոխարենը երեկ մտքի հերթական «մարգարիտներն» է հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանը` հայտարարելով. «Հայաստանում ներքին ապրանքաշրջանառության ոլորտում այս տարի ստվերը կրճատվել է 16%-ով»: Զարմանալի զուգադիպությամբ` գրեթե այնքան, որքան կազմել է տնտեսական անկումը: Այսինքն` պետք է ենթադրել, որ կամ ստվերային դաշտում գործող բոլոր սուբյեկտներն անցած 6 ամիսներին սնանկացել են (թեեւ դժվար է գտնել իշխանությունների հովանավորությունը վայելող որեւէ սնանկացած գործարարի), կամ էլ Տ. Սարգսյանն այս հայտարարությունն անում է միանգամայն այլ նպատակով: Երկրորդը ավելի հավանական է եւ դժվար չէ ենթադրել` ինչու: «Մոռանալ ճգնաժամին» ռեժիմից հետո կառավարության անդամները` Տ. Սարգսյանի գլխավորությամբ, ճգնաժամի մասին սկսեցին խոսել նույն խանդավառությամբ ու պաթոսով, ինչպես լռում էին դրանից առաջ: Այն պարզ պատճառով, որ ինչ-որ պահից սկսած ճգնաժամը դարձավ շատ շահավետ` այլ պետություններից ու հատկապես միջազգային կազմակերպություններից հսկայածավալ վարկեր ստանալու առումով: Իսկ միջազգային կազմակերպությունները, ինչպես հայտնի է, վարկեր տրամադրում են ոչ այնքան տնտեսության զարգացման համար, որքան` ելնելով տվյալ պահի քաղաքական իրավիճակից: Հիմա պահը հարմար է. մի կողմից՝ ճգնաժամ է, մյուս կողմից` ԼՂՀ հարցի կարգավորման մասին խոսակցություններն են ակտիվացել, եւ կարելի է անվերջ խոսել ճգնաժամի մասին: «Որքան խոսք՝ այնքան փող»: Այնպես որ` Տ. Սարգսյանի հայտարարությունը` ստվերի կրճատման մասին, ուղղված է դոնոր երկրներին ու կազմակերպություններին, որոնք վարկերի կառուցվածքում սիրում են հատկապես «պայքար ստվերային տնտեսության դեմ» տողը: Իսկ այն, որ Տ Սարգսյանը որեւէ կերպ չի մասնավորեցրել, թե հատկապես ինչի եւ որ ոլորտների հաշվին է նվազել ստվերը, նույնպես տեղավորվում է այս սխեմայի մեջ: Իրականում, ինչպես մեր, այնպես էլ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներին քիչ է հետաքրքրում ստվերային տնտեսության կրճատումը: Երկուստեք կարեւորը շահերն են: Առաջին հերթին` ստվերային: