Հայաստանը բանակցում է անպատրաստ

22/07/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Ի՞նչ կարծիքի եք հրապարակված Մադրիդյան սկզբունքների մասին, դրանք նպաստավո՞ր են հայկական կողմի համար:

– Հրապարակված սկզբունքները հասկանալու եւ գնահատելու համար պետք է ճիշտ գնահատել իրավիճակը եւ դրանց հրապարակման պատճառները: Ակնհայտ է, որ Ռուս-վրացական պատերազմից հետո Հարավային Կովկասում սրվել է ազդեցությունների վերաբաժանման պայքարը: ԱՄՆ-ը ստացավ Վրաստանը, որտեղ հիմնավորապես հաստատվեց: Այնտեղից լիովին դուրս է մղվել Ռուսաստանը: Եթե ԱՄՆ-ին հաջողվի իր կողմը գրավի տարածաշրջանի մյուս 2 պետություններից եւս մեկին, կարող է լիարժեք ազդեցություն հաստատել Հարավային Կովկասում: Ճիշտ է, ՌԴ-ն ձեռք է բերել Աբխազիան եւ Օսեթիան, համաշխարհային քաղաքականության մեջ նոր դերակատարության հայտ ներկայացնելու հնարավորություն: Բայց եթե ցանկանում է Հարավային Կովկասում իր ազդեցությունն առնվազն պահպանել, ՀՀ-ի եւ Ադրբեջանի հետ իր հարաբերությունները խորացնելու եւ իրավիճակն ու հաստատված ստատուս-քվոն պահպանելու խնդիր ունի: Ակնհայտ է, որ այս պարագայում ԼՂ խնդիրը դառնում է այն կարեւոր հարթությունը, որտեղ ռուս-ամերիկյան հարաբերությունները սրվելու են: ՌԴ-ին ձեռնտու չէ այս ստատուս-քվոյի խախտումը, որովհետեւ հակառակ պարագայում, անկախ այն հանգամանքից, թե ինչպիսին կլինի լուծումը, ՀՀ-ն կամ Ադրբեջանը արդյունքներից դժգոհ են լինելու, եւ էապես մեծանալու է Վրաստան-2 մի նոր մոդելի առաջացման հավանականությունը: Իսկ այդ դեպքում Արեւմուտքը, ավելի ճիշտ՝ ԱՄՆ-ը կստանա 2 պետություն եւ զգալի ազդեցություն ողջ Հարավային Կովկասում: Այս նույն տրամաբանությամբ ԱՄՆ-ին, իհարկե, ձեռնտու է, որ ստատուս-քվոն խախտվի: Անգամ շատ ավելի կարեւոր է դրա խախտումը, քան` գործընթացը կհասնի՞ իր ավարտին, թե՞ ոչ, Կամ` եթե հասնի ավարտին, ապա ի վերջո ով է շահած դուրս գալու` ՀՀ-ն, թե Ադրբեջանը:

– Կարելի՞ է ենթադրել, որ ԼՂ հարցի լուծումից հետո տարածաշրջանում գերիշխող դիրք է ունենալու ԱՄՆ-ը, քանի որ երկրներից մեկը դժգոհ է մնալու:

– Դա կախված է այն բանից, թե լուծումը երբ կլինի, սակայն արժե վերադառնալ հայտարարությանը: ՌԴ-ն անցած տարի նոյեմբերին Մոսկովյան հռչակագրով փորձեց նախաձեռնությունը խլել: Հետո պետք էր սպասել ԱՄՆ պատասխանը: Քայլը թեեւ ուշացավ, բայց ԱՄՆ-ի համար արժեր այդքան սպասել, որովհետեւ պատասխանը տալու միջավայրն ու ձեւը քաղաքական նշանակությամբ շատ ավելի բարձր էին, քան Մոսկովյան հռչակագրինը: Վերջինիս ստորագրել էին մեկ միջնորդ` ՌԴ-ն եւ հակամարտության 3 կողմերից 2-ը` ՀՀ-ն եւ Ադրբեջանը: Փաստորեն, ո՛չ միջնորդների առումով, ո՛չ հակամարտության մասնակիցների առումով ձեւաչափը ամբողջական չէր: Այս դեպքում ԱՄՆ պատասխանն ավելի ամբողջական էր, որովհետեւ համանախագահող 3 երկրների նախագահներն էին ստորագրել: Բայց այստեղ կա մի հարցադրում` եթե այդ հայտարարությունը ԱՄՆ-ի պատասխանն էր Մոսկովյան հռչակագրին, ապա ինչո՞ւ ՌԴ-ն մասնակցեց դրան: Շատ պարզ պատճառով` համանախագահող երկիրը չի կարող չստորագրել մի հայտարարության տակ, որը կոչ է անում հարցերը կարգավորել եւ խնդիրը շուտափույթ լուծել: Անկախ շահերից, խաղաղության հաստատումը, հակամարտությունների կարգավորումն այնպիսի հարցեր են, որոնց դեմ ոչ ոք չի կարող գոնե հրապարակավ խոսել: Մյուս կարեւոր հարցը հայտարարության բովանդակությունն է, այն հատվածը, որտեղ նշվում է, թե Մադրիդյան սկզբունքները հիմնվում են Հելսինկյան եզրափակիչ ակտի 3` տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի եւ ուժի կիրառման բացառման սկզբունքների վրա: Իշխանությունները վերջերս շատ են հայտարարում, թե սա շատ մեծ ձեռքբերում է, եւ սա առաջին դեպքն է, երբ արձանագրվում է ինքնորոշման իրավունքը: Ասեմ, որ նախ համանախագահները եւ համանախագահող երկրների նախագահները մեզ լավություն չեն արել. ինքնորոշման իրավունքը Հելսինկյան եզրափակիչ ակտում (ԵԱՀԿ հիմնադիր փաստաթղթում) արձանագրված անդամ երկրների գործունեության 10 հավասարարժեք եւ միմյանց նկատմամբ գերակայություն չունեցող սկզբունքներից է: Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ կա ընդունված 2 փաստաթուղթ, որտեղ ինքնորոշման իրավունքը արձանագրված է: Մեկը ԵԽ ԽՎ 2005թ. ընդունած 1416 բանաձեւն է, որտեղ ասվում է, որ ԼՂ-ն կարող է անջատվել Ադրբեջանից ժողովրդավարական ձեւերով եւ այդ տարածքի ժողովրդի աջակցությամբ` այսինքն հանրաքվեով, որին պետք է մասնակցի ԼՂՀ ժողովուրդը: Դրան արձագանքելով՝ ԵԽ Նախարարների կոմիտեն ընդունել է փաստաթուղթ, որտեղ արձանագրել է, որ խնդիրը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության հիման վրա: Դրանից հետո տեւական աշխատանք արվեց, որ համանախագահողներն ընդունեն, որ ինքնորոշման իրավունքը պետք է լինի ԼՂ խնդրի կարգավորման հիմնատարր, եւ դա 2007-ին արձանագրեն Մադրիդյան սկզբունքներում:

– Կարծիք կա, որ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման դեպքում ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքները հակասում են միմյանց:

– Ոչ, դա իշխանությունների երկրորդ մոլորությունն է, որը սկիզբ է առնում 90-ականների սկզբից: Ավելին, անգամ կարծում էին, թե իբր երկրորդը գերակայություն ունի ինքնորոշման իրավունքի նկատմամբ: Հելսինկյան եզրափակիչ ակտում այդ 2 սկզբունքների սահմանումը կա, եւ անհրաժեշտ գիտելիքներով յուրաքանչյուր ոք կարող է հասկանալ, որ տարածքային ամբողջականության սկզբունքը գործում է ԵԱՀԿ անդամ երկրների` ճանաչված պետությունների միջեւ: Ինքնորոշման իրավունքը գործում է ԼՂ-ի եւ Ադրբեջանի միջեւ: Մի առիթով Բեռնար Ֆասյեն հրապարակավ ընդունեց, որ գոյություն ունի հակամարտության 3 կողմ եւ 2 զույգ` ՀՀ եւ Ադրբեջան, որտեղ գործում է տարածքային ամբողջականության սկզբունքը, եւ ԼՂ ու Ադրբեջան, որի դեպքում` ինքնորոշման իրավունքը: Օրինակ, Արծվաշենը գրավյալ տարածք է, այսօր գտնվում է Ադրբեջանի ենթակայության ներքո, բայց ՀՀ-ի տարածք է: Այս դեպքում պետք է գործի տարածքային ամբողջականության սկզբունքը:

– Ինչո՞ւ բանակցություններում մեր իշխանությունները չեն բարձրացնում Արծվաշենի, Շահումյանի եւ մնացած տարածքների հարցը:

– Մեր իշխանությունները տեւական ժամանակ փորձում են էապես նեղացնել հարցերի շրջանակը` կարծելով, թե դրանով նպաստում են լուծմանը: Մինչդեռ` ճիշտ հակառակն է: Լիարժեքորեն երբեք չի ներկայացվել հայ փախստականների խնդիրը, Մարտունու եւ Մարտակերտի այն հատվածների խնդիրը, որոնք գրավյալ տարածքներ են Ադրբեջանի կողմից: Շահումյանի շրջանի խնդիրը, որը նույնպես ԽՍՀՄ օրենսդրության համաձայն մասնակցել է հանրաքվեին եւ մաս է դարձել ԼՂՀ-ի: Երբեք հայկական կողմը բանակցություններում չի օգտագործել Նախիջեւանի խնդիրը՝ որպես Ադրբեջանի կողմից հայ բնակչության իսպառ ոչնչացման ու դուրսմղման նախադեպ: Մինչդեռ անգամ Վլադիմիր Կազիմիրովն էր ասում, թե ով չգիտի Նախիջեւանի մասին, նա չի կարող լիարժեք պատկերացում ունենալ ԼՂ-ի մասին: Ցավոք սրտի, սա հաճախ կարող ենք ասել նաեւ հայ պաշտոնյաների մասին: Թեեւ վերջին տարիներին ակտիվորեն մատնանշվում է, որ կարգավորման հիմքում պետք է լինի ինքնորոշման սկզբունքը, սակայն դա արվում է երկչոտ, քանի որ անգամ այսօր ՀՀ իշխանությունները լիարժեք պատկերացում չունեն միջազգային իրավունքի նորմերի մասին: ՀՀ-ն մոտ 2 տասնամյակ չի կարողանում օգտագործել իր ամենաուժեղ զենքը` միջազգային իրավունքը, որի շրջանակում ԼՂ-ի անկախության խնդիրը անթերի է:

– Այնուամենայնիվ` ի՞նչ կարծիքի եք Մադրիդյան սկզբունքների մասին:

– Լուրջ հակասություններ կան այդ սկզբունքների միջեւ: Առաջին սկզբունքի մեջ նշված է, թե պիտի Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձվի ԼՂ հարակից տարածքները: Շատերին թվում է, թե Լեռնային Ղարաբաղ գրելով` ԼՂԻՄ-ը նկատի ունեն, բայց եթե անգամ այդպես է, ապա առնվազն պետք է նշվեր, որ Մարտակերտի եւ Մարտունու շրջանների գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն ԼՂ-ին: Ակնհայտ է, որ այս կետում խոսքն անորոշ մի ձեւակերպման մասին է: ԼՂ ապագա կարգավիճակի մասին ձեւակերպումը նույնպես անորոշ է: Նշված է, որ դա պիտի լինի կամարտահայտության արդյունքում եւ իրավական առումով պարտադիր: Բայց նշված չէ, թե ում համար պիտի պարտադիր լինի, կամ` ում կամարտահայտությունը պիտի լինի` ԼՂ-ի՞, Ադրբեջանի՞ ժողովրդի: Ո՞ր տարածքի շրջանակներում պետք է լինի այդ կամարտահայտությունը, ի՞նչ հարցադրումներ պիտի ներկայացված լինեն կամարտահայտության համար` անկախությա՞ն, ինքնավարությա՞ն: Այս անորոշությունները տեղ են թողնում ցանկացած սպեկուլյացիայի համար: Ինքնորոշման իրավունքը պատկանում է միայն ու միայն ԼՂ ժողովրդին: Որեւէ մեկը` Ադրբեջան, ՀՀ, ՌԴ, ԱՄՆ, ՄԱԿ, ԵԱՀԿ, այս հարցում որեւէ միջամտության իրավունք չունի: Հակամարտության առանցքը ԼՂ-ի կարգավիճակն է, կարգավորման առանցքն էլ դա պետք է լինի: Մինչդեռ դժվար չէ նկատել, որ սկզբունքները համանախագահները կառուցել են այնպես, որ կարգավիճակի որոշումը դարձել է վերջին հարցը, որի արդյունքում մտցվել է երկու արհեստական սկզբունք ժամանակավոր կարգավիճակի եւ անվտանգության միջազգային երաշխիքների վերաբերյալ: ԼՂ-ն ինքն ապահովել է խաղաղություն` կարողացել է ստիպել, որ 94թ. հաստատվի հրադադար, եւ կարողացել է մյուս կողմին ստիպել, որ դա պահպանվի արդեն 15 տարի: Որեւէ խաղաղարար ուժի կարիք չկա: Խաղաղարարները միշտ օգտագործվում են միջնորդների նպատակներն ապահովելու համար: ԼՂ անվտանգության երաշխիքներն այն գործոններն են, որոնք 1994-ից ի վեր պարտադրել են խաղաղություն` դա անկախությունն է, պաշտպանության բանակը, պաշտպանելի սահմանները, սահմանակցությունը ՀՀ-ին: Հայկական կողմերի համար հրապարակված սկզբունքների տրամաբանությունը, ձեւակերպումներն ու իրականացման հերթականությունը բացարձակապես ընդունելի չեն: Այստեղ մեկ տրամաբանություն կա` ստեղծել անորոշ ձեւակերպումներ, որոնք տարբեր երկրների կողմից կարող են տարբեր մեկնաբանություն ունենալ` որպես ընդունելի մոտեցումներ, իսկ համանախագահներին խուսանավելու հնարավորություն կտան, օրինակ, խախտելու համար ստատուս-քվոն այն չափով, որ գործընթացը դառնա անշրջելի: Բայց այս սկզբունքների հրապարակումը հնարավորություն է տալիս լուծելու շատ կարեւոր խնդիր: Որպես խնդրի կարգավորման հիմնատարր արձանագրվում է ինքնորոշման իրավունքը, սակայն ասպարեզում բացակայում է այն իրացնող կողմը` ԼՂ-ն: Ի դեպ, արձագանքելով հայտարարությանը, ԼՂՀ իշխանությունները հստակորեն նշել են, որ միայն իրենց մասնակցությամբ է հնարավոր հասնել իրական կարգավորման: Փաստորեն, սա կոռեկտ, բայց շատ հստակ հայտարարություն է, որ այլեւս չեն ցանկանում, որ ՀՀ-ն ներկայացնի իրենց շահերը բանակցություններում: Համանախագահող երկրները այս հայտարարության հրապարակումից հետո կամ պետք է հրավիրեն ԼՂ-ին մասնակցելու բանակցություններին, կամ ՄԱԿ-ի փաստաթղթերը, որոնք ավելի բարձր կարգավիճակ ունեն, կամ ասում են, որ հարցադրումները պետք է ներկայացնի ինքնորոշված ժողովուրդը եւ, բնականաբար, բանակցություններն էլ պիտի վարվեն այդ կողմի հետ: Ես չեմ ասում, որ ՀՀ-ն պիտի դուրս գա բանակցություններից, բայց ԼՂՀ-ն պետք է մասնակցի բանակցություններին: Օգտագործելով համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը, ՀՀ իշխանությունները կարող են եւ պետք է անպայման պնդեն դա: ԼՂՀ-ն հակամարտության վաղուց միջազգայնորեն ճանաչված կողմ է, եւ ՀՀ իշխանությունները պիտի վեր կանգնեն հատվածական, անձնական ինչ-ինչ նկրտումներից ու անեն այդ քայլը: Սա է իրավիճակի թելադրանքը, եւ բացառիկ հնարավորություն է:

– Հակամարտության լուծմանն ի՞նչ կտա բանակցություններին ԼՂՀ-ի մասնակցությունը:

– Նախ՝ դա իրենց անօտարելի իրավունքն է եւ ոչ ոք չի կարող նրանց զրկել դրանից ու իրենց փոխարեն որոշել իրենց ճակատագիրը: Ավելին, մասնակցության պարագայում, կարծում եմ, ԼՂՀ իշխանությունները կգնան բանակցություններին միջազգային իրավունքի նորմերին լավատեղյակ: Միգուցե ՀՀ իշխանությունները դրանից հետո որոշեն իրենք էլ ըմբռնել ինքնորոշման իրավունքի բացառիկ նշանակությունը: Դժբախտաբար ՀՀ-ն միշտ այս առումով բանակցություններին մասնակցել է անպատրաստ, անտեղյակ միջազգային իրավունքների նորմերին, որոնք ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի համար կարող են ապահովել անառիկ դիրքեր:

– Ձեր արտահայտած տեսակետների, միջազգային նորմերի բովանդակության եւ օգտակարության մասին իշխանություններին ինչո՞ւ տեղյակ չէիք պահում, ինչո՞ւ չէիք բարձրաձայնում այն ժամանակ, երբ ԱԺ նախագահ էիք:

– Անցած մեկ տարվա ընթացքում մեկ անգամ չէ, որ այդ հարցը տվել են տարբեր հարցադրումների հետ կապված: Հարցը տրվում է իրավիճակին լավ ծանոթ չլինելու կամ միգուցե այն պատճառով, որ չեմ սիրում հաճախ խոսել արածիս մասին, բայց հարցը ստիպում է դա անել: 2005թ., երբ ԵԽ ԽՎ-ում ընդունվում էր

ԼՂ-ի վերաբերյալ բանաձեւը, պատվիրակության ղեկավարը ես էի եւ, ինչպես արդեն նշել եմ, դա այն միակ փաստաթուղթն է, որտեղ նշված է, որ ԼՂ-ն կարող է անջատվել Ադրբեջանից: Թեեւ դա մեծ ջանքեր է պահանջել, սակայն հպարտ եմ, որ դա կարողացել եմ անել: 2006-2008թթ. հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով հեղինակավոր հանդեսներում հրապարակել եմ մի շարք գիտական հոդվածներ, որտեղ բերված է միջազգային իրավունքի շրջանակներում ԼՂ հարցի կարգավորման հնարավորությունը, ինքնորոշման իրավունքի` որպես միջազգային իրավունքում բարձրագույն կարգավիճակ ունեցող նորմի կիրառման անհրաժեշտությունը, անկախությունը որպես կարգավիճակ ընտրելու ԼՂ ժողովրդի բացառիկ իրավունքը ու դրա իրացման անթերիությունը, Կոսովոյի հակամարտության հետ համեմատական վերլուծությունը եւ այլն: Անցած տարի հրապարակել եմ մենագրություն` այդ խնդիրների վերաբերյալ, այս տարի կտպագրվի դրա անգլերեն տարբերակը: Հիշեցնեմ նաեւ անցած տարվա ապրիլի վերջին ԱԺ ընդունած հայտարարության մասին` հակամարտության կարգավորման վերաբերյալ, որտեղ հստակորեն նշված են բոլոր անելիքները, սակայն մինչ այժմ գրեթե ոչինչ չի արված: Կարծում եմ, կարիք չկա հիշեցնելու, թե ով էր ներկայացրել այդ հայտարարության նախագիծը: Թերեւս ավելորդ է հիշեցնել այն ժամանակ տեղի ունեցած բազմաթիվ ելույթներ ու հարցազրույցներ, որոնց ընթացքում եւս խոսել եմ այդ խնդիրների մասին: Բնականաբար, այս ամենի մասին իշխանության մեջ տեղյակ են եղել: Հուսով եմ, որ այն հանգամանքը, որ Մինսկի խմբի համանախագահների կողմից ինքնորոշման իրավունքի ճանաչումը որպես կարգավորման հիմնատարր տեղի ունեցավ այդ տարիներին, նաեւ այդ աշխատանքի արդյունք է:

– Դուք սկզբում ասացիք, թե ՌԴ-ին պետք է Հարավային Կովկասում պահպանել ստատուս-քվոն, հետո ասացիք, թե ՀՀ իշխանությունները բանակցություններին մասնակցում են անպատրաստ: Կարելի՞ է ենթադրել, որ ՀՀ իշխանություններն այս հակամարտության կարգավորման դեպքում ՌԴ-ի շահերից ելնելով են գործում:

– Սկզբունքորեն ոչ մի նշանակություն չունի, թե ինչու է ստեղծվել այս իրավիճակը, ով ում շահերից է գործում, անտեղյակության կամ բոլորովին այլ պատճառով: Շատ ավելի կարեւոր է մի կողմ թողնել նախկինում թույլ տրված բոլոր սխալները եւ այսօրվա հնարավորությունը օգտագործել: Չէ՞ որ այս սկզբունքների հրապարակումից հետո զարմանալի իրավիճակ ստեղծվեց: Թեեւ լղոզված, կիսատ-պռատ, հակասական ձեւակերպումներով փաստաթուղթ է հրապարակվել, բայց այն իսկապես շատ լավ հնարավորություն է գործընթացը շրջելու մեզ համար բարենպաստ ուղղությամբ եւ Լեռնային Ղարաբաղին կրկին դարձնելու բանակցությունների մասնակից: