«Չըլնող հարցի» ու «ալարող իշխանությունների» մասին

22/07/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Որեւիցե մտահոգվելու, կամ ինչ-որ լուրջ խնդիր չկա»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը` խոսելով ԼՂ հարցի բանակցային գործընթացի մասին: «Մտահոգվելու առիթ չունենք, քանի որ Ադրբեջանի ցանկությունները, էն, ինչ որ ցանկանում է, դա անհնար է բավարարել: Դա որեւիցե մի իշխանություն, լինի Հայաստանում թե Արցախում, չի կարող բավարարել: Սրանից բխող, մենք պետք է հանգիստ լինենք, որ այդ ցանկությունները բավարարող անձ չկա Հայաստանում: Դրա համար մտահոգվելու ոչինչ չկա»,- ասաց Ս. Բաբայանը: Լրագրողների դիտարկմանը, թե այնուամենայնիվ Հայաստանում իշխանությունները խոսում են եւ՛ ազատագրված տարածքների վերադարձի, եւ՛ ԼՂ կարգավիճակի հարցը հանրաքվեով լուծելու մասին, Ս. Բաբայանը դարձյալ կրկնեց, թե մտահոգվելու ոչինչ չունենք: «Էն, որ Հայաստանի իշխանությունները 7 շրջանը զիջում են Ադրբեջանին, սա փաստ է: Սա այսօր չի, երեկ չի, կա ու կա: Բայց, հարցը նա է, Ադրբեջանը վերցնում է այդ 7-ը, այդ 7-ով բավարարվում է, թե ոչ: Ոչ: Չի բավարարվում, 12-ն է ուզում, Ղարաբաղն էլ հետը: Սա է պրոբլեմը: Ես էլ դրա համար ասում եմ, որ բավարարող չկա, ցանկության դեպքում էլ չեն կարող»,- ասաց նա: Իսկ եթե հանկարծ Ադրբեջանը մի օր բավարարվի՞ այդ 7-ով: «Այ դա վտանգ է, այ դա վտանգ է, բայց քանի որ վստահ գիտեմ, որ չի բավարարվում, դրա համար ասում եմ՝ մտահոգվելու ոչինչ չունենք»,- հայտարարեց Ս. Բաբայանը` հավելելով, որ փոխզիջման մասին այսօր խոսելն ավելորդ է, քանի որ Ադրբեջանը որեւէ փոխզիջման չի գնում: «Այ, երբ որ Ադրբեջանը կառաջարկի իրա փոխզիջման տարբերակները, նոր կարելի է խոսել»,- հայտարարեց նա: Ինչ վերաբերում է նախօրեին պատերազմի վերսկսման մասին խոսակցություններին, Ս. Բաբայանը ասաց, որ իր տեղեկություններով՝ դրանք զորավարժություններ են կամ էլ «կարող է լինել դիպուկահարների կամ ինչ-որ լարվածություն»: «Համենայնդեպս, չի կարելի նման մեծ աժիոտաժ անել: Ինչքանով ես ունեմ տեղեկություն` 2009թ. մտածելու ոչինչ չունենք»,- վստահեցրեց նա` քիչ անց հայտարարելով, թե պատերազմի վտանգ այնուամենայնիվ մոտ ապագայում ինքը տեսնում է: «Ադրբեջանը փորձում է արտաքին աշխարհի հետ իր հարցերը լուծել ու պատրաստվում է պատերազմի: Ես դա եմ հասկանում: Պատերազմի վտանգ տեսնում եմ, եւ բոլոր հետախուզությունն ա տեսնում, էն, ինչ որ կատարվում է այսօր Ադրբեջանում: Ինչ ա առել, ինչ ա անում, ինչքան զենք ունի, ինչ ա պատրաստում: Ես վստահ, առանց որեւիցե տատանվելու ասում եմ, որ այո, Ադրբեջանը գնում է պատերազմի»,- հայտարարեց Ս. Բաբայանը: Ըստ նրա, Ադրբեջանը պատերազմ չվերսկսելու ոչ մի պարտավորվածություն չունի: «Իսկ մենք պետք է պատրաստ լինենք այս պատերազմին: Ինչքան էլ դա ցավալի լինի, եւ մեր ժողովուրդը վատ ընդունեն, նորից ասեն, թե պարոն Բաբայանը մեզ ցանկանում է նորից տանել պատերազմ: Չէ, պարոն Բաբայանն առաջինն է, որ չի ուզում այդ պատերազմը լինի: Բայց չի կարելի, որ ուղղակի էն, ինչ որ ունենք, մենակ հանուն` որ այդ պատերազմը չլինի, տանք: Մենք պետք է հոգեպես, ներսով, բանակը պետք է պատրաստ լինի պատերազմի»,- նշեց Ս. Բաբայանը: Իսկ արդյո՞ք պատրաստ է մեր բանակը պատերազմի դեպքում հակահարված տալ: Այս հարցին պատասխանելիս Ս. Բաբայանը նախ ասաց, թե հարցը պետք է ուղղել ռազմական գործիչներին, հետո էլ մեկ այլ հարցի պատասխանելիս՝ նշեց, թե պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանը պարտվելու է: «Պատերազմը չեն հաղթում զենքով կամ մարդկային ռեսուրսներով, հաղթում են մտքով, կազմակերպվածությամբ»,- հայտարարեց նա` հավելելով, որ Ադրբեջանի բնակավայրերը ճակատային ներկայիս գծից, հայկական դիրքերից մի քանի հարյուր մետր են հեռու եւ պատերազմի դեպքում Ադրբեջանը 2 միլիոն նոր փախստականներ է ունենալու: «Ու հետո էդ նավթի փողերով ստիպված են լինելու ոչ թե բանակը զինել, այլ փախստականներին կերակրել»,- կարծում է նա: Ըստ նրա՝ այժմ սեղանին դրված առաջարկների նման առաջարկներ չունենալու համար անհրաժեշտ էր ժամանակին բնակեցնել ԼՂ-ն, ինչը չարվեց, քանի որ իշխանությունները ալարեցին: «Հայկական իշխանությունները ալարել են, չեն գնացել այդ ներդրումներին, այդ քաղաքականությանը: Ճիշտ հակառակը, փորձել են աշխարհին ցույց տալ, որ Հայաստանը որեւէ կապ չունի, այդ մարդիկ ինքնահոս են գնում այնտեղ ապրում, եւ այլն, եւ այլն: Բայց մենք իրոք, Խորհրդային Ադրբեջանի 490 հազար հայ քաղաքացիները, այսօր աշխարհով մեկ ցրվել են, մեր ոչ ճիշտ քաղաքականության հետեւանքով»,- ասաց Ս. Բաբայանը: Այդ դեպքում ինչու է ինքը թողել ԼՂ-ն ու եկել Հայաստան: «Որովհետեւ, եթե մնամ, պետք է պայքարեմ, որովհետեւ գտնում եմ, որ սխալ է ընթանում: Պետք է ինձ փորձեն վերագրել, որ ես կարոտախտով եմ տառապում: Հենց դրա համար տեղափոխվել եմ Հայաստան: Սա՝ առաջինը: Եվ ես գիտեմ, որ քաղաքականությունը վարվում է Երեւանում, եւ եթե ինչ-որ ազդեցություն պետք է ունենաս, պետք է ունենաս այստեղ: Իմ տեղափոխման պատճառը դա է»,- բացատրեց Ս. Բաբայանը` քիչ անց, սակայն, հայտարարելով, թե կարեւորը ԼՂ ժողովուրդն է, եւ որ հնարավոր չէ ԼՂ հարցում գալ որեւէ համաձայնության ու այն պարտադրել ԼՂՀ-ին, նույնիսկ այն պարագայում, երբ «ԼՂ իշխանությունն այսօր չի կարող դեմ գնալ ՀՀ իշխանությանը»: «Իշխանությունը դիր մի կողմ, իշխանությունն այդ շենքի մեջ է իշխանություն: Շենքից դուրս իշխանություն չի: Երբ որ այն գյուղացին հասկանում է, որ իր ընտանիքը, կոնկրետ վաղը ասեցին, կորցնելու է իր տունը, Քելբաջար ադրբեջանցիների վերադառնալով, շատ դժվար ա լինելու: Մի գյուղ, որը 70-ից ավելի զոհ ունի: Նույն Հաթերքը, որ մի քանի անգամ այդ նույն Քելբաջարի կողմից մտել են, գրավել: 5 հազարանոց գյուղում մնացել է 1000 մարդ: Եվ ահագին մեծ թվերով զոհեր ունեն: Դուք մի նայեք Երեւանում, Երեւանի շուրջ: Այնտեղ իրոք 100 հազար բնակչությունից 3000 մենակ զոհվել է զինվոր, զենքը ձեռքին զինվոր: Չեմ խոսում ընդհանուր զոհերից: Կոնկրետ զենքը ձեռքին զինվոր: Եվ դժվար է լինելու նրա ծնողին, նրա երեխուն,- նշեց նա` հավելելով,- Չի կարելի այդպես միանշանակ ասել, որ Ղարաբաղի իշխանությունները որոշեցին, Հայաստանի իշխանության հետ եկան համաձայնության, ինչ ասեցին, այս ժողովուրդը կատարելու է: Ես ձեզ վստահեցնում եմ, սուտ է դա, չըլնող հարց է: Ես կոնկրետ, կանգնելու եմ այդ ժողովրդի կողմը, եթե իրենք համաձայն չլինեն: Անտեր չենք թողնելու: Պետք է ժողովրդի հետ քննարկելով խնդիրը լուծել: Ժողովուրդը ընդհանրապես տեղյակ չի՝ ինչ է կատարվում: Մեկուսացրել են ուղղակի այդ ժողովրդին: Իրենց փոխարեն ինչ-որ մարդիկ խոսում են, տեղյակ էլ չեն՝ ինչ են որոշում, ոնց: Նրանք գիտեն մի բան, ասում է՝ ի՞նչ հողեր, խոսում են, որ տալու են, ոչ մի հող էլ չենք տալու»: Ս. Բաբայանի ասելով՝ ոչ մի քաղաքական ուժ Հայաստանում, բացի իրենցից, հստակ չի հայտարարել, որ դեմ է տարածքների վերադարձին: Երբ լրագրողները նրան հիշեցրին Դաշնակցության մասին, նա ասաց, թե Դաշնակցությունը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ է հստակ արտահայտել իր դիրքորոշումը: «ԼՂ հարցում, ես, անկեղծ, չեմ լսել, որ Դաշնակցությունը կտրուկ հարց դնի, որ, ասենք, կոնկրետ տարածքները չի կարելի հետ տալ: Պետք է գնալ փոխզիջումների, նույն ձեւակերպումն է: Հայանպաստ, ինչ է նշանակում: Կարելի է ցանկացած որոշում ձեւակերպել, որ դա հայանպաստ է ու միակն է: Եթե այդ ֆոնի վրա է, սա ուրիշ հարց: Ես կոնկրետ ձեւակերպում չեմ տեսել, կներեք»,- հայտարարեց Ս. Բաբայանը: