Դիմելու են Եվրոդատարան

22/07/2009

«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի շահերի պաշտպանները պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ըստ փաստաբանների, իրենց պաշտպանյալին կալանքի տակ պահելու թե ընդհանուր իրավասության եւ թե վերաքննիչ դատարանի կայացրած որոշումները անօրինական են եւ ներկայացված պատճառաբանությունները` անհիմն: «Այդ որոշմամբ խախտվել են Նիկոլ Փաշինյանի իրավունքները, որոնք նախատեսված են նաեւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի

5-րդ հոդվածով,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Նիկոլ Փաշինյանի փաստաբաններից Արա Զաքարյանը` ավելացնելով,- Պաշտպանական կողմը արդեն իսկ աշխատում է գանգատի վրա` ուղղված Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, եւ մոտակա ժամկետներում այն արդեն կուղարկենք»: Մինչ այդ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող գործի շրջանակներում նշանակվել է երկու փորձաքննություն: «Նշանակվել են դատահոգեբանական եւ լինգվիստական համալիր փորձաքննություն: Ընդ որում` մեկ փորձաքննություն նշանակելու մասին որոշումն ուղղակի ցնցող էր»,- ասել է Զաքարյանը: Պահպանելով նախաքննության գաղտնիությունը՝ փաստաբանը մանրամասներ չի նշել` ներկայացնելով միայն հարցերից մեկը, որ նախաքննության մարմինն ուղղել էր փորձագետներին. «Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կողմից արված որոշակի արտահայտությունները կարող են իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված կոչեր հանդիսանալ»: Արա Զաքարյանի մեկնաբանությամբ, փորձագետներին ուղղված հարցադրումներով նախաքննության մարմինը, ըստ էության, «ուղղորդում է փորձագետներին՝ ցույց տալով, թե ինչպիսի պատասխան է ուզում ստանալ»: «Եվ երկրորդը, որ ուղղակիորեն օրենքի պահանջի խախտում է՝ փորձագետներին խնդրում է տալ որոշակի գործողությունների իրավաբանական գնահատականներ»,- նշել է Փաշինյանի պաշտպանը: Ի դեպ, պաշտպանական կողմը երեկ նախաքննական մարմնի որոշումների կապակցությամբ բողոք-դիմում է ներկայացրել գլխավոր դատախազին: «Նախապես համոզված ենք, որ գլխավոր դատախազը այդ բողոքը չի բավարարի»,- հայտարարել է Արա Զաքարյանը: