Օրինագիծը լրամշակման կարիք ունի

22/07/2009

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ իր վերապահումներով ու առաջարկներով գրավոր դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Ա. Հարությունյանի դիտարկմամբ` խնդրահարույց են դիտվում ոչ միայն օրինագծի տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող առանձին դրույթները, այլեւ առհասարակ կասկածի տակ է դրվում օրինագծով կարգավորվող հարաբերությունների` իրավական ակտով կանոնակարգելու իրավաչափությունը: Սակայն, ըստ նրա` խնդիրը ոչ այնքան վերոնշյալի, որքան նախագծի, թերեւս, կոնցեպտուալ թերացումների մեջ է: Հաշվի առնելով այս օրինագծի կարեւորությունը, ՄԻ պաշտպանի նկատառումները հրապարակում ենք ամբողջությամբ: Եվ այսպես.

«1. Նախագծով լրագրողների իրավական կարգավիճակի սահմանման հանդեպ ցուցաբերված մոտեցման հիմքում է դրվել իրավական կարգավորման թույլտվության մեթոդը: Այսպես, օրինակ, օրինագծի 4.1 հոդվածում լրագրողի իրավունքների թվարկումն ամփոփվում է հետեւյալ ձեւակերպմամբ. «լրագրողն իրավունք ունի իրականացնել օրենքով սահմանված այլ լիազորություններ» (4.1 հոդվածի 17-րդ կետ): Մինչդեռ, լրագրողների իրավունքները սահմանելիս անհրաժեշտ էր նկատի ունենալ, որ իրավական կարգավորման համընդհանուր կամասահմանման մեթոդը (թույլատրելի է այն ամենը, ինչն արգելված չէ օրենքով) սահմանում է քաղաքացու կարգավիճակը, իսկ թույլտվությունը (թույլատրելի է միայն այն, ինչը սահմանվում է օրենքով)` պաշտոնատար անձանց իրավասությունների եւ կարգավիճակի առանձնահատկությունները: Խնդրո առարկայի առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10 հոդվածով երաշխավորվող արտահայտվելու ազատությունը ներառում է նաեւ տեղեկություններ եւ գաղափարներ տարածելու ազատությունը եւ տարածվում է ինչպես անհատների, այնպես էլ լրագրողների վրա: Հետեւաբար, իրավական կարգավորման թույլտվության մեթոդի կիրառման միջոցով լրագրողների իրավական կարգավիճակի սահմանումը անթույլատրելի է: Ուստի օրինագծի հիմքում պետք է դրվեր այն մոտեցումը, որ լրագրողը կարող է իրականացնել օրենսդրությամբ չարգելված ցանկացած գործողություն:

2. Նախագծի 4.2 հոդվածի 4 եւ 5 կետերի դրույթները լրագրողին ըստ էության պարտավորեցնում են հրապարակել բացառապես ստուգված փաստեր: Մինչդեռ, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով նախատեսված են բազմաթիվ բացառություններ այդ ընդհանուր կանոնից: Այսպես, օրինակ, «Թյորգեր Թյորգերսոնն ընդդեմ Իսլանդիայի» գործով Եվրոպական դատարանը, անդրադառնալով հրատարակված հոդվածում տեղ գտած փաստերի ճշմարտացիության խնդրին, նշել է. «Հոդվածում տեղ գտած մի շարք փաստեր հիմնվում են այլ անձանց պատմածների եւ տարածված լուրերի, կարելի է ասել` ոստիկանությանը քննադատող հասարակական կարծիքի վրա… Դիմողը հոդվածում հայտարարել է այն ամենի մասին, ինչ ոստիկանության դաժանության մասին ասել են ուրիշները: Հետեւաբար, հրապարակված փաստերի ապացուցման պահանջ ներկայացնելը` նշանակում է նրան առաջադրել չհիմնավորված եւ անիրագործելի խնդիր»:

Հետեւաբար, նախագծի հիշատակված դրույթների օրենսդրական ամրագրումն ինքնին կխախտի Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10 հոդվածով երաշխավորվող արտահայտվելու ազատությունը: Նկատի ունենալով վերոգրյալը` գտնում ենք, որ օրինագիծը ընդունելի չէ եւ լրամշակման կարիք ունի»: