Ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանումը մեր օրերում դարձել է հրատապ խնդիր, քանի որ այն անհանգստացնում է ոչ միայն շարքային քաղաքացուն, այլեւ` բարձրաստիճան պաշտոնյաներին. մայրաքաղաքում տեղի ունեցող վթարներն արդեն սովորական բնույթ են կրում: Չնայած դրան, մեր երկրում, մասնավորապես շքեղ մեքենաների վարորդների` մեքենայի ղեկը կառավարելու կուլտուրան, մնում է անփոփոխ, քանի որ վերջիններիս մոտ բացակայում է այն մտածողությունը, որ իրենց մեքենա վարելուց կարող է կախված լինել մարդկային կյանք: Վերջերս Հանրային խորհրդի անդամների հետ ունեցած ճանապարհային երթեւեկության իրավիճակի վերաբերյալ քննարկման ժամանակ ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը վստահեցնում էր, որ չի խնայելու երթեւեկության կանոնները խախտող ոչ մի վարորդի, անկախ նրանից` վերջինս պաշտոնյա՞ է, թե՞ պաշտոնյայի զավակ: Նույն բանը կրկնում էր հեռուստաէկրանից, երբ սեփական ավտոմեքենայով շրջում էր մայրաքաղաքի փողոցներով եւ հետեւելով քաղաքի երթեւեկությանն՝ իր գոհունակությունն էր հայտնում: Սակայն 4 օր առաջ Քանաքեռ-Զեյթուն համայնքի Սարկավագի փողոցում 6 տարեկան Սեւակ Հակոբյանը մեկ ակնթարթում ավտոմեքենայի հարվածից թռչել է օդ:
Ո՞վ է իրական վարորդը
Հուլիսի 18-ին, ժամը 12:30-01:00-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն համայնքի Սարկավագի փողոցի 145/1 շենքի մոտ «Pajero» մակնիշի ջիփ մեքենան գերազանցելով արագությունը՝ 6-ամյա Սեւակ Հակոբյանին վրաերթի է ենթարկել, որից հետո վարորդը դիմել է փախուստի: Շատ չանցած վերադարձել է եւ մոր հետ արյունլվա, գիտակցությունը կորցրած Սեւակին տեղափոխելով 8-րդ հիվանդանոց` նրան հանձնել է հիվանդանոցի պահակին եւ դիմել է փախուստի: «Ես երեխայիս հետ գնումներ էի արել եւ փողոցն անցնելով տուն էինք գնում: Մենակ էն եմ հիշում, որ ուժեղ դմբոցից երեխաս օդ թռավ ու արյունլվա ընկավ»,- ասում է Սեւակի մայրը` պատմելով, որ վարորդն այդ իրավիճակում շարունակել է ճանապարհը, սակայն քիչ անց վերադառնալով՝ երեխային գրկել եւ տարել է հիվանդանոց: Երեխայի մայրն ասում է` «Մեզ տարավ 8-րդ հիվանդանոց, երեխուն տվեց պահակին ու փախավ: Հետո մեզ տեղափոխեցին 3-րդ մանկական հիվանդանոց»: Հուլիսի 18-ին, վրաերթից մի քանի ժամ անց մենք զանգահարեցինք ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի բաժին: Բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը թեեւ հաստատեց տեղի ունեցածը, այդուհանդերձ վստահեցրեց, որ վարորդի ինքնության մասին դեռեւս տեղեկություն չունեն: Միայն հաջորդ օրը տեղեկություններ ստացանք, որ մեքենան վարող անձն ինքնակամ ներկայացել է ՀՀ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն համայնքների ստորաբաժանում: Ըստ հավաստի աղբյուրների` վարորդի երեխան դեպքի ժամանակ եղել է «Pajero» մեքենայի մեջ, ականատես է եղել, թե ինչպես է մեքենան Սեւակին հարվածել, եւ սթրեսից «լեզուն կապ է ընկել», սկսել է կակազել: Ինչեւէ, արդեն մի քանի օր է՝ մենք փորձում ենք ճշտել վարորդի ինքնությունը եւ մեքենայի պետհամարանիշը, սակայն ապարդյուն, քանի որ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ոստիկանության ստորաբաժանումից ասացին, որ մեզ տեղեկատվություն կարող են տրամադրել Պետավտոտեսչությունից: Ճանապարհային ոստիկանությունից մեզ տեղեկատվություն չտրամադրեցին` պատճառաբանելով, որ գոյություն ունի ՀՀ Ոստիկանության լրատվական բաժին, որը կոչված է ԶԼՄ-ների հետ աշխատելու համար: Լրատվական բաժնի հեռախոսահամարը երեկ ժամը 15:00-ից հետո չէր պատասխանում, իսկ Ոստիկանության կայքէջն ինչ-ինչ պատճառներով կեսօրից հետո չէր գործում, հետեւաբար այս դեպքի մասին տեղեկություն ստանալն անհնար էր: Այսպիսով, ո՞վ է հուլիսի 18-ին արձանագրված վրաերթի պատճառ դարձած «Pajero» մեքենայի վարորդը եւ ինչո՞ւ են համառորեն թաքցնում վերջինիս անուն-ազգանունը: Սեւակ Հակոբյանի հարազատները երեկ մեզ փոխանցեցին հետեւյալը. «Մեզ մոտ սկզբում եկավ Գեղամ անունով մոտ 30 տարեկանին մոտ տղա ու ասաց, որ այդ մեքենան իրենը չի եղել, ուղղակի այդ օրն ինքն է վարել: Դրա նմաններին մեքենա են վստահում, դրա համար էլ քաղաքում օրը մեկի կյանքը վարի ա գնում: Հետաքրքիր ա, դա պրավա ունե՞ր, թե՞ չէ: Մեզ ասում ա` մի թուղթ տամ, ստորագրեք, որ պարտք ու պահանջ չունեք, թե չէ մեքենայի վարորդը կալանավորված ա»: Երեխայի հարազատները վստահեցնում են, որ հաջորդ օրն էլ հիվանդանոց է եկել Գոռ անունով մի մարդ եւ վստահեցրել է, որ մեքենայի իրական վարորդն ինքն է եւ Ոստիկանությունից ստորագրությամբ է դուրս եկել, որ իրենց այցելի: «Ինձ ասեց` մեքենան տոկոսի տակ ա, բանկում զալոգ ա դրած: Ասաց` եթե իմանան, որ զալոգ դրած մեքենայով մարդ եմ գցել տակը` ոտքով-ձեռքով կկորեմ: Ասեց` ստորագրեք, որ չեք բողոքում, հիմա մեքենան պլաշչադկայում ա: Ասեց` ես մաղարիչ, բան կանեմ, մեքենան կհանեմ, մենակ դուք ստորագրեք»,- պատմում է Սեւակի տատիկը` Լարիսան, ով ապշել է վարորդի մարդկային անտարբերությունից, քանի որ մանկահասակ երեխան մահամերձ վիճակում է եղել, սակայն վարորդը, փաստորեն, բարեխոսներ ուղարկելուց զատ նաեւ հորդորել է չբողոքել:
Հուլիսի 18-ին ժամը 1:50 րոպեին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխած Սեւակ Հակոբյանի վիճակը մեր ներկայությամբ բժիշկները գնահատեցին ծայրահեղ ծանր եւ կյանքին վտանգ սպառնացող: Չնայած դրան, բժիշկների շնորհիվ երեխան ողջ է: «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի Մանկական ստացիոնար եւ նեյրովիրաբուժական բաժանմունքի վարիչ Մարգար Մարտիրոսյանից երեկ մենք փորձեցինք ճշտել, թե ինչ վիճակում են երեխային ընդունել, եւ ինչպե՞ս է վերջինս գնահատում Սեւակի առողջական ներկայիս վիճակը: «Երեխան մեզ մոտ բերվել է շտապօգնության մեքենայով: Հիվանդության պատմագրից տեղեկանում ենք, որ երեխան տուժել է վրաերթի հետեւանքով: Ընդունվելիս ընդհանուր վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, գիտակցության մակարդակը` սոպոկոմա (գիտակցության խանգարման աստիճան է, որի առկայության դեպքում խոսակցական կոնտակտն իսպառ բացակայում է), ռեակցիաները, ռեֆլեկտները` խիստ ընկճված, երբեմն դիտվել է փսիխոմոտոր գրգռվածություն: Անմիջապես ձեռնարկվել են ռեանիմացիոն միջոցառումներ, որովհետեւ դա եւ՛ կոմատոզ, եւ՛ շոկային վիճակ էր»,- ասում է բժիշկ Մ. Մարտիրոսյանը` վստահեցնելով, որ հետազոտություններից պարզվել է, որ Սեւակի մոտ արձանագրվել են գանգի, բազկի, կոնքոսկրի, ստորին վերջույթի շոկոգեն գոտիների կոտրվածքներ: Հակաշոկային միջոցառումներին զուգահեռ՝ շտապ կարգով կատարվել է գանգուղեղային տոմոգրաֆիա եւ հայտնաբերվել է մեծածավալ արյունահոսություն գանգի մեջ, այսինքն` էպիդուրալ հեմատոմա մոտ 90 գրամ ծավալով, ուղեղի ճնշումով: «Գանգի մեջ փակ խոռոչ է, այնտեղ 30 գրամից ավել արյան կուտակումը սեղմում է ուղեղը եւ առաջացնում է ճնշում: Երեխայի մոտ 90 գրամ էր եւ շատ վտանգավոր իրավիճակ էր: Մի խոսքով` շտապ վիրահատության կարիք կար, որը կատարվեց ախտորոշումը հաստատելուց անմիջապես հետո: Հեռացվեց հեմատոման, հաստատվեց, որ գանգի բազմաբեկոր կոտրվածք կա: Կատարվեց նաեւ առաջնային պլաստիկա, այսինքն` չենք թողնում, որ գանգը մնա դեֆեկտով: Այլ տեղերում դա արվում է օրգանական ապակիով, պլաստմասսայով, բայց մենք դա արեցինք սեփական ոսկորով: Բարդ եւ ծանր իրավիճակ էր: Սեղանի վրա երեխայի մի բիբն արդեն լայնացել էր, իսկ դա ցուցանիշ է, որ ուղեղաբունը սեղմվել է, իսկ կենսական կենտրոններն այնտեղ են գտնվում, հետեւաբար կարող էր վերադարձ չլինել: Մենք պրակտիկորեն ժամանակ չունեինք: Այսօր, փառք Աստծո, երեխայի վիճակը պրոգրեսիվ է, գիտակցությունը պարզ է»,- ասում է Մ. Մարտիրոսյանը` վստահեցնելով, որ Սեւակը դեռ 10 օր էլ կմնա բժիշկների հսկողության տակ: Թեեւ բժշկի հավաստմամբ` երեխայի մոտ գանգի վնասվածքներից մտավոր խեղումներ չեն լինի, այդուհանդերձ, գիպսի մեջ գտնվող բազկի, ազդրի, կոնքոսկրի կոտրվածքները բուժելու համար երկար ժամանակ կպահանջվի: Այնուամենայնիվ, «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի Մանկական ստացիոնար եւ նեյրովիրաբուժական բաժանմունքի վարիչ Մարգար Մարտիրոսյանը մեր հանրապետության վարորդներին հորդորում է պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները եւ կարեւորել մարդու կյանքի գործոնը. «Ամառվա սեզոնին մանավանդ, նման դեպքեր շատ են արձանագրվում»:
6 տարեկան Սեւակ Հակոբյանը մեքենայի ուժգին հարվածից կորցրել է գիտակցությունն ու դեպքի մանրամասները չի հիշում: Հրաշքով փրկված երեխան այսօր արդեն հարցեր է տալիս հարազատներին, ուզում է պարզել հիվանդանոցում հայտնվելու դրդապատճառները, սակայն երեխային խնայում են: Մեր այցելության ժամանակ մարմնի տարբեր հատվածները գիպսի մեջ տեղադրված այս փոքրիկ տղան բառիս բուն իմաստով ցավից «ոռնում էր»: Տատիկը` Լարիսան, ասում է` «Իսկապես անհույս էր երեխայի վիճակը: Դուք տեսաք, էլի, գլուխն ուռած, արյունլվա բերեցինք: Չգիտեմ էլ ինչ ասեմ էդ վարորդ կոչեցյալին, չգիտեմ… Մենակ մի բան գիտեմ, որ Սեւակիս հրաշքով բժիշկներն են փրկել: Բուժանձնակազմն էնքան հոգատար ու ուշադիր ա, ոնց որ իրանց երեխային խնամեն: Ազնիվ խոսք, մինչեւ կյանքիս վերջ երախտապարտ եմ էս հիվանդանոցի բժիշկներին: Րոպեների ընթացքում կարող էինք երեխային կորցնել»: