Տուբերկուլյոզը, որ նախկինում կոչվում էր թոքախտ, այսօր շարունակում է դասվել այն հիվանդությունների շարքին, որից հասարակությունն ամաչում է այնպես, ինչպես սեռավարակներից: Իսկ հիվանդության նկատմամբ ամոթն ու անտարբերությունը հանգեցնում է հիվանդացության դեպքերի աճին: Նման վերաբերմունքը հատկապես նկատելի է փոքր քաղաքներում, որտեղ ամոթի, այսպես ասած` նահապետականությունն այն աստիճանի է հասել, որ ավագ սերունդը նույնիսկ երիտասարդ աղջկա գլխացավը դիտում է իբրեւ արատ:
«Աղջիկն իրավունք չունի ասելու, որ գլուխը ցավում ա: Կասեն` հիվանդոտ աղջիկ ա, բա ամոթ չի՞: Առաջ, որ մեկը մի քիչ շատ էր հազում, մեզնից մեծերն ասում էին` հերիք ա, ամոթ ա, ի՞նչ կասեն, կասեն` թոքախտավոր աղջիկ ա: Ու վերջ, էդ աղջկանից ամբողջ կյանքում մարդիկ կզգուշանան»,- ասում է 78-ամյա Նադեժդա տատը, ով նույնիսկ անտեղյակ է, որ այսօր այդ բարքերի ու ամոթի պատճառով հենց իր համաքաղաքացիներն են տուժում: Կապանում 2007թ. տուբերկուլյոզով առաջնակի հիվանդների թիվը 30 էր, մեկ տարի անց այդ թվին ավելացավ եւս երեքը, իսկ այսօր թվաբանական պրոգրեսիան դեռեւս շարունակվում է` 7 ամսվա ընթացքում առաջնակի հիվանդների թիվը հասել է 19-ի: Ու, չնայած սրան, Կապանում շատ քչերն են համաձայնում ստացիոնար բուժում ստանալ: «Կապանի Բժշկական կենտրոնի» տուբեկուլյոզային բաժանմունքի բժիշկ-ֆտիզիատոր Ռաֆիկ Քոսակյանն իր 35 տարիների գործունեության ընթացքում մատների վրա է հաշվում այն դեպքերը, երբ մարդիկ հասկացել են տուբերկուլյոզ հիվանդության լրջությունն ու համաձայնել մինչեւ վերջ բուժվելուն: Բժիշկը նկատում է նաեւ, որ հասարակության մեջ անգամ նման հիվանդությունից բուժված մարդկանց նկատմամբ կա ընդգծված վերաբերմունք: «Ուղղակի զարմանալ կարելի է, երբ մարդկանց տեղեկացնում ենք, որ տուբերկուլյոզն անբուժելի հիվանդություն չէ, որ այն բուժվում է: Նրանք չեն հավատում: Նրանք շարունակում են ամաչել, որ իրենք տուբերկուլյոզով հիվանդ են, ու հասարակությունն իրենց չի ընդունի»,- նկատում է Ռաֆիկ Քոսակյանը` հիշելով տարիներ առաջ կատարվածը, երբ հիվանդներից մեկի մոտ բժշկական հետազոտության արդյունքում հայտնաբերել էին ոչ թե տուբերկուլյոզ, այլ բրոնխիալ ասթմա: «Այդ ժամանակ այդ կինն իրեն, կարծես, փոքր-ինչ թեթեւացած էր զգում: Մինչդեռ ասթմայով հիվանդների բուժելիության տոկոսն ավելի ցածր է, քան տուբերկուլյոզով հիվանդներինը: Օրինակ, 100 տուբերկուլյոզով հիվանդներից 95-ին կարելի է բուժել, իսկ 100 բրոնխիալ ասթմայով հիվանդներից հազիվ 5-ին հնարավոր կլինի բուժել»,- ասում է «Կապանի Բժշկական կենտրոնի» տուբերկուլյոզային բաժանմունքի բժիշկը:
Հասարակության մեջ կա նաեւ այն մտավախությունը, որ տուբերկուլյոզով հիվանդ մարդիկ կարող են վարակի լուրջ աղբյուր հանդիսանալ: Եվ քանի որ հիվանդությունն էլ տարածվում է օդակաթիլային ճանապարհով, ապա տուբերկուլյոզից զգուշանալը շատերը համարում են թիվ մեկ խնդիրը: Սակայն մինչ 1890-ականները մարդկությանը դեռեւս հայտնի չէր տուբերկուլյոզի առաջացման պատճառները` միայն 1892թ. գերմանացի գիտնական Կոխը հայտնաբերեց, որ տուբերկուլյոզի տարածման պատճառը ցուպիկ է, որը հիվանդից կարող է փոխանցվել շրջապատող աշխարհին: Ի դեպ, այդ բացիլները մինչ օրս էլ կրում են գիտնական Կոխի անունը: «Օրգանիզմում, բացի մազերից ու եղունգներից, ցանկացած օրգան կարող է տուբերկուլյոզով հիվանդանալ: Կան մաշկի, աչքի, ականջի, քթի, բերանի խոռոչի, լորձաթաղանթի, սեռական օրգանների տուբերկուլյոզներ, բայց ամենատարածվածը թոքերի տուբերկուլյոզն է: Այսօր տուբերկուլյոզը բուժելի հիվանդություն է, բայց դեռեւս շարունակում են մնալ նախկին կարծրատիպերը, որ տուբերկուլյոզն անբուժելի հիվանդություն է»,- ասում է Ռաֆիկ Քոսակյանը: Ու չնայած այն հանգամանքին, որ այսօր տուբերկուլյոզով հիվանդները բուժվում են պետպատվերի շրջանակներում, այսինքն` անվճար, դեղորայքն էլ տրվում է անվճար, բայց միեւնույն է` մարդիկ շարունակում են թերահավատորեն մոտենալ անգամ դրան, եւ հիմնականում նախընտրում են բուժվել տնային պայմաններում: «Այս հիվանդության նշաններն ի հայտ են գալիս շատ դանդաղ, երբ արդեն օրգանը ախտահարված է լինում: Այդ ժամանակ նկատվում է հազ, հատկապես գիշերային ժամերին, խորխարտադրություն, ջերմության բարձրացում եւ այլն»,- նշում է կապանցի բժիշկը: «Ամենացավալին այն է, որ քիչ չեն նաեւ այն դեպքերը, երբ հիվանդությունը միգրացիոն ճանապարհով է ներթափանցում: Շատ հաճախ Ռուսաստանից տուբերկուլյոզով հիվանդներ են գալիս` այստեղ բուժվելու համար: Եվ քանի որ այդ մարդիկ այնտեղ հնարավորություն չունեն բուժման համար վճարելու, ստիպված Հայաստան են գալիս»,- նշում է Ռ. Քոսակյանը: