«Եվրամիությունը պետք է մեկ տարով երկարաձգի եվրոպացի դիտորդների առաքելությունը Վրաստանում»,- այդ մասին երեկ Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրամիության նախագահող երկրի` Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը` ավելացնելով, որ այդ դիտորդական խմբի մեջ կարող են ընդգրկվել նաեւ ԱՄՆ-ի երկայացուցիչներ: «Առաքելության երկարաձգումը լուրջ ազդանշան է այն մասին, որ Եվրամիությունը շահագրգռված է դերակատարություն ունենալու տարածաշրջանի իրադրության կայունացման եւ անցյալ տարվա օգոստոսին ստորագրված համաձայնագրերը իրականացնելու գործում»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Վրաստանում եվրոպացի դիտորդների առաքելության մանդատը լրանում է սեպտեմբերին: Սպասվում է, որ դրա երկարաձգման վերաբերյալ որոշումը կընդունվի հուլիսի 27-ին կայանալիք Եվրամիության Արտգործնախարարների խորհրդի նիստում: