– Համաձա՞յն եք իշխանությունների այն տեսակետի հետ, թե Մադրիդյան սկզբունքների բացահայտված կետերը հայկական կողմի համար նպաստավոր են: Կարծիք կա, թե առաջին անգամ ամրագրվել է ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքը, եւ հանրաքվեի միջոցով ԼՂՀ ժողովուրդը կհասնի լիակատար անկախության: Շեշտվում է ինքնակառավարման հնարավորության սկզբունքը:
– Մամուլում հրապարակված սկզբունքների մեջ չկա գեթ մեկ կետ, որը կարող է նպաստավոր համարվել հայկական կողմի համար, առավելեւս՝ ձեր մատնանշած կետը: Առաջին անգամ է խոսք գնում ինչ-որ ինքնակառավարման մասին: Դա ընդունված տերմին է, եւ Եվրախորհրդի տարածքում բոլոր երկրներն էլ ինքնակառավարման մարմիններ ունեն: ՀՀ-ում կան մարզեր, շրջաններ, համայնքներ, որոնք ինքնակառավարվում են: Այս դեպքում դա նշանակում է Ադրբեջանի Հանրապետության ունիտար երկրի կազմում ինքնակառավարման ինչ-որ մեխանիզմ, հավանաբար, ավտոնոմիայի նման մի բան, որը միշտ անընդունելի է եղել: Ռեֆերենդումն էլ լղոզված ձեւակերպում է, որը անհասկանալի է, թե ուր է տանում, ով է որոշելու այդ կամարտահայտման ձեւը եւ ինչ օրենքներով: Ադրբեջանի՞ Հանրապետության ներքին օրենսդրության համապատասխանող կամարտահայտություն պետք է լինի: Ընդհանրապես բոլոր կետերը նահանջ քայլ են նախկինում քննարկված սկզբունքների համեմատ: Եթե առաջներում միշտ խոսվել է ԼՂՀ զորքերի դուրսբերման մասին, ապա այստեղ խոսվում է, որ այդ տարածքները վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողությանը: Սա շատ վտանգավոր ձեւակերպում է, որովհետեւ զորքերի դուրս քաշումը ներառում է նաեւ մեկ այլ պայմանագիր` ինչպիսի՞ դիրքավորում պետք է ունենան զորքերը, ո՞վ է գալիս այդ դուրս քաշված զորքերի փոխարեն, եւ այլն: Առաջին անգամ է հստակ ասվում, որ վերադարձվում է Ադրբեջանի կարգավիճակը: Թե՛ ներկա, թե՛ Քոչարյանի եւ Օսկանյանի օրոք իշխանությունները խոսել են, որ ԼՂՀ ինքնորոշման իրավունքը պետք է հարգվի, սակայն հիմա խոսք է գնում ինչ-որ ինքնակառավարման մասին: Խոսք չի գնում ինչ-որ կամարտահայտության պարտադիր լինելու մասին:
Կամ` մշտապես խոսվել է, թե ինչ նշանակություն ունեն Լաչինի եւ Քելբաջարի շրջանները: Այսօր խոսք է գնում այն մասին, որ պետք է բացվի ցամաքային ճանապարհը: Ի՞նչ ասել է՝ բացվի, ո՞վ է փակել այդ ճանապարհը: Նախատեսվում է, որ ԼՂՀ զորքերը պետք է դո՞ւրս գան այդ շրջաններից, կորցնեն ցամաքային կա՞պը ՀՀ-ի հետ, ու հետո դիմեն Ադրբեջանին, խնդրանքով, որ ցամաքային կա՞պ բացվի: Հիմա խնդիրն այն չէ, թե այսօր Մոսկվայում ինչ-որ բան կստորագրվի՞, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ արդեն կողմերը բավական մոտ են կանգնած լուծմանը, եւ այն հիմքերը, այն սկզբունքները, որոնց հիման վրա կողմերին պարտադրվում է լուծում, բացարձակապես անընդունելի են հայկական կողմերի համար: Եվ վտանգավորն այն է, որ համանախագահող 3 երկրների նախագահները կարծես թե միահամուռ են իրենց մոտեցումների մեջ, եւ այս սկզբունքները իրենց մեջ համաձայնեցված են համարվում: Բոլոր մեկնաբանություններով խոսվում է այն մասին, որ ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ համաձայնեցված չեն ընդամենը 1-2 կետ:
– Այդ դեպքում համանախագահող երկրների շահերն ավելի շատ ՀՀ-ի՞, թե՞ Ադրբեջանի շահերի հետ են համընկնում: Չէ՞ որ միշտ եղել է այն կարծիքը, թե ԼՂՀ հիմնախնդրի կարգավորումն այդ երկրներին անհրաժեշտ է ադրբեջանական նավթի, Հարավային Կովկասով անցնող ենթակառուցվածքների կամ ընդհանրապես այս տարածաշրջանում գերիշխող դիրք ունենալու տեսակետից:
– Դա էլ անշուշտ նշանակություն ունի: Բոլոր երեքն էլ առաջնորդվում են իրենց ազգային շահերով, եւ դա մի օր կարող է համընկնել՝ Հայաստանի, մյուս օրը` Ադրբեջանի շահերի հետ: Իրեն հարգող որեւէ ժողովուրդ չի կարող առաջնորդվել մեկ այլ պետության ազգային շահերով: Այս պահին այդ երեք երկրների ազգային շահերը թելադրում են, որ այս հարցում կարող են մերձեցման գնալ եւ ընդունելի որոշում գտնել: Ըստ հրապարակված սկզբունքների, կարելի է ասել, որ ՀՀ-ի ազգային շահին ընդհանրապես չի համապատասխանում այդ սկզբունքները: Եվ եթե դա հակասում է մեր շահերին, եւ մենք էլ կոնֆլիկտող կողմ ենք, ուրեմն հակառակորդի համար ավելի նպաստավոր է:
– Հնարավոր համարո՞ւմ եք այնպիսի իրավիճակ, երբ ՀՀ իշխանություններին պարտադրեն ստորագրել որեւէ փաստաթղթի տակ:
– Այո, բոլոր զարգացումները ցույց են տալիս, որ նման մոտեցում արդեն կա: Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ կողմերի վրա որեւէ պարտադրանք չի գործադրվելու: Եթե չկա պարտադրանք, ուրեմն դա հերքելն անիմաստ է: Հերքողները պետք է գիտակցեն, որ, եթե հերքում են, ուրեմն դրա տակ ինչ-որ բան կա: Եթե համանախագահող 3 երկրները որոշում կայացնեն, որ իրենց ազգային շահերից բխում է կոնֆլիկտի հանգուցալուծումը, ապա, ինձ թվում է, պարտադրանք կլինի: Պարտադիր:
– Իսկ իշխանությունները դիմակայելու հնարավորություն կունենա՞ն:
– Դիմակայելու համար պետք է, որ ԼՂՀ ժողովուրդը եւ ղեկավարությունը հստակ դիրքորոշում ցուցաբերեն, մասնակից դառնան այդ բոլոր գործընթացներին: Կոնֆլիկտի բուն մասնակիցն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը, ինքը քննարկի իր ու իր երեխաների ապագան: Եվ ոչ թե ինչ-որ մեկը, ով լեգիտիմության խնդիր ունի եւ կոնֆլիկտի աջակից կողմ է, մենք ընդամենը սատարել, աջակցել ենք մեր եղբայրների ինքնորոշման իրավունքը: Իսկ ՀՀ-ն ներկայացնող ղեկավարությունը պետք է ներքին ու արտաքին լեգիտիմություն ունենա: Այս դեպքում թույլ իշխանություն չպետք է լինի: ՀՀ-ին պետք է լեգիտիմ իշխանություն, եւ պետք է, որ ԼՂՀ-ն պարտադիր կերպով մասնակցի բանակցային գործընթացներին: Միայն հրաժարականով, միայն իշխանափոխությամբ է հնարավոր այս իրավիճակից դուրս գալ: