Առողջ կենսակերպի, ճկվող մահճակալների եւ փափուկ զուգարանի թղթի մասին

17/07/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Աչքներս լույս։ Կառավարությունը հավանություն է տվել Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-2012թթ. ռազմավարությանը՝ իր առջեւ խնդիր դնելով այդ քաղաքը դարձնել առողջ եւ ակտիվ կենսակերպի կենտրոն, որը զբոսաշրջիկներ կհյուրընկալի Հայաստանից, եվրոպական, ԱՊՀ եւ հյուսիսամերիկյան երկրներից:

Ինչպես նշված է Կառավարության նիստի մասին պատմող հաղորդագրության մեջ, Ջերմուկը պետք է դառնա «կլոր տարին» գործող միջազգային չափանիշներին համապատասխանող առողջ եւ ակտիվ կենսակերպի զբոսաշրջային քաղաք, որը զարգացվելու է որպես առողջարանային, ձմեռային եւ մշակութային զբոսաշրջության, շախմատի միջազգային մրցաշարերի կազմակերպման կենտրոն, համահայկական եւ միջազգային մանկապատանեկան եւ երիտասարդական ճամբարատեղի՝ ապահովելով տարեկան 100 հազար զբոսաշրջային այցելություն, տուրիզմից` 100 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի եկամուտ եւ 4 հազար աշխատատեղ: Շատ լավ է, չտեսնված ռազմավարություն է, որն անհրաժեշտ է կարդալ։ Նման փառահեղ ծրագրեր կազմելու պատիվը, ինչպես գիտեք, ի վերուստ տրված է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը։ Նախարարության կայքէջի «Ռազմավարություններ» բաժնում, սակայն, Ջերմուկի մասին ոչինչ չգտանք։ Փոխարենը՝ «Ծրագրեր» բաժնում հայտնաբերեցինք «Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագիր» 223 էջանոց փաստաթուղթը։ Հենց այս ծրագրի հիման վրա է կառուցվել, մշակվել Ջերմուկ քաղաքը «Առողջ եւ ակտիվ կենսակերպի կենտրոն» դարձնելու ռազմավարական տեսլականը՝ իր 100 հազար զբոսաշրջիկներով, 100 միլիոն դոլար եկամուտով ու մնացած 100-անոցներով։ Պետք է նշել, որ 223 էջը առանց ձանձրանալու աչքի անցկացրինք։ Բավականին հետաքրքիր էր, սկսած այն մտքից, որ «1970-ականներին տարեկան 25-30.000 մարդ` ներառյալ գեներալներ ու կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, այցելում էր Ջերմուկի առողջարան»: Չափանիշներ ենք ասել. պատկերացնում եք, եթե Ջերմուկ այցելած լինեին նաեւ դատավորներ, դատախազներ….։ Կամ ասենք հետեւյալ միտքը. «Զբոսաշրջիկներին գրավելու համար պահանջվում է հետեւողականորեն պահպանել քաղաքի ճարտարապետական եւ այլ տարրերի հաճելի ոճը»։ Հանուն արդարության պետք է նշել, որ 223 էջանոց ողջ փաստաթուղթը շատ հաճելի ու անմիջական ոճով է գրված: Սակայն դա ավելի շատ նման է, ասենք, թատերական ինստիտուտի շրջանավարտի դիպլոմային աշխատանքի, քան պետական քաղաքականության մասին փաստաթղթի։ Մանրամասն ներկայացված է, թե քանի հյուրանոց, ռեստորան ու ժամանցի վայր կա Ջերմուկում, քանի մահճակալով ու սեղանով։ Կատարվել է «Ուժեղ ու թույլ կողմերի, հնարավորությունների ու սպառնալիքների (SWOT) վերլուծություն»։ Թույլ կողմերը բավականին մանրամասն եւ դիպուկ են նկարագրված։ Օրինակ՝ առողջարաններն ունեն անհրապույր արտաքին տեսք, ժամանցի հնարավորությունները սակավ են, սննդի որակը ընդհանուր առմամբ ցածր է, ընտրությունը՝ փոքր, առկա է որակյալ ուղեկցորդների բացակայություն, սպասարկման ոլորտում որակի ապահովման ընդհանուր պակաս, զբոսաշրջային տեղեկատվություն տրամադրող կենտրոնների բացակայություն, հարեւան երկրների համեմատ անմրցունակ հյուրանոցային սակագներ, որակյալ ինտերնետ կապի համար անհրաժեշտ օպտիկական մալուխի բացակայություն, անգամ՝ հրշեջ ծառայության բացակայություն եւ այլն։ Հա, չմոռանանք, որ մասնագետները Ջերմուկի համար որպես թույլ կողմ՝ մի կետ էլ են նշել. «Գազը ամբողջությամբ գալիս է Ռուսաստանից եւ անցնում է Վրաստանի տարածքով»։ Մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ են: Ուժեղ կողմերի մասին, կարծում ենք, հարկ չկա խոսել։ Ընդամենը նշենք, որ դրանց թվում նշված է նաեւ այն, որ Ջերմուկ քաղաքն ունի ավագանի։

Ամեն դեպքում, ծրագիրը կարդալիս մի բան ակնհայտ է. գրողը (կամ գրողները) իր մաշկի վրա զգացել է Ջերմուկում հանգստանալու «հմայքը»։ «Թանկարժեք հյուրանոցներում եւ առողջարաններում պետք է բարելավվեն հյուրանոցային համարները` հարմարավետ մահճակալներ, որոնք չեն ճկվում միջնամասում, փափուկ ծածկոցներ եւ փափուկ ու մաքուր սավաններ, տարբեր չափի ու ձեւի բարձերի հավաքածուներ…»։ Միանգամից զգացվում է, որ ծրագիրը գրողներից առնվազն մեկը Ջերմուկի թանկարժեք հյուրանոցներից մեկում քնելուց հետո՝ առավոտյան հայհոյել է իր մեջքի ցավի համար մեղավոր մահճակալի տիրոջը։ Իսկ թե քանի հարկով է բարձրացել հայհոյանքի աստիճանը լոգարան ու հատկապես՝ զուգարան մտնելուց հետո, կարելի է միայն ենթադրել։ «Պետք է լինեն լողասենյակի բացառիկ ու գրավիչ պարագաներ՝ էժանագին չինական օճառների ու շամպունների փոխարեն, զուգարանի փափուկ թուղթ…»,- ասվում է 223 էջանոց պաշտոնական ծրագրում։

Ինչեւէ՝ Էկոնոմիկայի նախարարությունը խնդիրներն ու թույլ կողմերը մանրամասն նշելուց հետո՝ առաջարկել է նաեւ լուծման ուղիներ։ Օրինակ՝ նշելով, որ բնակարանների խնդիրը սրվում է նաեւ այն պատճառով, որ դատարկ բնակարանների մեծ մասի սեփականատերերը գտնվում են արտերկրում, ծրագրի հեղինակները խորհուրդ են տալիս «գտնել մասնավոր սեփականություն հանդիսացող բնակարանային յուրաքանչյուր միավորի սեփականատիրոջ կոորդինատները»։ Առեւտրային առաջնահերթությունների առումով՝ հարկ է մեծացնել մանրածախ առեւտրային կետերի, ռեստորանների քանակը եւ բազմազանությունը եւ այլն։ Ծրագրի հեղինակների աչքից չի վրիպել նաեւ մի հույժ կարեւոր դետալ. «Հաշվի առնելով Ջերմուկի տեսլականը, ակնկալվում է, որ քաղաքի փողոցներում կավելանա մոտոցիկլավարների թիվը: Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է նախատեսել նաեւ մոտոցիկլետների կայանատեղեր օրվա ընթացքում հաճախորդների կողմից առավելագույնս այցելելի վայրերում»: Ինչպիսի ուշադրություն՝ մոտոցիկլավարների, եւ անբացատրելի արհամարհանք՝ հեծանվորդների ու «սամակատ» քշողների նկատմամբ։

Ընդհանրապես՝ տեսլականին ու գաղափարախոսությանը ծրագրում շատ մեծ տեղ է հատկացված: «Անհրաժեշտ է նաեւ իրականացնել գովազդման տեսակների որոշակի վերահսկողություն: Օրինակ, Ջերմուկի ճանապարհին օղու գովազդումը կհակասի առողջ կենսակերպի գաղափարին»: Բա ոնց, ամեն ինչ պետք է լինի առողջ կենսակերպի «ծիրին մեջ»։ Ու դրա համար էլ, ինչպես նշվում է ծրագրում, հանգստի հաստատությունների շինարարության համար ներկայացված հայտերն ուսումնասիրելիս` քաղաքապետարանը պետք է հաշվի առնի շինությունների ոչ միայն արտաքին տեսքը, այլեւ՝ օգտագործման նպատակը: Այսինքն՝ նորաստեղծ հաստատությունները պետք է համապատասխանեն Ջերմուկի տեսլականին՝ առողջ կենսակերպին: Ծրագրում օրինակներ էլ են նշված. «Կառուցման համար հարմար հանգստի հաստատություններ են գոլֆի դաշտը, սահադաշտը, ջրային սպորտաձեւերի հաստատությունները, զբոսանքների արահետները, թատրոնը, հանրային պարկը, յոգայի դասընթացի անցկացման հարմարությունները, մեդիտացիայի կենտրոնը եւ այլն…»: Հանգիստն ու առողջությունն՝ իրենց տեղը, բայց, ասենք, երիտասարդ զբոսաշրջիկներին գրավելու համար միայն դա բավարար չէ։ Երիտասարդներին ամենից շատ վախեցնում է ձանձրույթը, կամ, ինչպես իրենք են ասում, «լոքշը»։ Մանավանդ գիշերային զբաղմունքների մասով՝ գարեջրատներ կամ դիսկոտեկներ, Ջերմուկը շատ թույլ է։ Ամենատես փորձագետների աչքից դա էլ չի վրիպել։ «Գիշերային կյանքն այն ոլորտներից մեկն է, որը բացակայում է Ջերմուկում եւ որը կարող է նպաստել զբոսաշրջիկներից ստացվող եկամուտների ավելացմանը… Գիշերային հաստատություններում կատարվող ցանկացած նոր շինարարության անհրաժեշտ է վերաբերվել մեծ ուշադրությամբ՝ այն առումով, թե որքանով է այն համապատասխանում Ջերմուկի ընդհանուր միջավայրին, ինչպես հանգստի հաստատությունների դեպքում: Ջերմուկում գիշերային հաստատությունների մեծ մասը պետք է նախատեսված լինի ընդհանուր միջավայրը խթանելու համար եւ, հետեւաբար, պետք է տրամադրի ավելի շուտ լիցքաթափման հնարավորություններ եւ միջավայր, քան չափազանց ակտիվ, բարձր եւ խառնաշփոթ առաջացնող գիշերային կյանք քաղաքում, որից շատ այցելուներ կփորձեն խուսափել»,- ասվում է ծրագրում։

Շատ մարդասիրական ու առողջ մոտեցում է՝ Ջերմուկի՝ առողջ կենսակերպի տեսլականին համահունչ։ Մանավանդ, որ հատուկ նշված է. «Ջերմուկը չպետք է դառնա բարերի կամ խաղատների քաղաք, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է զգուշավորություն ցուցաբերել այն տեսլականին համապատասխան գիշերային կյանքի ապահովման նկատմամբ»։

Ինչպես ասում են՝ տեղ հասանք։ Փաստորեն՝ կառավարությունը հաստատել է մի ռազմավարություն, որի համաձայն՝ Ջերմուկը չպետք է դառնա խաղատների քաղաք։ Եվ նույն այդ կառավարությունը՝ ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի, մոտ մեկ ամիս առաջ հավաստիացնում էր, որ 2013թ. հունվարի 1-ից խաղատները պետք է Երեւանից տեղափոխվեն Ծաղկաձոր, Սեւան եւ Ջերմուկ։ Այս հակասությունը դժվար է հասկանալ։ Միակ բացատրությունը թերեւս կարող է լինել այն, որ վերջին մեկ ամսվա ընթացքում կառավարության անդամների պատկերացումները առողջ ու հանգիստ ապրելակերպի մասին փոխվել են, եւ նրանք մոլեխաղերը սկսել են դիտարկել որպես մարզաձեւ։