130 մլն եվրո` 2 տարվա ընթացքում

17/07/2009

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հուլիսի 15-16-ը տեղի ունեցած ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի երկօրյա բանակցություններին մասնակցելու նպատակով Բոնն էր մեկնել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը եւ այլք: Հայ-գերմանական համագործակցության շրջանակներում 1995թ. սկսած իրականացվում են ֆինանսական համագործակցության ծրագրեր: Հայ-գերմանական ֆինանսատնտեսական համագործակցությունը կենտրոնացած է երեք հիմնական ոլորտներում` ֆինանսական եւ մասնավոր հատված, էներգետիկա, ջրամատակարարում եւ ջրահեռացում: Այս բանակցությունների շրջանակներում քննարկվել են կայուն տնտեսական զարգացմանը, էներգետիկային եւ շրջակա միջավայրին առնչվող խնդիրներ, ինչպես նաեւ ժողովրդավարության եւ համայնքային զարգացման թեմաներին վերաբերող հարցեր: Ստորագրվել է արձանագրություն, համաձայն որի` երկու կողմերի միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն` մոտակա երկու տարիների ընթացքում Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին մոտ 130 մլն եվրո վարկային եւ դրամաշնորհային գումարներ հատկացնելու վերաբերյալ: