Կապանում գործադուլը դադարեցվել է

17/07/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ուրբաթ օրը «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի գործադուլ հայտարարած աշխատակիցները շարունակեցին իրենց աշխատանքն ընկերությունում:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության շուրջ 120 աշխատակից գործադուլ էին հայտարարել: Գործադուլավորների գլխավոր պահանջը աշխատավարձերի բարձրացումն էր, ինչպես նաեւ՝ ընկերության տնօրինության կողմից բոնուսային նոր ծրագրի նկատմամբ ընդվզումը: Գործադուլի չորս օրերի ընթացքում էլ պարզ դարձավ, որ տնօրինությունն աշխատանքից հեռացրել է 40 գործադուլավորների, ովքեր դեռեւս հուլիսի 6-ին ընկերության տնօրեն Ռոբերտ Ֆալետտային ներկայացրել էին մի գրություն, որտեղ հայտնել էին իրենց պահանջները` հիմնական առանցքը նշելով աշխատավարձերի վերանայումը: Մինչդեռ այդ ընթացքում, ըստ ընկերության որոշ աշխատակիցների, տնօրենն աշխատանքի է ընդունել երեք արտասահմանցի աշխատակիցների. երկուսը` ռուս, մեկը` անգլիացի: Այս փաստը գործադուլավորներին այնքան է զայրացրել, որ վերջիններս պատրաստ էին, ինչպես իրենք էին ասում, մինչեւ վերջ գնալու, այսինքն` մինչեւ անգամ հացադուլի: Այս մասին չորեքշաբթի օրը գործադուլավորները հայտնեցին Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանին, ով հենց գործադուլավորների ներկայությամբ պայմանավորվեց «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի տնօրեն Ռոբերտ Ֆալետտայի հետ հանդիպել հինգշաբթի օրը, ժամը 15:00-ին: Ընդ որում` հանդիպմանը պետք է ներկա գտնվեին նաեւ գործադուլավորներից մի քանի հոգի: Սակայն հանդիպումը հետաձգվեց այն պատճառաբանությամբ, որ ընկերության տնօրինությանը նշված օրը հարմար չէր: Մինչդեռ հաջորդ օրը, այսինքն` ուրբաթ, ժամը 11:00-ին, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի» տնօրենը հանդիպում է քաղաքապետի հետ եւ այս անգամ էլ տնօրինության բնավորության համաձայն՝ հանդիպումն անցնում է դռնփակ` առանց լրագրողների ներկայության: Ի դեպ, երեքշաբթի օրն ընկերության տնօրենի եւ Սյունիքի մարզպետի հետ հանդիպումը եւս անցավ դռնփակ: Սակայն ուշագրավն այն էր, որ նրանց դռնփակ հանդիպումից հետո լրագրողներին հարց տալու հնարավորություն չտրվեց: Փոխարենը Ռոբերտ Ֆալետտան ասաց այն, ինչ ինքն էր ցանկանում, ու հեռացավ` քաղաքապետի հետ ջերմ ձեռքսեղմումից հետո: «Վերջերս «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունն աշխատակազմի հետ որոշակի խնդիրներ է ունեցել: Մենք քննարկումներ ենք ունեցել մարզպետարանում, քաղաքապետարանում, եւ հատկապես քաղաքապետարանը մեզ շատ է աջակցել այս խնդիրները լուծելու հարցում: Ես կարծում եմ, որ մենք ունենք մի համալիր համաձայնություն, որը բոլոր կողմերին էլ ընդունելի է, եւ մեր աշխատողները վերադարձել են աշխատանքի: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բազմաթիվ պաշտոնյաների, որոնք այս ամբողջ ընթացքում ներառված են եղել այս գործընթացներում, եւ հատկապես կային նաեւ պաշտոնյաներ, ովքեր Երեւանից էին: Եվ կարծում եմ՝ այսքանը»,- ասաց Ռոբերտ Ֆալետտան: Իսկ դռնփակ հանդիպման մասին լրագրողների հարցերին պատասխանեց Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը: Հարցին, թե ինչո՞ւ հանդիպումն անցավ դռնփակ, քաղաքապետը պատասխանեց. «Նիստը դռնփակ էր անցկացվում, որովհետեւ քննարկվում էին այնպիսի հարցեր, որոնք կապ չունեին այս գործադուլի հետ: Քննարկվում էր հարց Շահումյանի ջրամբարների հետ կապված: Մեր Ջրմուղ-կոյուղին ընկերությանը ներկայացրել է բողոք, որ պայթեցումների հետեւանքով վնասներ է կրել: Քննարկվում էին նաեւ որոշ բնապահպանական հարցեր: Քննարկվեցին հարցեր նաեւ Շահումյան-բանավանի բնակարանների տարածքների գնման հետ կապված: Սրանք այնպիսի հարցեր էին, որոնք մենք պետք է փակ քննարկեինք»: Իսկ չորսօրյա գործադուլի դադարեցման մասին քաղաքապետը տեղեկացրեց, որ ընկերության ղեկավարներն ու աշխատակիցները` որոշակի փոխիջումներով, սակայն եկել են համաձայնության: Տնօրինությունը պարզեցրել է բոնուսային ծրագիրը, որի կիրառմամբ աշխատակիցների աշխատավարձերը լինելու են 220.000 դրամից ավելի: «Բոնուսային ծրագրում եղան փոփոխություններ: Մեկնարկային աշխատավարձը դարձրել են 135.00 դրամ, իսկ նախկինում դա եղել էր 115. 000: Ըստ իս` կոմբինատի ղեկավարությունը ճիշտ է վարվում, որովհետեւ առաջարկում է աշխատավարձի լավ համակարգ, որտեղ լավ աշխատողը ստանալու է բավականին մեծ գումար, իսկ վատ՝ այն մարդը, որ չի աշխատում, աշխատավարձ չի ստանալու»,- ասաց Արտուր Աթայանը: Ըստ նրա` հանդիպմանը քննարկվել են նաեւ այն աշխատակիցների ճակատագրերը, որոնց ընկերությունը գործադուլի ընթացքում ազատել էր աշխատանքից: «Մենք նաեւ խնդրեցինք, որ վերականգնի այն աշխատողներին, որոնց բողոքելու պատճառով աշխատանքից ազատել էին»,- ավելացրեց Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը: Քաղաքապետի փոխանցմամբ` գործադուլի ընթացքում ընկերությունը կրել է հազարավոր դոլարների վնաս, ինչն անդրադառնալու է աշխատակիցների վրա: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ աշխատակիցների աշխատավարձերն իջեցվելու են, քաղաքապետը պատասխանեց, թե նման բան չի կարող լինել: «Իհարկե ոչ, աշխատավարձերից դուրս չի գալու, ուղղակի ընկերությունն այդքան վնաս կրեց»,-հայտարարեց Արտուր Աթայանը: