Լեռնային Ղարաբաղի շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ երեկ հանդես են եկել հայտարարությամբ` կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների վերջին զարգացումների հետ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին իրադարձությունների կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական հասարակությունը` ի դեմս ոչ կառավարական կազմակերպությունների առաջնորդների եւ հասարակական փորձագետների, անհրաժեշտ է համարում հայտարարել.
Միջնորդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարությունները մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորման վերաբերյալ արմատապես հակասում են Արցախի եւ Հայաստանի շահերին եւ արտացոլում են միայն այդ երկրների շահերը, որոնք, ըստ երեւույթին, միշտ համընկնում են Ադրբեջանի շահերի հետ: Մենք` ԼՂՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, կարգավորման մեզ պարտադրվող տարբերակը գնահատում ենք որպես անօրինական, անարդար, անբարոյական եւ կործանարար ամբողջ հարավ-կովկասյան տարածաշրջանի համար: Իրավիճակը հակամարտության տարածաշրջանում կրկին ծայրաստիճան լարվածության է հասցվել: Դա հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Վտանգված է ԼՂՀ ու ՀՀ, հետեւաբար նաեւ ողջ տարածաշրջանի անվտանգությունը: Միջնորդների կողմից ԼՂՀ քաղաքացիների օրինական իրավունքների եւ առկա իրողությունների բացարձակ անտեսումը բազմիցս հակամարտության տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման պատճառ է դարձել:
Կարծում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը առանց ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության ապացուցել է իր բացարձակ անկարողությունը. այս կապակցությամբ կոչ ենք անում բանակցային գործընթացի միջնորդներին եւ մասնակիցներին վերջ տալ այս քաղաքական ֆարսին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հարաբերությունների կարգավորման հիմք ընդունելով առկա իրողությունը, արմատապես վերանայելով ներկայիս ձեւաչափը եւ բանակցությունների հիմնարար սկզբունքները`վերջապես զբաղվել իրական խաղաղարար գործունեությամբ, այլ ոչ թե հակամարտության հերթական գալարի արձակմամբ: Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ Խորհրդային Ադրբեջանի կողմից իրականացվող խտրականության քաղաքականության դեմ 20 տարի առաջ ըմբոստացած Արցախի ժողովուրդը մեկընդմիշտ որոշել է իր ճակատագիրը` բոլոր իրավական նորմերի եւ ձեւաչափերի անթերի պահպանմամբ համազգային հանրաքվեի հիման վրա ԼՂՀ անկախությունը հռչակելով: Դիմագրավելով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության լիակատար ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի ռազմական ագրեսիային` Արցախի ժողովուրդը պաշտպանել է սեփական ազատ պետության մեջ ապրելու իր իրավունքը: ԼՂՀ Սահմանադրությունը միակ անխախտելի օրենքն է, որին հետեւել եւ շարունակելու է հետեւել Արցախի ժողովուրդը: Արտաքին ուժերի ցանկացած փորձ խախտելու ԼՂՀ Հիմնական օրենքը, որով ամրագրված են նաեւ ազատագրված տարածքները, դատապարտված է: ԼՂՀ պաշտպանության բանակը, տասնյակ-հազարավոր պահեստայիններն ու ամբողջ աշխարհի հայ կամավորականները պետական սահմանների անձեռնմխելիության, Արցախի ժողովրդի կյանքի, իրավունքների եւ ազատությունների հիմնական երաշխիքն են: Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները եւ աշխատել տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ, սակայն ոչ սեփական անվտանգության եւ ազատության գնով, որի համար կյանքով են հատուցել ոչ միայն հազարավոր մարտիկներ, այլեւ խաղաղ բնակիչներ` կանայք, երեխաներ, ծերեր: Նրանց հիշատակը մեր արժանապատվությունն է:
Խաղաղ կարգավորման պլատֆորմը առուծախի վաճառասեղան չէ. Ազատությունն ու Արժանապատվությունը ապրանք չեն: Մենք հիշեցնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որեւէ համաձայնագիր չի կարող օրինական ուժ ունենալ, եթե այն չի արտացոլում ԼՂՀ քաղաքացիների կամքն ու օրինական իրավունքները, եւ եթե այդ փաստաթղթի տակ չկա ԼՂՀ ընտրված նախագահի ստորագրությունը: Զրպարտություններն անօգուտ են եւ ապարդյուն: Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է ոչ միայն պաշտոնական քաղաքական գնահատական տալ տեղի ունեցող բանակցություններին, այլեւ արդեն ժամանակն է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր թույլ են տվել բանակցությունների ընթացքի զարգացումն այն սցենարով, որն, արդյունքում, վտանգել է ոչ միայն մարդկանց կյանքը եւ հայկական պետականությունը որպես այդպիսին, այլեւ ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի հայերի եւ Հայաստանի ու Արցախի բարեկամների շահերը:
Հետայսու հիշեցնում ենք այն պաշտոնատար անձանց, կառույցներին եւ այլ հաստատություններին, որոնք իրենց իրավասու են համարում որոշել ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը, որ անձնապես պատասխանատու են եւ՛ ամբողջ աշխարհի հայության առջեւ, եւ՛ տարածաշրջանում բնակվող մարդկանց կյանքի համար:
Մեր իրավունքն անկապտելի է, մեր կամքը` անհողդողդ»:
Հայտարարության տակ, որը բաց է ստորագրության համար, երեկ արդեն ստորագրել են
Էլլադա Սահակյանը` հասարակական փորձագետ
Իրինա Գրիգորյանը` «ժողովրդական դիվանագիտության» ինստիտուտ
Տարոն Հակոբյանը` «Վերածնված հայրենիք»
Երվանդ Հաջիյանը` «Հայկի սերունդ»
Հասմիկ Միքայելյանը` «Մայրություն»
Լյուդմիլա Գրիգորյանը` Հասարակական փորձագետ
Գագիկ Բաղունցը` «Արցախի մտավորականության միություն»
Գեորգի Սաֆարյանը` «Մարդու իրավունքների պաշտպանության Արցախի միություն»
Սանասար Սարյանը` «ԼՂՀ փախստականներ միություն»
Աշոտ Ադամյանը` «Արցախի բժշկական միություն»
Գայանե Համբարձումյանը` «Կանանց ռեսուրս-կենտրոն»
Ջուլիետտա Առստամյանը` «Հարմոնիա» ՈԿԿ
Ալբերտ Ոսկանյանը` «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն»
Ալեքսանդր Հակոբջանյանը` հասարակական փորձագետ
Գեորգի Սահակյանը` հասարակական փորձագետ
Ստեփան Գրիգորյանը` «Երիտասարդ քաղաքագետներ»
Մասիս Մայիլյանը` «Ներքին քաղաքականության եւ անվտանգության հասարակական խորհուրդ»
Գալինա Առուստամյանը` «Զոհված ազատամարտիկների հարազատների միություն»