Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ-ում հակակարկտային համակարգի ստեղծման ծրագրի վերաբերյալ: Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը նման ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորել է այն հանգամանքով, որ Հայաստանի աշխարհագրական ու բնակլիմայական պայմանները նպաստավոր են մթնոլորտային վտանգավոր երեւույթների առաջացման համար, եւ դրանց վրա ակտիվ ներգործության ամբողջական համակարգի բացակայության հետեւանքով գյուղատնտեսությունը մեծ վնասներ է կրում: Կ. Կարապետյանն ընդգծելով խնդրի հասարակական, սոցիալական մեծ հնչողությունը` նշել է, որ այն ՀՀ նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում է: Ծրագրի վերաբերյալ հնչած առաջարկությունների, նկատառումների ու դիտողությունների քննարկման արդյունքում խորհրդակցության մասնակիցները որոշել են առկա հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործելով իրականացնել պիլոտային ծրագրեր, գնահատել դրանց առավելություններն ու թերությունները, որից հետո միայն խոսել համալիր ծրագրի մասին: