Հուլիսի 10-ին խորհրդարանի կողմից երրորդ ընթերցմամբ ընդունված ՀՀ «Հանրակրթության մասին օրենքը» ոլորտի մասնագետները բավական բարձր են գնահատում, մասնավորապես՝ դպրոցական խորհուրդների դերի բարձրացման, տնօրեններ ընտրելու սկզբունքի ներդրված մեխանիզմի կարեւորման, ինչպես նաեւ դպրոցների գործունեության ներքին եւ արտաքին գնահատման առումով:
«Հանրակրթության մասին օրենքի» դրույթները թույլ են տալիս ենթադրել, որ դպրոցի տնօրենը կամ մանկավարժական կազմն այսուհետ ընտրվելու է ոչ թե ծանոթ-բարեկամ փոխհարաբերությունների շրջանակներում, այլ` բացառապես մրցույթով, որը ենթադրում է գիտելիքների եւ հմտությունների պահանջվող բազայի գնահատման մեխանիզմ: Բացի այդ, այսուհետ դպրոցի տնօրեն կնշանակի ոչ թե մարզպետը կամ քաղաքապետը, այլ տվյալ պաշտոնին հավակնող թեկնածուն քննական պրոցեսը հաղթահարելով կստանա հավաստագիր, որից հետո դպրոցի կառավարման խորհրդի կողմից կընտրվի տնօրենի պաշտոնում: ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանն, արդեն երկրորդ օրն է, ՀՀ մարզկենտրոններում հանդիպումներ է ունենում դպրոցների տնօրենների հետ եւ նշյալ օրենքի դրույթները ներկայացնելով` տնօրեններին հորդորում է տիրապետել օրենքին եւ այն օգտագործել եւ՛ որպես սուր, եւ՛ վահան: Արագածոտնի մարզպետարանի Կրթության վարչության պետ Սիրամարգ Ղուկասյանը երեկ մարզպետարան էր հրավիրել մարզի թվով 124 դպրոցների տնօրեններին, որպեսզի Ա. Բախշյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվի օրենքը, եւ տնօրենները հնարավորություն ունենան իրենց հետաքրքրող հարցերը տալ պատգամավորին: Հիշեցնենք, որ «Հանրակրթության մասին օրենքը» սկսել է մշակվել դեռեւս 2005-ից, սակայն օրենքի չորս տարվա «ոդիսականը» պայմանավորված էր բոլոր այն կրթական բարեփոխումներով, որոնք իրականացվում էին դեռեւս 1999-ից: Այդ ընթացքում ընդունվել է հանրակրթության համակարգի բարեփոխումների համալիր ծրագիր, որի նպատակն է եղել ներդնել հաստատությունների ապակենտրոնացված կառավարում եւ ղեկավարում: Այդ ծրագրի շրջանակներում դպրոցներում ստեղծվեցին կառավարման բարձրագույն մարմիններ` դպրոցական խորհուրդներ, որոնց առկայությամբ պետք է ապահովված լիներ ղեկավարման ժողովրդավարացումը, համայնքի ու ծնողների ներգրավումը դպրոցի կառավարման գործում, բյուջետային միջոցների արդյունավետության բարձրացումը (աշակերտների թվով ֆինանսավորում), դպրոցների միջեւ մրցակցության խթանումը, համայնքի եւ ծնողների կողմից միջոցների ծախսման վերահսկողության ապահովումը եւ այլն: Սակայն փորձը ցույց տվեց, որ ծրագիրը ձախողվեց, քանի որ նախատեսված անկախ մարմինների լիազորությունների շրջանակներն իրենց չարդարացրին, եւ դպրոցներում տիրող պատկերը մնաց անփոփոխ: «Բարեփոխումների ծրագրերով վատ իրականացված գործառույթներն այս օրենքով շտկելու հնարավորություն կա: Հիմա բոլորդ ձեր մտքում կասեք` էդ դպրոցական խորհուրդներն ի՞նչ էին, որ… Այո՛, լավ չարմատավորեցինք խորհուրդների դերը, խեղաթյուրվեց այդ գաղափարախոսությունը, եւ նույնիսկ պահ եղավ, երբ ԱԺ-ի մակարդակով ուզում էին ետ գնալ, այն դեպքում, երբ պետությունը հսկայական միջոցներ ծախսեց այդ գաղափարախոսությունը ներդնելու համար: «Հանրակրթության մասին օրենքով» այժմ արմատավորվում է դպրոցների կառավարման ժողովրդավարական դրվածքը»,- նշեց Ա. Բախշյանը: Արագածոտնի մարզի բոլոր դպրոցներն ունեն խորհուրդներ, սակայն այլ հարց է, թե որքանո՞վ է խորհուրդների ինստիտուտն անկախ մարմին: Հիշեցնենք, որ դպրոցական խորհուրդների կազմը բաղկացած է փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրված երկու ծնողից, երկու ուսուցչից, ինչպես նաեւ՝ մարզի եւ համայնքի ներկայացուցչից: Ի դեպ, այս օրենքով սահմանված դրույթները չեն տարածվում մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը ընտրված տնօրենների վրա, քանի դեռ պայմանագրով սահմանված նրանց լիազորությունների ժամկետը չի ավարտվել: Հետեւաբար, Արագածոտնի մարզում ընտրված 12 տնօրենները մինչեւ 5 տարի ժամկետով կշարունակեն զբաղեցնել պաշտոնները, մինչդեռ անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենները մինչեւ 2011թ. օգոստոսի 1-ը կարող են վերապատրաստվել, ստանալ ուսումնական հաստատության կառավարման իրավունքի հավաստագիր եւ մասնակցել տնօրենի ընտրության մրցույթին՝ համաձայն ՀՀ կառավարության հաստատած սահմանված կարգի եւ ժամանակացույցի: Համապատասխան հավաստագիր չստացած, մրցույթը չհաղթած տնօրենի լիազորությունները դադարեցվում են: «Տնօրենի առաջին քայլը պետք է լինի հատուկ հանձնաժողով դիմելը, քննություն անցնելը, ստանալ հավաստագիր, ասել է թե` ստանալ կառավարման իրավունք: Հավաստագիրը ստանալուց հետո ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է մասնակցել հանրակրթական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթին»,- նշեց Ա. Բախշյանը` կարեւորելով հավակնորդի դպրոցի զարգացման պետական ծրագիրը: Այսինքն` թեկնածու(ներ)ն խորհրդին պետք է ներկայացնի դպրոցի զարգացման իր ծրագիրը: Մրցույթով ընտրված տնօրենը պայմանագիրը կնքում է խորհրդի հետ, ինչը կարեւոր հանգամանք է, քանի որ խորհուրդը դառնում է պահանջատեր եւ վերահսկող: Այսպիսով, նոր օրենքը պահանջում է, որպեսզի դպրոցի կառավարման խորհուրդը դառնա դպրոցի ջատագովը, եւ տնօրենն այսուհետ պաշտոնը պահելու համար վերադաս մարմնին տարբեր ծառայություններ մատուցելու փոխարեն, ամեն ինչ անելու է դպրոցի զարգացման իր իսկ մշակած ծրագրի արդյունավետությունը խորհրդին եւ համայնքին ապացուցելու համար: Ըստ Ա. Բախշյանի` օրենքի այս դրույթները կնվազեցնեն հանրակրթական համակարգի կոռուպցիոն ռիսկերը: Այս օրենքը տնօրենին վերահսկող մարմնի ողջ լիազորությունը վերապահում է դպրոցական խորհրդին, իսկ տնօրենը պարտավոր է հաշվետու լինել իր դպրոցի խորհրդին: «Դուք պատասխանատու եք, հաշվետու եք խորհրդին, խոշորացույցով պետք է լինեք ձեր խորհրդի դիտակետում: Առաջին անգամ օրենքում հստակ գրված է, թե ե՞րբ կարող է խորհուրդը դադարեցնել լիազորությունը, եւ ե՞րբ կարող է խորհրդի անդամ նշանակվել: Առաջվա նման չէ, որ մեկը գիշերը քնի, երազում տեսնի եւ առավոտյան որոշի իր ուզած մարդուն խորհրդի անդամ նշանակել: Եթե դուք ամեն ինչ անում եք երեխաների կրթության իրավունքն իրացնելու համար, ապա այս օրենքը ձեր ճանապարհը բացելու է եւ ձեզ պաշտպանելու է ձեր ազնիվ, կառուցողական նպատակների դեմ ոտնձգություն կատարվելու դեպքում»,- նշեց Ա. Բախշյանն` Արագածոտնի մարզի դպրոցների տնօրեններին հորդորելով` ներկայացնել կրթությունը կազմակերպելու այլընտրանքային ծրագրեր եւ մասնակցել մրցույթին:
Ի դեպ, երկու օր առաջ Արարատի մարզում տեղի ունեցած հանդիպման ժամանակ մարզի դպրոցների տնօրեններից մեկն այս օրենքի վերոնշյալ դրույթը համարել է «ապուշություն»: Տնօրենի նման դիրքորոշումը կարելի էր հասկանալ Արարատի փոխմարզպետ Սամվել Մինասյանի` հանդիպմանը մասնակից լինելու փաստով: Եթե նախկինում անժամկետ պայմանագրով դպրոցների տնօրեններ էր նշանակում մարզպետն, ապա այսօր այդ լիազորությունը վերապահված է դպրոցական խորհրդին, հետեւաբար՝ մարզպետարանի պաշտոնյաների ներկայությունը տնօրենների մոտ լարվածություն է առաջացնում: Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում տնօրենի պաշտոնն արժե որոշակի կլորիկ գումար, հետեւաբար՝ վերադաս մարմինն այս նոր օրենքով զրկվում է փող աշխատելու տարածված մեխանիզմը կիրառելուց: Իսկ դպրոցի տնօրեններ կարող են ընտրվել այն մարդիկ, ովքեր արդարացիորեն կանցնեն իրենց գիտելիքների եւ կրթությունը կազմակերպելու հմտություններն ապացուցելու փուլերը: Այս գործընթացի արդյունքում, հուսանք, որ կարող ենք ունենալ դպրոցի գրագետ, անկաշառ տնօրեն եւ կրթությունը կազմակերպող լավ մենեջեր: Արագածոտնի մարզի դպրոցների տնօրենները բավական հետաքրքրված էին օրեր առաջ ընդունված օրենքով եւ, քանի որ նրանք դեռեւս ձեռքի տակ չունեին այդ փաստաթուղթը` բուռն քննարկում ստեղծվեց դահլիճում: Բնականաբար, դահլիճում ներկա տնօրեններից ոմանք համաձայն չէին օրենքի որոշ դրույթների հետ:
Ներկայացնենք «Հանրակրթության մասին օրենքի» մի քանի դրույթներ.
Պետական ուսումնական հաստատության խորհուրդը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ընտրում է տնօրեն եւ հիմնադրի անունից նրա հետ կնքում աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի փորձագիտական եզրակացության հիման վրա վաղաժամկետ դադարեցնում տնօրենի լիազորությունները` օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով:
Հաստատում է ուսումնական հաստատության կազմակերպական կառուցվածքը, ներքին կարգապահական կանոնները, հավանություն է տալիս զարգացման ծրագրին:
Քննարկում եւ հավանություն է տալիս ուսումնական հաստատության հաստիքային եւ տարիֆիկացիոն ցուցակներին, քննարկում է ֆինանսատնտեսական եւ ուսումնադաստիարակչական գործունեության հաշվետվությունները: