Աշունը սրտում

17/07/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Թուրքիան ներկայացնող կինոռեժիսոր Օզջան Ալփերը «Ոսկե ծիրան» փառատոնում ցուցադրեց իր առաջին լիամետրաժ «Աշուն» ֆիլմը, որը մարդկային «գնի», հույսերի ու ապարդյուն կորցրած տարիների մասին պատմող խաղաղ ու գեղեցիկ կինոժապավեն է:

Ֆիլմի հերոս Յուսուֆը համշենահայ է (Սեւ ծովի ափերի տարածքում ապրող իսլամ ընդունած էթնիկ հայ), ով 10 տարվա ազատազրկումից հետո հայրենի գյուղ է վերադառնում: Նա Ստամբուլում հանրահավաքների ու քաղաքական ակցիաների մասնակիցն է եղել, ինչպես ասվում է ֆիլմում` «սոցիալիզմ է պահանջել», եւ հիմա բանտից դուրս է եկել հիվանդ թոքերով ու խամրած հայացքով: Յուսուֆը հիմա ոչինչ չի փնտրում, ոչ մի տեղ չի շտապում, նա կարծես ամեն վայրկյան ըմբոշխնում է իր գոյությունը, հարազատ սարերն ու աշնանային գույներով ողողված անտառը: Նույնիսկ կռռացող ագռավը, ծառից պոկվող միայնակ տերեւն ու ձորի եզրին տեղադրված նստարանը այնպիսի սիրով են պատկերված, որ հանդիսատեսին սուզում են յուրատեսակ մեդիտացիայի մեջ: Հայրենի հողից ոչինչ ավելի թանկ լինել չի կարող… Օզջան Ալփերը նկատեց, որ շատ է ազդվել Սերգեյ Փարաջանովից, եւ «Աշունն» էլ կտավի նմանություն է ստացել: Ֆիլմի անշտապ ռիթմը երիտասարդ համշենահայ կինոռեժիսորին թույլ է տալիս ցույց տալ իր հայրենիքի վեհ ու զուսպ բնությունը, սարերի նման ամուր ու հավատարիմ Յուսուֆի մոր բնավորությունը (որն, ի դեպ, որդուն սպասելու ընթացքում նույնիսկ թեյ չի խմել, քանի որ թեյը միայնակ չեն խմում):

«Աշունը» եռալեզու ֆիլմ է, որտեղ, թուրքերենից բացի, հերոսները խոսում են համշենահայերեն ու վրացերեն: «Թեեւ Հայաստանն ինձ համար օտար երկիր է, բայց շատ կարեւոր է հենց այստեղ ներկայացնել հայերենի բարբառներից մեկը, եւ ինձ համար շատ թանկ է ձեր կարծիքը»,- ասաց Ալփերը: Հերոսուհիներից մեկը վրացուհի պոռնիկ Էկան է, որը թողել է իր հարազատ Բաթումն ու փոքր դստերը` փող վաստակելու համար: Ալփերը նկատեց, որ ֆիլմում փլուզված Սովետական Միության հետքը ցուցադրելն իր համար կարեւոր էր. «Այդ փլուզումը ոչ միայն ձեր, այլ նաեւ` մեզ վրա ազդեց: Եվրոպայում ու հարեւան երկրներում տարբեր մարդկային պատմություններ գոյացան: Մարդիկ իրենց ավելի ազատ ու անկախ զգացին` սկսելով ուշադրություն դարձնել սոցիալական ապահովության եւ մարդու իրավունքների վրա: Եվ ավելի սրվեցին տարբերությունները հարուստ եւ աղքատ մարդկանց միջեւ: Իհարկե, մեր տարածաշրջանում առկա իրավիճակը ես միացրել եմ իմ անձնական հայացքի հետ, ինչը դրդեց ինձ առաջ մղել մարդկային գործոնը: «Աշունն» ինձ համար մահվան եւ սիրո պատմություն է»:

Յուսուֆը ֆիլմում գրեթե միշտ լուռ է, բառերն արդեն արժեզրկվել են: Իսկ ֆիլմ կազմող բոլոր կադրերն այնքան ստատիկ ու նույնիսկ ցավ առաջացնելու աստիճան գեղեցիկ են, որ երբ տեղում է առաջին ձյունը, հասկանալի է դառնում, որ հերոսի կյանքն ավարտվել է: Ավարտվել է, այդպես էլ չսկսվելով… Ֆինալում էլ հնչում է թախծոտ ու հույսով լի երգ` նույնպես համշենահայերենով: Ալփերն ասաց, որ իրենք ֆինալային երգի բարդ ընտրություն են անցկացրել, եւ կանգ են առել հինավուրց մի մեղեդու վրա, որին համապատասխան նոր բառեր են գրել:

«Աշունը» ֆիլմում բացահայտ քաղաքական զուգահեռներ չկան, սակայն այս ֆիլմը չափազանց սուր հնչեղություն ունի: «Եթե հնարավորություն ունենայի կյանքս նորից ապրել, նույն բանը կանեի»,- ասում է մահվան շեմին կանգնած հերոսը: Ի դեպ, ֆիլմի հեղինակը շատ լավ գիտե, թե ինչ բան է քաղաքական հետապնդումը: «Թեեւ իմ հերոսի նման բանտում չեմ նստել, բայց բազմաթիվ ընկերներ ունեմ, որոնք նույն ճակատագիրն են ունեցել, ինչ Յուսուֆը: Քաղաքական ճնշումներն այս ֆիլմում չեն երեւում, ես դա հատուկ չեմ ցանկացել ցույց տալ: Բայց ֆիլմում կա այսօրվա Թուրքիայի կյանքը: Եվ բնական է, որ Յուսուֆի մեջ կան եւ իմ, եւ իմ ընկերների կյանքի արտացոլումները»,- ասաց նա:

2001թ. նկարահանված կարճամետրաժ «Մոմի» ֆիլմի պատճառով Օզջան Ալփերը դատվեց Թուրքիայի զինվորական դատարանով: «Այդ ժամանակ դեռ չկար հայտնի 301 հոդվածը, քանի որ Թուրքիան իր օրենքները դեռ չէր համապատասխանեցրել եվրոպական օրենքներին: Եվ ես դատվեցի 8-րդ հոդվածով, որը պետության անքակտելիությունը խախտելու համար էր պատիժ նախատեսում: «Մոմին» համարվեց այդ անքակտելիությունը խարխլող ֆիլմ, ես նյութական պատիժ կրեցի եւ 1 տարի պայմանական ազատազրկման արժանացա: Ես կարող էի ազատության մեջ մնալ` մինչ երկրորդ անգամ նույն մեղքը գործելը: Եթե 5 տարվա ընթացքում որեւէ սխալ անեի, իմ պատիժը կկրկնապատկվեր, եւ ես իրականում բանտում կհայտնվեի»,- պատմեց ռեժիսորը:

Նկատելի է, որ վերջին տարիների ընթացքում համարձակ ու պրոֆեսիոնալ թուրքական ֆիլմեր են ստեղծվում եւ կինո է մուտք գործում նոր սերունդը: Ալփերը ուղղում է անում. «Դա ոչ թե նոր թուրքական կինո է, այլ նոր Թուրքիայի կինո է, քանի որ ես էլ կամ այդ երիտասարդների շարքերում (թեեւ, իհարկե, մեզանից շատերը այդքան էլ երիտասարդ չեն, ավելի շուտ միջին տարիքի ռեժիսորներ են): Ընդհանրապես հիմա ամբողջ աշխարհում երիտասարդները կամ հետեւում են Հոլիվուդի ֆիլմերի պատրաստման եղանակին, կամ հիմնվում են եվրոպական կինոյի վրա: Մենք փորձում ենք հենվել իտալական նեոռեալիզմի եւ ֆրանսիական կինոյի վրա: Նոր Թուրքիայի կինոն փոքր-ինչ հակառակվում է հոսանքին ու կինոն այլ ճանապարհով է տանում` փորձելով Թուրքիայի իրական կյանքը ցույց տալ: Հոսանքին հակառակ ընթանալը միգուցե արտաքնապես չի զգացվում «Աշունը» ֆիլմում, բայց համշենահայերենի օգտագործումն արդեն իսկ հակառակվել է նշանակում: Մեր քուրդ գործընկերներն էլ, օրինակ, հիմա սկսել են քրդերենով ֆիլմեր նկարահանել: Թեեւ այդ քայլերն իրենց մեջ բացահայտ քաղաքական պարունակություն չունեն, բայց որպես քաղաքական քայլ են ընկալվում»:

Օզջան Ալփերը հայ-թուրքական կինոպլատֆորմի անդամ է, եւ համոզված է, որ մեր երկրների կինոգործիչների շփումները մոտ ժամանակներում իրենց արդյունքը կտան: Արդեն նկարահանվում են մի քանի վավերագրական ֆիլմեր, որոնց մեջ անդրադարձ կլինի մեր պատմությանը, Եղեռնի թեմային եւ Կոմիտասի կերպարին: «Կարծում եմ, որ շփումները օգուտ կտան, քանի որ կինոն ազդեցիկ արվեստ է, որը սկսվում է ֆիլմերով, սակայն ֆիլմերի շրջանակներից դուրս է գալիս` ակնարկելով քաղաքականության, պատմության, նաեւ Եղեռնի մասին… Բոլորիս դժբախտությունը հենց չիմանալու մեջ է: Չեմ կարող ասել, թե ինչպես է Հայաստանը ընկալում Թուրքիայի քաղաքացիներին, բայց համոզված եղեք, որ մեր երկրում շատ մտավորականներ ու արվեստագետներ կան, որոնք հստակ պատկերացնում են` ինչ է եղել անցյալում, գիտեն ու ընդունում են Ցեղասպանությունը»,- ասում է նա:

Ուշագրավ է, որ «Աշունը» ֆիլմի մեկնարկը տրվել է հենց Հայաստանում, քանի որ Ալփերը «Ոսկե ծիրանի» «Ռեժիսորներ առանց սահմանների» ֆորումի մասնակից է եղել: «Ոսկե ծիրանն» ինձ համար շատ կարեւոր է, քանի որ ոչ միայն եվրոպացի, այլեւ` մեր տարածաշրջանի կինոգործիչների հետ ծանոթանալու, շփվելու, մտահղացումներով կիսվելու հնարավորություն եմ ունենում: Ինձ համար շատ կարեւոր է հայերի, վրացիների հետ կապ հաստատելը: Հակառակ քաղաքական տարբերությունների ու բաժանումների` հետաքրքիր է մարդկանց միավորման մասին պատկերացում կազմել»,- ասաց Ալփերը, ում դեբյուտային ֆիլմը ավարտվում է «Նվիրվում է իրենց երազանքներին հավատարիմ մնացած բոլոր մարդկանց» ուղերձով: