«Ռուբիկն առանց սահմանի մարդ էր»,- լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի մասին ասում է կապանցի նկարիչ Ռոբերտ Կամոյանը

17/07/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նախկինում Կապանի քաղաքապետարանի բարձր պատվանդանի վրա տեղադրված էր Լենինի կիսանդրին: Պատվանդանը հիմնականում ծառայում էր որպես ռաբիս երգիչների համերգների թռուցիկները փակցնելու վայր, ինչպես նաեւ՝ սիրո խոստովանությունների գրատախտակ: Տարիներ անց այն մարդիկ, ովքեր Լենինի առջեւ խոնարհվում էին այն աստիճան, որ քթերը համարյա կպչում էր գետնին, արձանի կողքով անցնելիս իրենց հայացքները փախցնում էին: Շատ չանցած Լենինի հանդեպ նույն այդ մարդկանց ատելությունն այն աստիճանի հասավ, որ պատվանդանից հենց իրենց պահանջով էլ Լենինի գլուխը իջեցրին: Այս ամենը հիշեցինք կապանցի գեղանկարիչ Ռոբերտ Կամոյանի ամառանոցում, ով, ի դեպ, երջանկահիշատակ լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի հորաքրոջ տղան է: Մինչ զրույցին անցնելը, Ռոբերտ Կամոյանը հետաքրքրվեց` երբեւէ հանդիպե՞լ եմ Ռուբիկին: Թեեւ անձամբ ծանոթ չեմ եղել նրա հետ, բայց ո՞վ ծանոթ չէ նրա լուսարչական ռեպորտաժներին: Եվ այդ պահին հանկարծ հիշում եմ Ռուբեն Մանգասարյանի «Սեւ կյանք» լուսանկարների շարքը, որի հերոսներից մեկը` մի կին, հայտնվում է աչքիս առջեւ: Այդ կնոջ հայացքում մայրությունը ետ էր մղել անգամ թշվառությանը: «Ես 1915 թվականը չեմ տեսել, բայց նկարում եմ ցեղասպանություն»,- նկատում է Ռ. Կամոյանը: Ապա, թե` «Մեր Ռուբիկի մեջ ոչ մի շինծու բան չկար: Նա կարծես ուրիշ մոլորակից էր եկել: Նա գիտեր ինչ է ազգը, անձը, հավատքը: Իմ սովորության համաձայն՝ ես մեծամիտ եմ, ու ինձ թվում էր, թե ով ինչ էլ ասի, չի կարող ասել այն, ինչ ես գիտեմ: Դրա համար էլ մեր զրույցները կցկտուր էին լինում, բայց էդ կցկտուրի մեջ ես զգում էի, որ ինքը ճիշտ էր»,- բարձրաձայն մենախոսում է գեղանկարիչը: «Շատ բծախնդիր էր Ռուբիկը: Մի մարդուն կարող էր մի տասը անգամ լուսանկարել: Դա գալիս է նրանից, որ հայրը նկարիչ էր: Նա կարողանում էր կերպարներ ստեղծել: Դրանք պարզապես լուսանկարներ չէին: Դրանք գեղարվեստական արժեք ունեն, որոնք ասում են` կանգ առ ու ինձ նայիր»,- պատմում է Ռ. Կամոյանը` լուսանկարներից անցնելով դեպի համաշխարհային կրոնների թեման, որոնք, ըստ նրա, մարդկության անցած փուլերն են, որին հաջորդելու է մի նոր շրջան: «Իսկ էդ նոր շրջանը լինելու է եղբայրության շրջանը: Ռուբիկն արդեն էդ էտապում էր: Նա գիտեր էդ մասին: Նա առանց սահմանի մարդ էր: Նրա մասին չեմ ուզում շատ ածականներով կամ մակդիրներով խոսել: Նա ամբողջական կերպար էր»,- նշում է Կամոյանը` վառելով առաջին գլանակը: Քիչ հետո զրույցի ընթացքը փոխում է` հասնելով մինչեւ հունական դիցաբանություն, որը ինքը` գեղանկարիչը, չի ընդունում: Նրա կարծիքով` հունական դիցաբանության հիմքը եղել է հայկական դիցաբանությունը, բայց քանի որ հայերը ժամանակ չեն ունեցել` դրանից օգտվել են հույները: «Ռուբիկից հեռու գնացի… Բայց մի բան էլ ասեմ, դիցաբանություն չկա: Դա մարդիկ են ստեղծել: Էս մասին ես ու Ռուբիկը մի ամբողջ գիշեր խոսում էինք: Ես ասում էի, որ դիցաբանություն չկա: Դա ժողովրդի հիշողությունն է»,- ինքնաեռի կաթկթոցի տակ հիշում է գեղանկարիչը` վառելով ծխախոտի երկրորդ գլանակը: Լռությունը լցրեց ինքնաեռի շուրթից կախված կաթիլը: Սա նկատելով` գեղանկարիչը հիշեց. «Ռուբոն սիրում էր սամավարի չայ: Հենց մտնում էր մեր տուն` ասում էր. «Ռոբ, սամավարը միացրու»: Մի օր էլ, երբ նստած խոսում էինք, հանկարծ ասաց. «Ռոբ, մի րոպե մի շարժվիր: Դու խինդեղն ես»: Սա ասելուն պես ինձ իջեցրեց իրենց տան մոտ, որտեղ մեծ խինդեղներ կային: Ինձ ասաց` մտիր էդ խինդեղների մեջ: Ես էլ մտնում եմ խինդեղների մեջ, որտեղ մենակ գլուխս է երեւում: Հետո սկսում է լուսանկարել: Իսկ ես միշտ ուզում էի նրան նկարել, բայց Ռուբիկն անընդհատ շարժվում էր: Ասում էի՝ Ռուբո, մի րոպե տիտիկ կանե՞ս` քեզ նկարեմ… Էդպես էլ չկարողացա»,- աչքերի անկյուններում թաքնված արցունքներից մեկը չարաճճիորեն մատնում էր կապանցի նկարչի հուզմունքը: «Չեմ հավատում, որ Ռուբիկն էլ չկա»,- ասում է Կամոյանը: Նորից լռում ենք: Կամոյանի թիկունքին գյուղի գերեզմանոցն է, որի հարեւանությամբ էլ գտնվում է դպրոցը: «Մանկությանս տարիներին քնում էի տատիկենց տան կտուրին: Սիրում էի պառկել ու աստղերով նկարել: Մի ամառ, երբ Ռուբիկն էլ էր եկել գյուղ, գիշերը բարձրացավ կտուր, ասաց` «Ռոբ, մոժնո յա տոժե լյագու»: Ինքն էլ պառկեց, ու երկուսով սկսեցինք նայել երկնքին ու փնտրել կերպարներ»,- պատմում է Ռոբերտ Կամոյանը: Թեեւ զրույցը դեռ շարունակվում էր` կայանելով տարբեր կանգառներում, բայց մեկ է` հասնում ենք մի կետի, որը շրջանցել չէր լինում: Գյուղի գերեզմանոցն է` բնակիչների հարատեւ հարեւանը: Գեղանկարչի հետ դուրս ենք գալիս փոքրիկ պատշգամբը, որտեղից նա մատնացույց է անում Ռուբեն Մանգասարյանին: «Շատ հաճախ եմ գնում գերեզմանոց: Կան մարդիկ, ովքեր կանչում են ինձ: Էստեղ կանգնած` զրուցում եմ նրանց հետ: Բայց Ռուբիկը մինչ էսօր ինձ չի կանչել: Բայց հաստատ կկանչի, գիտեմ»,- ասում է գեղանկարիչը: Նրան հրաժեշտ տալով` ճանապարհ եմ ընկնում դեպի գերեզմանոց` ճանապարհին հավաքելով դաշտային ծաղիկների մի փոքրիկ փունջ: Հասնում եմ գերեզմանոցի մոտ, բայց ինչ-որ բան խանգարում է առաջ գնալ: «Վերեւ, վերեւ բարձրացիր»,- ասում է Կամոյանը, ում ցուցումներին փորձում եմ հետեւել: Խոտերի մեջ լսում եմ ինչ-որ սողունի շարժ: Ետ եմ կանգնում, բայց նորից ինձ է հասնում Կամոյանի ձայնը: Շիրմաքարերից մեկի մոտ էլ հանդիպում եմ Սամվել պապիկին, ով իր առօրյա խոտհունձն էր անում գերեզմանոցում: «Տեսնում ես, աղջիկ ջան, այ էն վերջին քարը` վեցերորդը, Ռուբենինն է: Դեռ տարին չի լրացել, որ քար դնեն: Դրանից առաջ հոր գերեզմանն է` Սարգիս Մանգասարյանինը»,- ասում է ուղեկիցս` Սամվել պապը: Քիչ անց ետդարձի ճանապարհն եմ բռնում: Հասնում եմ գյուղի ակումբի մոտ: «Դուք մեր նավեսը չեք տեսել, չէ՞: Էդտեղ մինչեւ 1920 թվականը մեր գյուղի հայտնի դեմքերն են: Նրանց նկարել է Ռուբեն Մանգասարյանի հայրը` Սարգիս Մանգասարյանը»,- պատմում են գյուղացիները` ուղեկցելով ինձ դեպի նավես: «Այ, հենց էս նկարների դիմաց լինելու են Ռուբեն Մանգասարյանի լուսանկարները: Տեսնում եք` էս էլ նրա հայրն է: Էս ամբողջը ինքն է նկարել, մենակ էս վերջին մի քանիսը նկարել է Ռոբերտ Կամոյանը»,- ասում են գյուղացիները: Իսկ գյուղի առօրյան նույնն է` հոգսաշատ ու ծանր: «Էդ խոտը շտըղան ես պերո՞ւմ: Հա, չըմանի խոտը լավն ա»,- խոսում են երկու գյուղացի: Այս մարդիկ նույն տոկունությունն ունեն, ինչպիսին ջղաձգված ժայռերի վրա ցաքուցրիվ աճած ծառերը, որոնք կեսօրի արեւի տակ երակների պես ցցվում են ու սպասում են երեկոյան հանգստության: Երեկոն դանդաղ մոտենում էր: