Վերջապես արձագանքեցին

17/07/2009

ԼՂՀ կարգավորման շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ-ն երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում բանակցային գործընթացը գնահատվել է «խեղաթյուրված»: Ուստի ԼՂՀ ԱՀԳ-ն անհրաժեշտ է համարում դրա «վերաբեռնավորումը»: «ԼՂՀ դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մնում է անփոփոխ: Անհնար է հասնել հակամարտության կարգավորմանը` անտեսելով առկա իրողությունները: ԼՂՀ-ն անցյալ վերադարձնելու ցանկացած փորձ ոչ միայն անարդյունավետ է, այլեւ հղի է հակամարտության նոր սրացումով»,- նշված է հայտարարության մեջ: «Բանակցություններում իրական առաջընթացի հնարավոր է հասնել միայն բանակցային գործընթացի բոլոր փուլերին ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցությամբ: Ցանկացած համաձայնություն, որը շոշափում է ԼՂՀ-ի շահերը, ճակատագիրը եւ ապագան, չի կարող ընդունվել առանց այդ երկրի ժողովրդի եւ նրա ճակատագրի համար անմիջական պատասխանատվություն կրող ղեկավարության մասնակցության: Գտնում ենք, որ անհրաժեշտ է խեղաթյուրված աղավաղված բանակցային գործընթացի վերաբեռնավորում, որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմ, ԼՂՀ վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ եւ կարգավորման հիմնարար սկզբունքների փոխակերպում»: