Սգո օր՝ ի հիշատակ վթարի զոհերի

17/07/2009

Երեկ Երեւանի ժամանակով ժամը 12:50-ի սահմաններում Իրանի տարածքում` մայրաքաղաք Թեհրանից հյուսիս-արեւմուտք գտնվող Ղազվին նահանգում թռիչքից 16 րոպե անց վայր է ընկել Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող իրանական «Caspian Airlines» ընկերության «Տու-154» ինքնաթիռը: Դժբախտաբար, ինքնաթիռի բոլոր 153 ուղեւորները եւ անձնակազմի 15 անդամները զոհվել են: Երեկ երեկոյան Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պաշտոնական տվյալներով՝ ուղեւորներից 35-ը եղել են հայկական ազգանվամբ, 4-ը` Հայաստանի քաղաքացիներ: Ինքնաթիռի անձնակազմի 2 անդամները եւս ՀՀ քաղաքացիներ են, ովքեր պայմանագրով աշխատում էին «Կասպյան ավիաուղիների» համար: Վթարի պատճառները դեռեւս հայտնի չեն, թեեւ շրջանառվում են մի շարք վարկածներ` կապված հիմնականում տեխնիկական անսարքության եւ ինքնաթիռի շարժիչում հրդեհի բռնկման հնարավորության հետ: Երեկ Միջպետական ավիացիոն կոմիտեն արդեն հայտարարել է, որ Իրան է ուղարկելու մասնագետների, որպեսզի նրանք հետաքննեն վթարի ենթարկված «Տու-154» օդանավի աղետի պատճառը: Ավիավթարի ժամանակ բազմաթիվ մարդկային զոհերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ հայազգի անձանց զոհվելու կապակցությամբ երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետությունում 2009 թվականի հուլիսի 16-ին սուգ հայտարարելու մասին: