Վարչապետը` նաեւ գովազդային գործակալ

17/07/2009

Երեկ տեղի է ունեցել Երեւան-Բաթում նորոգված գնացքի երթուղու շնորհանդեսի արարողությունը, որին մասնակցել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Լրագրողները վերջինիս հարցրել են, թե ինչպե՞ս է վարչապետը մասնակցում դեպի արտերկիր զբոսաշրջային երթուղու շնորհանդեսին, եթե մինչ այդ բազմիցս քարոզել է հանգստանալ Հայաստանում եւ Ղարաբաղում: Տ. Սարգսյանն ասել է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, որը Հայաստանի երկաթուղիների հավատարմագրային կառավարումն է իրականացնում, առաջարկում է հանգստյան տարբերակներ ոչ միայն Բաթումի ուղղությամբ: «Երեւան-Շորժա շատ հետաքրքիր ծրագիր է առաջարկվում այսօր երկաթգծի կողմից, որ նախկինում այդպիսի բան չի եղել: Դուք գնում եք արդեն տոմս, որի մեջ ներառվում է երկու օրվա գիշերավարձը, այդ ձեր վագոնը ձեր տրամադրության տակ է լինելու երեք օր, երկու գիշերով, դուք գնում եք Շորժա, այնտեղ հանգստանում եք եւ վերադառնում եք հետ: Եվ եթե դուք համեմատեք այլընտրանքի հետ, եթե դուք մեքենայով գնաք, վարձեք այնտեղ տնակ եւ երկու օր մնաք Շորժայում այդ տնակում, ապա այս առաջարկը, որ հիմա ձեզ ներկայացվում է, կարծում եմ, ֆինանսական տեսակետից ավելի ձեռնտու է, եւ ես համոզված եմ, որ հազարավոր մեր քաղաքացիներ նախապատվությունը կտան այդ հնարավորությանը: Շատ հարմարավետ է գնացքով գնալ, գնացքում գիշերել, հենց ծովի ափին կանգնում է գնացքը, լողանում են, օգտվում են բոլոր հնարավորություններից եւ հետ են գալիս»,- երկաթուղու եւ նրա առաջարկած «լողանալու» ուղեգրերը հանգամանորեն գովազդել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Լրագրողները նրանից հետաքրքրվել են նաեւ, թե ի՞նչ ընթացքի մեջ է Բաթումի-Երեւան ավտոճանապարհի շինարարության ծրագիրը, որը այլ կերպ կոչվում է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի ծրագիր: «Նորմալ ընթացքը գնում է, մեր բոլոր ծրագրերը հաստատված են Ասիական բանկի կողմից: Վերջին այցելության ժամանակ Սահակաշվիլին նույնպես հայտարարեց եւ հավաստիացրեց, որ նրանք նույնպես Ասիական բանկի հետ եկել են համաձայնության: Մոտակա տասը օրերի ընթացքում մեր պատվիրակությունը կմեկնի Վրաստան, որտեղ բոլոր տեխնիկական հարցերը կքննարկվեն, Էկոնոմիկայի նախարարության, Տրանսպորտի եւ կապի նախարարության մասնագետների մասնակցությամբ: Եվ ունենք ինչպես քաղաքական համաձայնություն, մեր վրացի գործընկերների հետ, այնպես էլ ունենք Ասիական բանկի հաստատված մոտեցումը, որ այդ ծրագիրը պետք է իրականացվի»,- ասել է Տիգրան Սարգսյանը: