«Պահն է լրջանալու»

17/07/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հավաստմամբ` հուլիսի 17-ին Մոսկվայում կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամանակ Հայաստանը որեւէ փաստաթուղթ չի ստորագրի:

Ա. Մելիքյանը, սակայն, կարծում է, որ հրապարակված Մադրիդյան սկզբունքներն «ադրբեջանական կողմի շահերի ձեւակերպումներն են»: Հայաստանն, ըստ նրա, չկարողացավ ձեւակերպել ու միջազգային հանրությանը ներկայացնել իր մոտեցումներն ու շահը, հետեւաբար` արդյունքում այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանն օկուպանտ է: «Մադրիդյան սկզբունքները պարզապես հաստատագրում են, որ հայկական կողմերը համաձայն են իրենց մեղսագրված մեղքերին»,- նշեց Ա. Մելիքյանը: Հայաստանի թերանալու պատճառը, ըստ Ա. Մելիքյանի, արտաքին գերատեսչության ներկայացուցիչների փորձի ու պրոֆեսիոնալիզմի պակասն է, գերտերությունների շահերը սխալ հասկանալը, սեփական ռեսուրսի թերագնահատումը, Հայաստանի կոռումպացվածությունը: «Դրանք միավորվելով՝ ստեղծել են այս իրավիճակը: Սա թերացում է, բայց սա միտումնավոր ոչինչ չէ: Եվ մենք պետք է նաեւ ներողամիտ լինենք դրա համար: Բայց եթե կան լուծումներ, կա տեսանելի ճանապարհ, դրանից հրաժարվելն է հանցագործություն»,- ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարարը:

Խոսելով ԼՂ հարցի լուծման մյուս տարբերակների, մասնավորապես` մինչեւ 1998թ. առաջարկված տարբերակների մասին, Ա. Մելիքյանն ասաց, որ որոշ վերաձեւակերպումներ կան, բայց «էությունը մնում է նույնը»: «Թե առաջին (մինչեւ 1998թ.) եւ թե երկրորդ փուլում միջնորդները հայկական կողմերին պարտադրում էին ազատագրված տարածքների հանձնում, ադրբեջանցիների վերադարձ իրենց նախկին բնակավայրերը, դրա փոխարեն, ըստ էության, հետաձգելով Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը եւ բացարձակապես չանդրադառնալով ադրբեջանահայերի վերադարձման հարցին»,- կարծում է Ա. Մելիքյանը: Նրա ասելով, ՀՀ եւ ԼՂ իշխանություններն առաջնայնությունը տալիս են ԼՂ կարգավիճակի հարցին, մինչդեռ կարգավիճակի հետ նույն մակարդակի վրա պետք է դիտարկել նաեւ հայ փախստականների խնդիրը, նրանց կրած վնասների փոխհատուցումը: «Սրանք այն խնդիրներն են, որ հայկական կողմը չլուծեց: Ադրբեջանահայ փախստականների խնդիրն իրականում ԼՂ հիմնախնդրի հիմնական բաղկացուցիչներից մեկն է եւ հայկական կողմի համար խնդրի լուծման բանալին է»,- նշեց Ա. Մելիքյանը: Նաեւ որպես ասածի հիմնավորում, նա նշեց, թե` խոսելով փախստականների վերադարձման խնդրի մասին, կարելի է հասնել նրան, որ ադրբեջանահայ փախստականներին իրավունք տրվի վերադառնալ ազատագրված շրջաններ եւ այդպիսով այդ ազատագրված տարածքները չհանձնել Ադրբեջանին: Ա. Մելիքյանի ասելով` ադրբեջանահայ փախստականների եւ Հայաստանից ու ԼՂ-ից Ադրբեջան գաղթած ադրբեջանցի փախստականների թիվը մոտավորապես նույնն է` 500.000: Ուստի, ըստ նրա` փախստականների խնդիրը կարելի է լուծել այնպես, ինչպես ժամանակին լուծվեց Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ եղած նմանատիպ խնդիրը` Թուրքիայի հույները տեղափոխվեցին Հունաստան, իսկ Հունաստանի թուրքերը` Թուրքիա:

Ա. Մելիքյանը ԼՂ հարցում ստեղծված իրավիճակի համար, Հայաստանի ու Ղարաբաղի իշխանություններից բացի, մեղադրեց նաեւ միջնորդներին: «Խնդիրն ունի իր նախապատմությունը: Միջնորդները բանակցային գործընթացի միջոցով խեղաթյուրել են, չեն փնտրում արդարություն, չեն փնտրում խնդրի իրավացի լուծում, փորձում են քաղաքական լուծում գտնել, հետագայում դրանց տալով իրավական ձեւակերպումներ: Այսօրվա բանակցային գործընթացն իրավական դաշտում չէ»,- ասաց նա: Այնուամենայնիվ, ԼՂՀ նախկին արտգործնախարարի կարծիքով` իրավիճակը ողբերգական չէ: «Ես, ճիշտն ասած, իրավիճակը ողբերգական չեմ համարում: Սա հերթական պահն է լրջանալու եւ, ի վերջո, սեփական գործողությունների ծրագիրն ունենալու»,- եզրափակեց Ա. Մելիքյանը: