Հերթական «պետպատվերը» իջեցվե՞լ է

17/07/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ազգային ժողովում արդեն շրջանառության մեջ է դրվել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը հեղինակել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Նախագծում ընդգրկվել են նաեւ Կառավարությունն ու արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի 16 առաջարկություններից 13-ը:

Դեռեւս 3-4 ամիս առաջ Վ.Դալլաքյանը, ինչպես նաեւ տեղեկատվության ոլորտի որոշ կազմակերպություններ (հիմնականում իշխանությունների վերահսկողության տակ գտնվող) մեկ անգամ էլ փորձել էին այս օրենքը փոփոխության ենթարկելու համար նախագիծ ներկայացնել, սակայն արժանանալով սուր քննադատության` ետ էին վերցրել իրենց առաջարկները: Իսկ այս նոր նախագծում առանցքային առաջարկն այն է, որ լրագրողի համար սահմանվել են իրավունքներ եւ պարտականություններ: Գործող տարբերակում նման դրույթներ չկան: Նախ` առաջին հայացքից աչքի է ընկնում իրավունքների հատվածը, որտեղ կարծես թե լրագրողներին գործունեության անսահման հնարավորություն է տրված: Սակայն հետո պարզվում է, որ սահմանափակումները թաքնված են պարտականությունների բաժնում: «Հարգել այլոց իրավունքները, օրինական շահերը, պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը, չհրապարակել (չտարածել) դրանք արատավորող լուրեր ու տեղեկություններ»,- նշված է պարտականությունների բաժնի 1-ին կետում:

Թվում է, թե սա շատ նորմալ, նույնիսկ անհրաժեշտ պահանջ է, որը ոչ մի լրագրող չպետք է խախտի: Սակայն այս դրույթն անսահման լայն մեկնաբանություններ կարող է ունենալ: Օրինակ, պատգամավորներից մեկի առեւտրային գործունեության, դրա թաքցրած հարկերի եւ ստացած գերշահույթի մասին բարձրաձայնելը կարող է դիտարկվել որպես նրա պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը արատավորող լուր, որովհետեւ իրավաբանորեն դժվար կլինի ապացուցել, որ այդ բիզնեսը հենց այդ պաշտոնյային է պատկանում: Մեր երկրում նման բիզնեսները սովորաբար գրանցվում են զոքանչների, բաջանաղների եւ քեռու մարդու անունով: Այնպես որ, առաջարկվող նախագծի համաձայն, եթե լրագրողը պետք է գրի պատգամավորի կամ նախարարի նման անօրինական գործունեության մասին, բայց վերը նշված պատճառով չկարողանա իր տեղեկությունը վկայող փաստաթուղթ ներկայացնել, ուրեմն պետք է պատասխանատվության ենթարկվի: «Պատգամավորները պետք է մտածեն, որ իրենք են ամեն օր օրենք խախտում: Նրանք բոլորը զբաղված են բիզնեսով, մի մասն էլ՝ քրեական աշխարհի ներկայացուցիչներ են: Նրանց խոսակցությունները, նույնիսկ ելույթները երբ լսում ես, լրագրողների գրածի համեմատ սարսափազդու են: Այսինքն՝ լրագրողներն ավելի մեղմ են, քան նրանք: Ավելի լավ կլինի իրենք օրենքները կատարեն, հետո նոր մտածեն լրագրողների մասին նոր օրենք գրելու մասին»,- ասում է Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանը:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ գտնում է, թե ԶԼՄ-ների մասին գործող օրենքներում լրագրողի իրավունքները եւ պարտականությունները չեն սահմանվում, քանի որ այդ հարցերը վաղուց արդեն զարգացած երկրներում անցել են ինքնակարգավորման դաշտ եւ օրենսդրությամբ չեն կարգավորվում: Նրա կարծիքով՝ լրատվամիջոցների ոլորտի տեխնոլոգիական զարգացման արդյունքում լրագրող հասկացությունը դարձել է «ոչ կոնկրետ եւ ոչ հստակ»: «Բնականաբար, եթե չկա լրագրողի հստակ սահմանումը, ապա չի կարող լինել նաեւ լրագրողի պարտականությունները եւ իրավունքները: Եվ ընդհանրապես այն հարցերը, որ պետք է կարգավորի այս օրենքը, արդեն բավականին լավ օրենքով կարգավորված են եւ լրացուցիչ որեւէ փոփոխության անհրաժեշտություն չկա: Իսկ այն խնդիրները, որոնք բարձրացվում են այդ օրինագծի հիմնավորման մեջ, ապա այդ հարցերը պետք է լուծվեն ինքնակարգավորման մեխանիզմների զարգացմամբ»,- ասում է Բ.Նավասարդյանը:

Բ.Նավասարդյանի կարծիքով՝ եթե այս փոփոխություններն ընդունվեն, ապա դա սպառնալիք կլինի մեր երկրում լրատվամիջոցների անկախության համար: Նրա կարծիքով՝ լրագրողների եւ մյուս քաղաքացիների իրավունքների տարանջատումը հակասում է ժամանակակից իրավական միտումներին: «Ինչ վերաբերում է պարտականություններին, ապա ինձ թվում է, որ լրագրողն ունի մեկ պարտականություն, եւ դրա մասին պետք էլ չէ օրենքում ամրագրել: Դա հասարակությանը կյանքի բոլոր ոլորտների կարեւոր իրադարձությունների մասին տեղեկացնելն է: Եվ բացատրել, մանրամասնել, թե դա ինչ է նշանակում, նույնիսկ ավելացնել լրացուցիչ պարտավորություններ, դա լրագրողի, լրատվամիջոցների գործունեությունը շրջանակների մեջ մտցնելու միտումի շարունակությունն է, ինչը չի կարող ողջունվել»,- ասում է Բ.Նավասարդյանը:

Է.Բաղդասարյանն էլ զարմանում է` եթե լրագրողներն ինչ-որ մեկին զրպարտում են, ապա ինչու զրպարտվողը չի դիմում դատարան: «Օրենքը հիմա այդ հնարավորությունը տալիս է, նոր օրենքը ինչի՞ են հնարում, չեմ հասկանում: Միգուցե չեն դիմում, որրովհետեւ դրանցից մեծ մասը ճշմարտություն է: Եթե մեկի բիզնեսի համար գրում ես, պիտի մտնեն դատարան ապացուցելու, որ դա իրենցը չէ: Կամ` հակառակը: Մականվան համա՞ր էլ պիտի դիմեն դատարան, թող մականուն չունենան, ո՞վ է մեղավոր: Իրենց մականվան համար իրենք են մեղավոր, չէ՞: Այդ մականունը հո լրագրողնե՞րը չեն հնարել: Լֆիկ Սամոյի մականունը լրագրողների հետ որեւէ կապ ունի՞, կամ Ալրաղացի Լյովիկի մականունը լրագրողնե՞րն են հնարել: Իրենց շրջապատը, ընկերներն են հնարել: Թող նրանց դատի տան»,- ասում է Է.Բաղդասարյանը:

Հ.Գ. Նախագծի հեղինակ Վիկտոր Դալլաքյանը խոստացավ մեկնաբանություններ տալ առաջիկա օրերին: