Քննարկվում են մի շարք վարկածներ

17/07/2009

Իրանական «Կասպյան ավիաուղիների»` Թեհրան-Երեւան չվերթ իրականացնող «Տու-154» օդանավում, ըստ նախնական տվյալների, եղել է 153 ուղեւոր, որից երկուսը՝ երեխա, եւ անձնակազմի 15 անդամները: Անձնակազմի երկու անդամները Հայաստանի քաղաքացիներ են, որոնք պայմանագրով աշխատում են «Կասպյան ավիաուղիների» համար: Վթարի ենթարկված ինքնաթիռի 153 ուղեւորներից 35-ը հայկական ազգանվամբ են, 4-ը` Հայաստանի քաղաքացիներ: Ինքնաթիռում են եղել նաեւ Վրաստանի երկու քաղաքացիներ, որոնցից մեկը` Գիվի Չկադուան ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան աշխատակից է: Վրաստանի մյուս քաղաքացին` Նաթելա Նիկոնովան, Իրանում Վրաստանի դեսպանատան աշխատակից է: Ըստ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալների, ինքնաթիռը վայր է ընկել թռիչքից մոտ 16 րոպե հետո, Թեհրանից մոտ 180 կիլոմետր դեպի արեւմուտք գտնվող Ղազվին նահանգում: Ինքնաթիռը Թեհրանում անհայտ պատճառներով օդ է բարձրացել մոտ մեկ ժամ ուշացումով: «Ինքնաթիռը մեր նավիգացիոն ծառայությունների հետ չի կապվել, կապի մեջ դուրս չի եկել, եւ 12:02 երբ թռել է, տվել է նախնական ինֆորմացիա, որ մեր` Հայաստանի Հանրապետության տարածք պետք է մտնի 12:52, սակայն 12:48 մեր դիսպետչերների հետ են կապվել Իրանի դիսպետչերները եւ ասել են, որ «այդ պահը` տարածք մտնելու, չեղյալ համարեք, որովհետեւ ինքնաթիռը չի երեւում ռադարների վրա: Երբ Իրանի դիսպետչերը կապվեց մեր դիսպետչերի հետ եւ ասաց, որ ինքնաթիռի` տարածք մտնելը 12:52 չեղյալ համարեք, այդ պահից արդեն սկսեցինք հետեւողական աշխատանք կատարել ինքնաթիռի գտնվելու վայրի վերաբերյալ»,- երեկ ասել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանը: Քաղավիացիայի թռիչքային անվտանգության տեսչական վարչության պետ Սերոբ Կարապետյանը որպես վթարի հնարավոր պատճառ չի բացառել ինքնաթիռի շարժիչում հրդեհի բռնկման վարկածը, որի դեպքում անձնակազմը ի զորու չէ կառավարել օդանավը. սա հնարավոր վարկածներից մեկն է: Երեկ վթարի հնարավոր վարկածներ էին առաջ քաշում նաեւ արեւմտյան լրատվամիջոցները, այդ թվում՝ CNN-ը, Reuters-ը եւ Associated Press-ը` ներգրավելով ավիացիայի մասնագետների: Սկզբնական շրջանում առաջ էր քաշվել վարկած, համաձայն որի՝ ինքնաթիռը գերծանրաբեռնված է եղել: Սակայն ավելի ուշ այդ վարկածը հերքվել է, քանի որ «Տու-154» ինքնաթիռը կարող է տեղափոխել մինչեւ 180 մարդ, իսկ ինքնաթիռում գտնվել է 168 ուղեւոր եւ անձնակազմի անդամ: Ըստ CNN-ի, եղանակը նույնպես չէր կարող հանդիսանալ ինքնաթիռի վթարի պատճառ, քանի որ երկինքն այդ պահին ամպամած չի եղել: Ինքնաթիռի կործանման վայրում առաջացել է 10 մետր խորությամբ ձագարափոս: Ինչպես FARS գործակալությանը մեկնաբանել է փրկարարներից մեկը, դեպքի վայրում 200 քառ. մետր մակերես ունեցող տարածքը ծածկված է ուղեւորների մարմինների հատվածներով եւ ինքնաթիռի բեկորներով: Ըստ նախնական տվյալների՝ վթարի պատճառ են հանդիսացել տեխնիկական խնդիրները, որոնք առաջացել են թռիչքից անմիջապես հետո: Ինքնաթիռը փորձել է արտակարգ վայրէջք կատարել, սակայն օդում այն բռնկվել է եւ մասնատվել: