Եթե Հայաստանում որեւէ մեկը սննդամթերքի վերաբերյալ բացասական կարծիք
կամ բողոք է ներկայացնում վերահսկող մարմիններին, նրան անվանում են «գործ
տվող»: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով՝
յուրաքանչյուր խախտման դեպքում սպառողը պետք է տեղեկացնի վերահսկող
մարմիններին, քանի որ այդպիսով պաշտպանվելու են սպառողի իրավունքները, եւ
դա նպաստելու է շուկայում առկա անորակ ապրանքի ոչնչացմանը:
Ըստ նրա, սպառողն այսօր անորակ ապրանք գնելիս վախենում է դրա մասին
բարձրաձայնել: Շոգ եղանակի հետ ավելանում են արագ փչացող մթերքներից
թունավորման դեպքերը: Մասնավորապես մեծ վտանգ են ներկայացնում մսամթերքը
եւ կաթնամթերքը: Հետաքրքիր է, որ մեր հանրապետությունում սննդամթերքի կամ
խմիչքների հետեւանքով առաջացած թունավորումները չապացուցվող են: Եթե
սպառողը վստահ է, որ թունավորվել է երշիկից, ապա բժշկական ախտորոշման
արդյունքում դա չեն հաստատում՝ բարդություններից խուսափելու համար՝
ասելով, որ սպառողն այլ սննդամթերք եւս օգտագործել է եւ ճշգրիտ
հետեւություն անել հնարավոր չէ: Սպառողների միության նախագահի կարծիքով,
բժիշկները խուսափում են երկարատեւ հետազոտություն կատարելուց, որովհետեւ
մեծ բարդություններ կարող են առաջանալ տվյալ սննդամթերքն արտադրողի հետ:
Չի բացառվում, որ բժիշկները խուսափում են սննդամթերքի հետեւանքով առաջացած
թունավորման ճշգրիտ փաստաթուղթ ձեւակերպել, քանզի այդ պարագայում որոշ
ընկերություններ պատասխանատվության կենթարկվեն: Պրն Պողոսյանը տարիներ
առաջ դիմել է Առողջապահության փոխնախարարին՝ թունավորումների դեպքերի
մասին վիճակագրական տվյալներ ստանալու համար, բայց այդպես էլ չեն
տրամադրել:
Մսամթերքի մեջ հայտնաբերվել է խոնավության գերազանցում
Երշիկեղենի ապրանքային շուկայում իրացվում են եփած, կիսաապխտած, պինդ
ապխտած երշիկներ եւ այլ երշիկեղենի տեսականի, որը ստացվել է միսը եւ մսի
ենթամթերքն աղալու, մանրացնելու եղանակով վերամշակելու արդյունքում:
Մսամթերքի ապրանքային շուկայում իրացվում են բաստուրմա, սալ, ապուխտ
(վետչինա), խոզապուխտ (բուժենինա), ֆիլե եւ նմանատիպ պատրաստի այլ
արտադրատեսակներ, որոնք ստացվել են մսից եւ մսի ենթամթերքից՝ առանց դրա
նախնական վերամշակման (աղալու, մանրացնելու): Մեր տեղեկություններով
տեղական արտադրողները երշիկեղենի արտադրությունը կազմակերպում են ոչ թե
Հայաստանի անասնամթերքից, այլ հիմնականում՝ Հնդկաստանից ներմուծվող
հնդկական գոմեշի մսից, որն անորակ է, չի պարունակում վիտամիններ, սակայն
անհամեմատ մատչելի գին ունի: Սպառողների միության նախագահն ասում է, որ
տարիներ առաջ գոմեշի այդ միսը նույնիսկ վաճառքում կար:
Սպառողների միության առաքելությունն արտադրանքի պատշաճ մակնիշմանը
հետեւելն է: Սպառողները հատկապես արագ փչացող սննդամթերք գնելիս պետք է
ուշադրություն դարձնեն արտադրության տարեթվին եւ պիտանելիության ժամկետին:
Պրն Պողոսյանը կարեւորում է ապրանքի զտաքաշը, կալորիականությունը, քանի որ
սրանք սերտորեն կապված են գնորդի առողջության հետ: Ավելին, արտադրողը
հաճախ այս նորմերը խախտում է, որովհետեւ տնտեսական կորուստների հետ է
կապված: «Մակնիշման մասին օրենքը գործում է 2001 թվականից, եւ մինչեւ
օրենքի գործելը շեղումները կազմում էին 90%,- ասում է պրն Պողոսյանը:
-Օրենքի ընդունումից հետո դրական տեղաշարժ եղավ եւ սննդամթերքի տարբեր
խմբերում շեղումներն իջան մինչեւ 60-80%: Ներկայումս
ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նորից շեղումներն ավելանում
են: 2004թ. դեկտեմբերին անցկացրած որակական ցուցանիշների
փորձաքննությունները ցույց են տվել, որ մարդկանց առողջությանը վտանգ
ներկայացնող շեղումներ չկան: Բայց հայտնաբերվել է կարեւոր մի շեղում՝
խոնավության տոկոսի գերազանցում: Մեր պատվիրած լաբորատոր փորձաքննության
արդյունքում տարբեր նմուշներում եղել է խոնավության տոկոսի գերազանցում
4-10%-ով»: Սա նշանակում է, որ մսամթերք գնելիս մենք վճարում ենք նաեւ ջրի
համար: Պարզ է, որ տնտեսվարող սուբյեկտները սա մտածված են անում, որպեսզի
շահույթ ստանան: Բացի դա, շատ դեպքերում պիտակավորման վրա ոչ միայն
բացակայում է արտադրության տարեթիվը, ժամկետը, այլեւ նմուշը հատուկ վանդակ
չի նախատեսել պիտակի վրա դրանց մասին տեղեկատվություն արձանագրելու համար:
Պրն Պողոսյանը առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանին
ասել է, որ գրասենյակում այլեւս տեղ չունեն բացասական շեղումներով
մակնիշումների համար, եւ ներկայացրել է շուկայում շրջանառվող ապրանքների
մակնիշման թերությունները, հատկապես արտադրության տարեթվի, պիտանելիության
ժամկետի խախտումները: Նախարարը տեղակալներին ու վարչության պետերին
հրահանգել է ուշադրություն դարձնել այդ խնդրի վրա: Ինչ վերաբերում է
պատժամիջոցներին, ապա Կարեն Ճշմարիտյանի տրամաբանությամբ, եթե մի
արտադրության բացասական մակնիշման մասին հրապարակվի, ապա կստացվի, որ նրան
պատժում են, իսկ մյուս արտադրողներին՝ կողմնակիորեն պարգեւատրում:
Հրապարակելու դեպքում սպառողի հետաքրքրությունն ապրանքի հանդեպ կնվազի եւ
ապրանքը չի իրացվի: Փաստորեն, ըստ Կ. Ճշմարիտյանի՝ այնքան էլ կարեւոր չէ,
թե բնակչությունն այդ սննդամթերքից որքան կտուժի, առավել կարեւոր է
սննդամթերք արտադրող որոշ ընկերությունների «խաթրին չկպնելը»: Այնպես որ,
լռությունը ձեռնտու է: Պրն Պողոսյանի վերլուծությամբ՝ տնտեսվարող
սուբյեկտներն արտադրանքը պատշաճ չեն մակնիշում, քանի որ արտադրողն ապրանքի
խմբաքանակներն առեւտրի ցանց ուղարկելով՝ պետք է կարողանա վաճառքը ժամանակի
մեջ տեղավորել, հակառակ դեպքում՝ խանութը պետք է ժամկետանց ապրանքը ետ
վերադարձնի: Այսպիսով, ամենահեշտ ձեւը մակնիշման վրա պատշաճ
տեղեկատվություն չապահովելն է, որպեսզի վաճառքն ուժի մեջ լինի, այլապես
արտադրողը ծախսերի կորուստ է կրում, որովհետեւ ժամկետանց ապրանքը
լավագույն դեպքում վերածվում է անասնակերի: