Աճի նշաններ Եվրոպայում
Եվրոյի գոտու երկրներում այս տարվա մայիս ամսին գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ծավալների 0.5%-անոց աճ՝ նախորդ ամսվա համեմատ։ Այս մասին հաղորդում է Eurostat վիճակագրական ծառայությունը։ Վերջին 9 ամիսների ընթացքում առաջին անգամն է, որ այս տարածաշրջանում արդյունաբերության աճ է արձանագրվում։ Ապրիլին այս ոլորտի ծավալները 1.4 տոկոսով ցածր էին մարտի ցուցանիշից։ Իսկ տարվա կտրվածքով՝ արդյունաբերական արտադրանքը նվազել է 17%-ով։
Կապիտալ ապրանքների արտադրությունը մայիսին աճել է 1.2%-ով, իսկ սպառողական ապրանքներինը՝ 0.8%-ով։ Չնայած մի շարք ոլորտներում արձանագրված աճին, էներգետիկայի արտադրությունը նվազել է 0.2%-ով, իսկ երկարաժամկետ օգտագործման ապրանքներինը՝ 2.9%-ով։ Այս տարվա ապրիլին արդյունաբերական արտադրանքը եվրոյի գոտում ռեկորդային անկում է արձանագրել 1986թ.-ից ի վեր (երբ սկսվեց հրապարակվել եվրոյի գոտու վիճակագրությունը)։ Ապրիլ ամսվա ծավալները 21.6%-ով զիջում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։ Արտադրության ծավալների անկումը պայմանավորված է ոչ միայն ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ, այլեւ՝ եվրոյի արժեւորմամբ, ինչը ձեռնտու չէ եվրոպական արտահանողներին։ Նշենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ եվրոյի գոտու երկրների տնտեսությանը ավելի երկար ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար, քան աշխարհի մյուս երկրներին։ 2009թ. տնտեսական անկումը կլինի 4.8%, իսկ 2010թ.՝ 0.3%։
5 միլիարդի շահույթ
Համաշխարհային ճգնաժամը, որը սնանկացման եզրին հասցրեց աշխարհի ամենախոշոր բանկերին, չի կարողացել ծնկի բերել ամերիկյան Goldman Sachs բանկին։ Ինչպես նշվում է Goldman-ի ֆինանսական հաշվետվության մեջ, Goldman-ի շահույթը այս տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 3.44 միլիարդ դոլար։ Առաջին եռամսյակում ընկերությունն ունեցել էր 1.81 միլիարդի շահույթ։ Այսպիսով, 2009թ. առաջին կիսամյակում Goldman Sachs-ի շահույթը գերազանցել է 5 միլիարդ դոլարը։ Երկրորդ կիսամյակում Goldman Sachs-ի հասույթը կազմել է 13.8 միլիարդ դոլար՝ 4.37 միլիարդով ավելի, քան նախորդ եռամսյակում։ Ավելացնենք նաեւ, որ 2008թ. նույն ժամանակահատվածում բանկի հասույթը 9.42 միլիարդ էր։ Զարմանալի չէ, որ հաշվետվության հրապարակումից րոպեներ անց Goldman Sachs-ի բաժնետոմսերի գինը Նյու Յորքի ֆոնդային բորսայում աճեց 0.95%-ով կամ 1.48 դոլարով՝ հասնելով 150.91 դոլարի։ Իսկ այս տարվա սկզբից բանկի բաժնետոմսերի արժեքը բարձրացել է 77%-ով։ Goldman Sachs-ի հաջողությունը շատերին է զարմացնում՝ հաշվի առնելով այն փաստը, որ բանկը մեծապես տուժել էր ճգնաժամից եւ 2008-ը փակել էր 2.32 միլիարդ մաքուր վնասով։ Սակայն 2008-ի 4-րդ եռամսյակը վերջինն էր, որի ընթացքում բանկը վնաս արձանագրեց։ Իսկ դրանից հետո արձանագրված վերելքը հիմնականում բացատրվում է աշխատակիցներին վճարվող բոնուսների ու փոխհատուցումների դադարեցումից։ Ըստ Բլումբերգի, միայն առաջին եռամսյակում դրանք պետք է կազմեին 6.65 միլիարդ դոլար։ Սպասվում է, որ երկրորդ եռամսյակի համար նույնպես Goldman Sachs-ը բոնուսներ չի վճարի՝ խնայելով ավելի քան 6 միլիարդ դոլար։
Business Week-ը վաճառվում է 1 դոլարով
Հայտնի ֆինանսիստ Ռիդ Ֆիլիպսը հայտարարել է, որ McGraw-Hill հրատարակչական տանը պատկանող Business Week շաբաթաթերթի վաճառքի գինը կարող է կազմել ընդամենը 1 դոլար։ Այս մասին հաղորդում է «The Financial Times»-ը։ McGraw-Hill-ը ներկայումս լուրջ ֆինանսական դժվարությունների մեջ է։ Գովազդից ստացվող եկամուտները այս տարվա առաջին եռամսյակում 77.8 միլիոն դոլարից իջել են 43.9 միլիոնի։ Իսկ ընդհանուր եկամուտները ապրիլի սկզբի տվյալներով նվազել են մոտ 4 անգամ։ Հուլիսի 13-ին «Բլումբերգ» գործակալությունը, հղում անելով իր անանուն աղբյուրին, տեղեկացրել էր, որ Business Week-ի վաճառքը կազմակերպելու համար McGraw-Hill-ը վարձել էր Evercore ընկերությունը։ Հնարավոր գնորդների թվում նշվում էին Ռիդ Ֆիլիպսին պատկանող «DeSilva & Phillips» ընկերությունը, ինչպես նաեւ «Open Gate Capital», «Platinum Equity» եւ «Mansueto Ventures» ընկերությունները։ Business Week-ի առաջին համարը լույս է տեսել 1929թ.։ Շաբաթաթերթը հրատարակվում է աշխարհի 140 երկրներում եւ ունի շուրջ 5 միլիոն ընթերցող։ Ռուսաստանի Դաշնությունում Business Week-ը սկսեց հրատարակվել 2005թ. սեպտեմբերից, սակայն 2008թ. ապրիլին դադարեցվեց՝ շահութաբեր չլինելու պատճառով։
BBC-ն սկսեց խնայել
BBC հեռուստաընկերության կառավարումն իրականացնող BBC Trust ստորաբաժանումը որոշում է ընդունել դադարեցնել կորպորացիայի թոփ-մենեջերներին վճարվող բոնուսները։ Ինչպես «The Daily Telegraph»-ին տեղեկացրել է BBC Trust-ի նախագահ սըր Մայքլ Լայոնսը, բոնուսներից հրաժարվելու հարցը քննարկման առարկա է դարձել դեռեւս այս տարվա ապրիլից։ Վերջնական որոշումը պետք է կայացվեր աշնանը, սակայն արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել, որ BBC-ի գործադիր կոմիտեի անդամները անորոշ ժամանակով կզրկվեն պարգեւավճարներից։
Լայոնսը նաեւ նշել է, որ BBC-ի որոշ աշխատակիցներ չափից դուրս բարձր են վարձատրվում ֆինանսական ճգնաժամի պայմաններում։ Լայոնսը անուններ չի տվել, սակայն բրիտանական ԶԼՄ-ները նշում են, որ նա նկատի ուներ առաջին հերթին BBC-ի հայտնի հաղորդավարներին՝ Ջոնաթան Ռոսսին, Գրեմ Նորթոնին եւ Ջերեմի Քլարկսոնին։ BBC Trust-ի նախագահը միեւնույն ժամանակ ընդգծել է, որ հեռուստադիտողներն իրենցից պահանջում են բարձրագույն որակի արտադրանք, ուստի եւ ընկերությունը ստիպված է աշխատանքի վերցնել ամենատաղանդավոր եւ ստեղծագործող մարդկանց՝ նրանց վճարելով բարձր աշխատավարձ։ «The Daily Telegraph»-ը նաեւ գրում է, որ BBC-ի ղեկավարները բոնուսներից հրաժարվելու որոշումը հարկադրված են կայացրել՝ պայմանավորված հասարակական բողոքով։ Վերջերս հայտնի դարձավ, որ BBC-ի ամենաբարձր վարձատրվող աշխատակիցների կեսը 2008թ. ստացել է 13.6 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Նրանցից 27-ը ավելի շատ են վաստակել, քան Մեծ Բրիտանիայի վարչապետը։ Այս պահին BBC-ն սառեցրել է այն 400 մենեջերների աշխատավարձը, որոնք ստանում էին 60 հազար ֆունտից ավելի աշխատավարձ։
Ռուսները զգուշավոր են դարձել
Ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը առաջիկա կես տարվա ընթացքում մտադիր չէ վարկեր վերցնել։ Այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հետազոտության արդյունքները։ Հարցման մասնակից ռուսաստանցիների միայն 7%-ն է ասել, որ պատրաստվում է բանկից վարկ վերցնել։ Մնացածը նշել են, որ առայժմ հրաժարվում են օգտվել վարկավորման ծառայություններից։ Ռուսաստանցիների 75%-ը գտնում է, որ այժմ հարմար պահ չէ վարկեր վերցնելու համար։ Միեւնույն ժամանակ նշենք, որ այս առումով որոշակի առաջընթաց կա. ապրիլին այդպես մտածողները կազմում էին 80%։ Հետաքրքիրն այն է, որ վարկեր վերցնելուց ձեռնպահ են մնում մեծ մասամբ չունեւոր մարդիկ։ Հարցվածների ընդամենը 9%-ն է ասել, որ այժմ ճիշտ պահն է վարկեր վերցնելու համար։ Հետազոտությունը նաեւ պարզել է, որ ռուսաստանցիների 26%-ը այս տարվա հունիսի վերջի դրությամբ ունեն չմարված վարկեր։ Ընդ որում, պարտք ունեցողների տոկոսը բարձր է հատկապես փոքր քաղաքներում, որոնք ունեն 100 հազարից պակաս բնակչություն։ Առանց վարկերի «յոլա են գնում» ամենից շատ Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի բնակիչները։ Այս քաղաքներում բնակչության 80%-ը օգտագործում է սեփական միջոցները։
Նոր կրճատումներ «Բոինգում»
Ամերիկյան «Բոինգ» կոնցեռնը մոտ ապագայում աշխատանքից կազատի իր ռազմական ստորաբաժանման՝ Integrated Defense Systems-ի (IDS) 1000 աշխատակիցների։ Ինչպես հաղորդում է CNN-ը, կրճատումների պատճառը Պենտագոնի կողմից ֆինանսավորման ծավալների նվազումն է։ Ընկերության տվյալներով, աշխատանքից կազատվեն այն մարդիկ, ովքեր ներկայումս զբաղված են Ground-Based Midcourse Defense եւ Future Combat Systems ծրագրերում։ Այս ծրագրերը ուղղված են հակաբալիստիկ անվտանգության ապահովմանը եւ բանակային զինատեսակների արդիականացմանը։ Ազատման ենթակա աշխատակիցները առաջիկա օրերին այդ մասին գրավոր կտեղեկացվեն։ «Բոինգը» դեռ այս տարվա հունվարին էր հայտարարել, որ մտադիր է աշխատանքից ազատել 4500 հոգու (աշխատակիցների 6.6 տոկոսին), որոնք զբաղված են քաղաքացիական ինքնաթիռների արտադրության պրոցեսում։ Կրճատումների մեծ մասը նախատեսված էր իրականացնել ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում, հիմնականում՝ Վաշինգտոնում։ Ընկերությունը հայտարարել էր, որ կրճատումների միջոցով իրենք փորձում են ապահովել մրցունակությունը համաշխարհային ճգնաժամի պայմաններում։ «Բոինգ» կոնցեռնը հիմնադրվել է 1916թ.։ Ընկերությունն ունի 2 հիմնական ստորաբաժանում՝ «Boeing Commercial Airplanes» եւ «Integrated Defense Systems»։ Հունվարին «Բոինգը» վիճակագրական տվյալներ էր հրապարակել, որից երեւում էր, որ ընկերության գործերն այնքան էլ լավ չեն. 2008թ. ընթացքում եղել է ընդամենը 662 ինքնաթիռի պատվեր։ Չնայած սրան՝ 2008 թվականը «Բոինգը» փակել է 2.7 միլիարդ դոլար շահույթով։
Դեսպանատունը փակվեց
Ուլան Բատորում (Մոնղոլիա) փակվում է Լեհաստանի դեսպանատունը։ Մոնղոլիայում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զբիգնեւ Կուլակի խոսքերով, դա պայմանավորված է աշխարհում մոլեգնող տնտեսական ճգնաժամով։ Մոնղոլիայում դեսպանատունը պահելը, ըստ երեւույթին, լեհերը ավելորդ ծախս են համարել եւ որոշել են, որ կարող են առանց դրա էլ նորմալ հարաբերություններ պահպանել այս երկրի հետ։ Դեսպանատան գրադարանային ֆոնդը փոխանցվելու է Մոնղոլիայի պետական համալսարանի՝ Սլավոնական լեզուների եւ գրականության ամբիոնին։
Ճգնաժամն ու IT մասնագետները
Ներկայումս գործող ընկերությունների կեսը մտադիր է այս տարվա ընթացքում աշխատանքից ազատել իրենց IT (տեղեկատվական տեխնոլոգիաների) ստորաբաժանումների աշխատակիցներին։ Այս մասին ասվում է «Computer Economics» ընկերության ամենամյա հաշվետվության մեջ։ Որպես կրճատման պատճառ՝ նշվում է համաշխարհային ճգնաժամի հետեւանքով համապատասխան բյուջեի կրճատումը։ «Computer Economics»-ը հարցումներ է անցկացրել ավելի քան 200 ընկերությունների IT ստորաբաժանումների ղեկավարների շրջանում եւ եկել այն եզրահանգման, որ ընկերությունների 46%-ը մտադիր են կրճատել IT մասնագետներին։ Միեւնույն ժամանակ, 27%-ը՝ հակառակը՝ պլանավորում է նոր աշխատողներ ներգրավել։ Գրեթե նույն թվով ղեկավարներ էլ նշել են, որ աշխատակիցների թիվը այս տարի չի փոխվի։
IT ոլորտի աշխատակիցների ամենամեծ կրճատումը սպասվում է մանրածախ առեւտրով զբաղվող ընկերություններում. այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արդեն իսկ արձանագրվել է IT մասնագետների 8%-անոց նվազում։
Մեյդոֆֆը «կնստի» 130 տարի
Ամերիկյան ֆինանսիստ Բեռնարդ Մեյդոֆֆը, ով հունիսի վերջին դատապարտվել էր 150 տարվա ազատազրկման, տեղափոխվել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Butner կոչվող բանտը, որտեղ ներկայումս իրենց պատիժն են կրում 3,5 հազար դատապարտյալներ: Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», դրանց թվում է Օմար Աբդել Ռահմանը, ով հռչակվել է որպես ահաբեկիչների «ուղեղային կենտրոն»: Նա նաեւ համարվում է նյույորքյան հայտնի ահաբեկչության կազմակերպիչ: Ռահմանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Այս բանտը ԱՄՆ-ում համարվում է լավագույնը` իր որակավորված աշխատողներով եւ բարձրորակ բժշկական ծառայություններով: Դրա հետ մեկտեղ՝ Մեյդոֆֆը ուրախանալու եւս մի առիթ ունի. նրա ազատազրկման ժամկետը շատ անակնկալ կերպով կրճատվել է։ Ինչպես տեղեկացրել է ABC հեռուստաընկերությունը, բանտային փաստաթղթերում արձանագրված է, որ Մեյդոֆֆը կարող է ազատություն ստանալ 2139 թվականի նոյեմբերի 12-ին, իսկ դա 20 տարով քիչ է դատավճռով ստացած պատժաչափից:
Մնում է դիմանալ 130 տարի։