«Եթե Ռոբերտ Ֆալետտան արտասահմանցի մի աշխատակցի աշխատանքից հանի, ապա մեր լրիվ աշխատողների աշխատավարձերը կկարողանա բարձրացնել: Գիտե՞ք` էդ արտասահմանցիների աշխատավարձերը միլիոններ են կազմում: Համ էլ` մեր ամեն մեկիս գլխին մի նաչալնիկ ա դրել, ու փող ա տալիս»,- ասացին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի աշխատակիցները, ովքեր, արդեն երեք օր է, ինչ գործադուլ են հայտարարել: Գործադուլ են անում շուրջ 120 աշխատակիցներ, այդ թվում` էլեկտրաքարշավարները, պայթեցնողներն ու ամրակապավորները: «Մեզ ճորտի տեղ ա դնում: Արդեն երեք ամիս ա` ասում ենք՝ աշխատավարձի վերջնահաշիվ արա, չի անում: Մենք դեռ հուլիսի 6-ին մեր տնօրեն Ֆալետտային ներկայացրել էինք մի դիմում, որտեղ խնդրել էինք վերանայել մեր բոլորի գործավարձերը, գիշերավարձերը: Բայց էդ մարդը ոչ մի փոխզիջման չի գնում: Նոյեմբերից սկսած աշխատում ենք 50 տոկոսով, ամեն անգամ, որ գործադուլ ենք կազմակերպում, չգիտես ինչու, Ֆալետտան կամ արտասահմանում է լինում, կամ էլ Երեւանում: Մինչեւ նոյեմբեր մենք ստանում էինք մոտ 240 հազար դրամ աշխատավարձ, դրանից հետո 120.000 դրամ էլ չեն կազմում մեր աշխատավարձերը»,- նկատում են գործադուլավորները: Նրանց հատկապես հուզում եւ մտահոգում է տնօրենի վերաբերմունքը, անտարբերությունը` այն բանից հետո, երբ իրենք պահանջել էին վճարել իրենց գիշերային ժամերի աշխատանքի դիմաց վճարները: «Էդ ժամանակ Ֆալետտան ասաց մեզ` Ձեզ համար ի՞նչ տարբերություն, դուք աշխատում եք գիշե՞րը, թե՞ ցերեկը: Մեկ չէ՞ ձեզ համար` Դուք հանքում եք աշխատում, որտեղ միշտ մութ է»,- վրդովված պատմում էին գործարանի աշխատակիցները, ովքեր արդեն հստակ գիտեն իրենց անելիքները: «Նախ կխոսենք քաղաքապետի հետ: Իսկ վաղվանից կկազմակերպենք նստացույց, հետո էլ` հացադուլ: Միայն թե մեր տնօրենը մեզ հետ փոխզիջումների գնա»,- ասացին նրանք: Ըստ գործադուլավորների` իրենք եւս պատրաստ են գնալ որոշ փոխզիջումների, բայց ոչ հիսուն տոկոսանոց: «Հասկանո՞ւմ եք, մենք ընտանիքներ ունենք: ՈՒ մարդիկ կան, որ վարձով են ապրում: Հիմա էլ լույսն ու ջուրն են թանկացրել: Բայց մեզ հաց-հագուստ էլ ա, չէ՞, պետք: Ինչո՞վ պահենք մեր ընտանիքներին, երբ ծայրը ծայրին էլ չենք հասցնում: 80 կամ 90 հազար դրամով դաժե գոյատեւել չի լինում»,- ասում էին գործադուլավորները, ովքեր չէին մոռացել նաեւ Ռոբերտ Ֆալետտայի վերջերս առաջարկած բոնուսային նոր համակարգի մասին: «Էդ գիտեք ի՞նչ ա` լա-տա-րե: Ո՞վ ա շահելու մեզնից` ոչ մեկը: Ես մեքենավար եմ, ասենք, իմ ի՞նչ գործն ա` հանած ապարը մետաղով հարո՞ւստ ա, թե՞ չէ: Էդ իմ գործը չի: Բայց էս բոնուսով պարզվում ա` լավ էլ իմ գործն ա, եթե ես հարուստ ապար եմ հանում, ուրեմն լավ էլ կվարձատրվեմ»,- նշում է երիտասարդ աշխատակիցներից մեկը: Մեկ այլ աշխատակցի էլ զայրացրել էր բոնուսային համակարգի մեկ ուրիշ կետ։ «Էդ բոնուսները դրել են, իբր պրեմիաներ են, էլի: Կետեր են, իբրեւ թե` որ մենք լավ աշխատենք` իրենք մեզ լավ կվարձատրեն: Բայց մի կետ են դրել, ասենք, անվտանգության հարցը: Օրինակ, եթե իմ կողքի բանվորի ոտի եղունգն էլ վնասվի, չէ՞, էդ նշանակում ա, որ մեր աշխատավարձերից էլ պիտի պահվի»,- ասաց գործադուլավորը: Քիչ անց գործադուլավորներին ընդունեց Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը` կոչ անելով, որպեսզի իրենք էլ պատրաստ լինեն փոխզիջումների: Հակառակ դեպքում, ըստ քաղաքապետի, Ֆալետտան կարող է լուրջ կրճատումների գնալ: Գործադուլավորների հետագա ճակատագիրը, սակայն, հնարավոր է` որոշակի լուծում ստանա հինգշաբթի օրը, ժամը 15:00-ին քաղաքապետարանի ընդունելությունների դահլիճում, որտեղ կհանդիպեն Արթուր Աթայանը, Ռոբերտ Ֆալետտան եւ գործադուլավորները: «Մեկ է, մենք որեւէ հույս չունենք: Գործարանն էլ մի ընտանիք ա, որտեղ ծնողները պետք է մտածեն իրենց երեխաների մասին: Ստացվում է էնպես, որ երեխաներից մեկը կոստյում ա հագնում, մյուսների համար հազիվ տրեխ են գտնում»,- ավելացրին մեր զրուցակից գործադուլավորները: