Այցելել են Լոռու մարզ

17/07/2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզի Սպիտակ, Շիրակամուտ եւ Շիրակի մարզի Գյումրի համայնքներ, որտեղ ծանոթացել է 1988թ. երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման աշխատանքների ընթացքին:

Նրան ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը, հիշյալ համայնքներից օրենսդիր մարմնում ընտրված պատգամավորներ, համայնքի ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք: Այսպես ասած` առաջին կանգառը Սպիտակի կառուցվող «նոր քաղաք» թաղամասն էր, որտեղ սկսվել է 354 անհատական բնակելի տների շինարարությունը: ՀՀ քաղաքաշինության նախարար Վ.Վարդանյանը տեղեկացրել է, որ Սպիտակում կառուցապատման նպատակով կատարվել է 40 հա հողհատկացում, որտեղ կկառուցվեն 354 առանձնատներ` տնամերձ հողամասով: Ըստ նրա` Սպիտակում այդպիսով կլուծվի անօթեւան ընտանիքների բնակարաններով ապահովման խնդիրը, որոնց թիվը միայն քաղաքում 385-ն է: Լոռու մարզում առկա են նաեւ 403 անհատական անավարտ բնակելի տներ, որոնց ուսումնասիրությունն ավարտվել է, հուլիսին կավարտվեն նաեւ դրանց պիտանելիության հետազոտությունները: Պիտանի լինելու դեպքում դրանք կհասցվեն ավարտին: Ըստ «Արմենպրեսի»` ՀՀ նախագահը Սպիտակում ներկա է գտնվել նաեւ 2002թ. նշվող քաղաքի օրվա միջոցառումներին, որն այս տարի անցկացվում է «Սպիտակը բարեկամության քաղաք» խորագրի ներքո: Հանդիսությանը հրավիրվել էին 1988թ. երկրաշարժի հետեւանքների վերացմանը մասնակցած երկրների դեսպաններ, հյուպատոսներ, այլ հյուրեր: Այնուհետեւ Ս. Սարգսյանն այցելել է երկրաշարժի էպիկենտրոն Շիրակամուտ գյուղ` ծանոթանալու համայնքային կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքներին: Նշենք, որ կենտրոնի կառուցումն արդեն իսկ ավարտվում է, որի համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 31 միլիոն դրամ, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից` 110 միլիոն: Նախատեսվում է շինարարությունն ամբողջովին ավարտել սեպտեմբերի 28-ին: Ս. Սարգսյանը շրջել է նաեւ մի քանի ընտանիքների համար նոր կառուցվող բնակելի տների շինհրապարակներում, ծանոթացել է կատարվող աշխատանքներին: Հաջորդ կանգառը Գյումրին էր: Քաղաքի «Մուշ 2» եւ «Անի» թաղամասերում բնակարանների եւ սպասարկման օբյեկտների կառուցման մրցույթում հաղթող ճանաչված «Գլենդեյլ հիլզ» ընկերությունը 39,3 մլրդ դրամի շրջանակներում պարտավորվել է 3030 բնակարան կառուցել, որից 1320-ը նախատեսվում է ավարտել այս տարի, իսկ

1710-ը` մինչեւ 2011թ. հունվարը: Պայմանագրերի հիման վրա նշյալ թաղամասերում կառուցվող բնակելի շենքերի 1 քմ շինարարության արժեքը 186.000 դրամ է: Բնակարանները կսկսեն հանձնվել նոյեմբերից: ՀՀ գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինության փոխնախարար Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ` Գյումրիում այս երկու թաղամասերի կառուցմամբ փորձ կարվի ամբողջովին լուծել անօթեւանության խնդիրը: Նոյեմբերին 15-ին շահագործման կհանձնվեն 1320 բնակարանները: Ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվում է պետբյուջեից: Աշխատանքների կատարման ժամկետներն ապահովված են, վերահսկող կազմակերպությունները դրական գնահատական են տվել կապալառու կազմակերպության գործունեությանը: Ի դեպ, աղետի գոտում 7000 անօթեւան ընտանիք կա:

Հարկ է նշել, որ աշխատանքային այցով Գյումրիում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թեհրանի մերձակայքում կատարված ավիավթարի պատճառով ընդհատել է այցը եւ վերադարձել է Երեւան: