40-60 տարեկան կանանց շուրջ 40%-ն անմիզապահության խնդիրներ ունի, բայց
նրանց միայն 4%-ն է դիմում բժշկի: Բազմաթիվ կանայք իրենց ամբողջ կյանքի
ընթացքում ունենում են միզապարկի բորբոքում, խրոնիկ ցիստիտ: Տղամարդկանց
մոտ միզասեռական համակարգի հետ կապված ամենահաճախ հանդիպող
հիվանդություններն են շագանակագեղձի քաղցկեղը եւ շագանակագեղձի բարորակ
ընթացք ունեցող հիվանդությունը (հիպերպլեմբիա):
Վերջինը հանդիպում է 50 տարեկան տղամարդկանց 40%-ի մոտ, իսկ 80 տարեկան
տղամարդկանց 90%-ի մոտ շագանակագեղձի բարորակ ուռուցք գոյանալու
հավանականությունը մեծ է: «60 տարեկան տղամարդը եթե գիշերը 2 անգամ դուրս
է գալիս միզելու, նա մտածում է, որ դա նորմալ է եւ դա այդպես էլ պիտի
լիներ, որովհետեւ ինքը 60 տարեկան է: Էլ չեն մտածում, որ դա կապված է
որոշակի հիվանդության հետ, որը պահանջում է որոշակի բուժում: Նման մարդիկ
սպասում են այնքան ժամանակ, մինչեւ առաջանում է միզակապություն, եւ նոր
դիմում են բժշկի»,- մեզ հետ զրույցում ասաց Քանաքեռ-Զեյթուն բժշկական
կենտրոնի Ուրոլոգիական կլինիկայի ղեկավար Աշոտ Ծատուրյանը:
Միզակապությամբ տառապող 49-ամյա Հարությունը դիմել էր բժշկին, երբ, ինչպես
ասում են, դանակը հասել էր ոսկորին, եւ վիրահատությունն անխուսափելի էր:
«Մտածում էի՝ ինքն իրեն կանցնի: Հետո էլ՝ ֆինանսական խնդիրներ ունեի: Ճիշտ
է, չեմ հետեւել ինձ, բայց դա լավ կյանքից չի»,- ասում է նա: Ուրոլոգիական
կլինիկայի ավագ բուժքույրն իր հերթին փաստում է. «Այսքան ժամանակ դեռ չեմ
տեսել, որ մարդն իր կամքով ժամանակին գա բուժվելու»:
Հայ կանանց սպառնացող ամենատարածված հիվանդությունն ուրոլոգը համարում է
անմիզապահությունը: Շատ հաճախ այդպիսի երեւույթներ առաջանում են
գինեկոլոգիական վիրահատություններից, հղիություններից եւ
ծննդաբերություններից հետո: Ըստ Ա. Ծատուրյանի՝ կանանց մեծ մասը նման
խնդիրների դեպքում ժամանակին բժշկի չի դիմում: Պատճառը միակն է. հայկական
ամաչկոտությունը «խեղդում» է նրանց: «Անհարմար են զգում»,- ասում է
բժիշկը: Բժշկին ժամանակին չդիմելու պատճառներից մեկն ուրոլոգը համարում է
բժշկի հանդեպ մարդկանց ունեցած անվստահությունը. «Ինձ թվում է՝ բժիշկներն
ավելի շատ են մեղավոր այդ տեսանկյունից, քանի որ մենք դեռ չենք կարողանում
մեր մտքերը 100 տոկոսով փոխանցել հասարակությանը, որը դրա
անհրաժեշտությունն ունի»,- ասում է Ա. Ծատուրյանը: Բժշկին ուշ դիմելու
հաջորդ պատճառը մարդկանց շրջանում տարածված այն մտայնությունն է, որ ոչ
մեկը չի ուզում ընդունել իր հիվանդ լինելու փաստը: «Նրանք միշտ մտածում
են, որ այս հիվանդությունը կարող է ինչ-որ ձեւով անցնի, եւ նստած սպասում
են, թե երբ պետք է այն անցնի»,- համոզված է մասնագետը:
Յուրաքանչյուր 50 տարին լրացած տղամարդուն եւ կնոջն ուղղված մասնագետի
խորհուրդը մեկն է՝ տարեկան գոնե մեկ անգամ բժշկական հետազոտություն
անցնել: Ընդհանուր առմամբ, մարդիկ, ովքեր ապրում են առողջ ապրելակերպով,
չեն չարաշահում ալկոհոլը եւ ծխախոտը, ապահովագրված են միզասեռական
համակարգի ուռուցքային հիվանդություններից:
Ի դեպ, միզասեռական համակարգի հետ կապված բարդություններ ունեցող եւ 40
տարին լրացած տղամարդը պետք է շարունակի ապրել սեռական ակտիվ կյանքով:
Համենայն դեպս, սա փաստում է մասնագետը: