Մեր նախորդ համարներում արդեն մի քանի անգամ անդրադարձել ենք Կիլիկիա 1 թաղամասի բնակչուհի Կարինե Մանսուրյանի պատմությանն ու նրա խնդիրներին: Հիշեցնենք, որ ըստ նրա, նույն թաղամասի բնակիչ Բաղդասար Խաչատրյանն առանց որեւէ իրավական փաստաթղթի զավթել է 206քմ մակերես կազմող հողատարածքը եւ ապօրինի շինարարություն է իրականացնում: Կ. Մանսուրյանն արդեն քանի ամիս ահազանգում է Երեւանի քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաներին` տեղեկացնելով, որ Բ. Խաչատրյանը, փաստորեն, ապօրինի գործողություններ է կատարում: Մինչդեռ, ինչպես Կ. Մանսուրյանին, այնպես էլ մեզ` Երեւանի քաղաքապետարանի Աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը փորձում է բառի բուն իմաստով «հիմարացնել», քանի որ մեր զանգերին ի պատասխան՝ նա մշտապես ասում է` «հենց հիմա մարդ կուղարկեմ, եւ շինարարությունը կդադարեցնեն»: Հ. Ասատրյանի այս խոստումից անցել է ուղիղ մեկ ամիս, իսկ ապօրինի շինարարությունը ոչ միայն չի դադարեցվել, այլ կիսակառույցն այսօր վերածվել է ավտոլվացման եւ ավտոպահեստամասերի վաճառքի կետի: Հետեւաբար՝ Բ. Խաչատրյանի քաղաքապետարան ներկայացրած դիմումները, թե Կիլիկիա 1 թաղամասում ցանկանում է խաղահրապարակ կառուցել` առնվազն ծիծաղելի են: Այսպիսով, Կ. Մանսուրյանն ընկած դռնեդուռ՝ պաշտպանություն է խնդրում. «Ասե՛ք խնդրեմ, էլ ո՞ւր դիմեմ, ինչպե՞ս պաշտպանեմ իմ իրավունքները: Մինչեւ անգամ ՀՀ նախագահի նստավայրում եմ դիմում գրել: Բոլորն ընդունում են, որ Բ. Խաչատրյանի գործողությունն ապօրինի է, բայց ոչ ոք չի կանխում»,- ճարահատյալ ասում է Կ. Մանսուրյանը: Վերջինիս դիմումն ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վերահասցեագրվել է Երեւանի քաղաքապետարան, որին պատասխանել է Քաղաքապետարանի Աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հ. Ասատրյանը. «Ի պատասխան ՀՀ նախագահին հասցեագրված Ձեր դիմումի տեղեկացնում եմ, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի վճռով բավարարվել է Ձեր հայցը եւ ճանաչվել օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության իրավունքը` Կիլիկիա թաղամաս
1-ին փողոց, հ. 23 տանը հարող տարածքում Ձեր կողմից փաստացի օգտագործվող 206.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ, սակայն Երեւանի քաղաքապետի 22.03.2005թ. հ. 01/7-52 գրությամբ ՀՀ քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ վճռի դեմ, բայց դատարանի 26.06.2007թ. ընդունած որոշմամբ քաղաքացիական գործը թողնվել է առանց քննության, քանի որ կողմերը չեն ներկայացել դատական նիստին: Միաժամանակ հայտնում եմ, որ Կիլիկիա 1-ին փողոց, հ. 23 տանը հարող տարածքում քաղաքացի Բ. Խալաթյանի կողմից նախաձեռնված շինարարական աշխատանքները Երեւանի քաղաքապետարանի կողմից դեռեւս 2008թ. մարտին կանխվել են, որից հետո հիշյալ տարածքում որեւէ շինարարական աշխատանք չի կատարվել»: Չնայած քաղաքապետարանի պաշտոնյայի վերոնշյալ գրությանն, ապօրինի շինարարությունը ոչ միայն չի դադարեցվել, այլ արդեն հասցվում է ավարտին, որն, ինչպես նշեցինք, ոչ թե խաղահրապարակ, այլ` ավտոլվացման կետ է դառնալու: Կ. Մանսուրյանը վրդովված ասում է. «Էս ամառվա անտանելի շոգին ես քաղաքապետարանի շենքի մոտ ժամերով սպասում եմ, որ ինձ ընդունեն ու լսեն: Ընդունելու դեպքում էլ նայում են երեսիս ու խաբում են: Հ. Ասատրյանը բազմիցս վստահեցրել է, որ շինարարությունը կասեցվել է, բայց սուտ է, որովհետեւ քաղաքապետարանից ոչ մի քայլ էլ չեն անում: Այսինքն` Բ. Խաչատրյանի նման զոռբաների դար է: Մարդն առանց օրինական փաստաթղթերի ավտոլվացման կետ է բացում, ու ոչ ոք չի կարողանում կանխել ապօրինի այդ գործողությունը: Լավ, ես` որպես ՀՀ քաղաքացի, ո՞ւմ դիմեմ, ումի՞ց պաշտպանություն խնդրեմ»,- պատմում է տուժած քաղաքացին: Հիշեցնենք, որ Կ. Մանսուրյանի ներկայությամբ քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանն աշխատակիցներին հրահանգել էր տարածքի ապօրինի շինությունը քանդել: Մինչդեռ, ինչպես Կ. Արեյանի, այնպես էլ` Հ. Ասատրյանի հանձնարարականները, բնականաբար, չեն կատարվել: Մեկ ամիս առաջ այս խնդրի առնչությամբ մեր թերթին պարզաբանում էր ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի Աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հ. Ասատրյանը: Վերջինս վստահեցնում էր, որ աշխատանքները կասեցվել են, բայց շինությունը չի քանդվել, քանի որ անհրաժեշտ է վարչական վարույթ կազմել եւ ուսումնասիրել համապատասխան փաստաթղթերը: Նա նաեւ տեղեկացրել էր, որ վիճելի հողատարածքի վերաբերյալ վերաքննիչ դատարանում գործը ընթացքի մեջ է, հետեւաբար` քաղաքապետարանն իրավունք չունի մինչեւ դատարանի վճռի արձակումը քանդման գործողություն կատարել: Սակայն շինարարական աշխատանքները չկասեցնելու արդյունքում, ինչպես նշեցինք, կիսակառույցը ներկայումս վերածվել է ավտոլվացման եւ ավտոպահեստամասերի վաճառքի կետի: Երեկ մենք կրկին կապվեցինք քաղաքապետարանի Աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հ. Ասատրյանի հետ, ում հետ հեռախոսազրույցը ներկայացնում ենք ստորեւ առանց կրճատումների.
– Պրն Ասատրյան, դեռ մեկ ամիս առաջ խոստացել էիք կասեցնել Կիլիկիա 1 թաղամասի ապօրինի շինարարության աշխատանքները:
– Այո՛, կասեցվել է:
– Չի կասեցվել, եւ Ձեր խոստումը չի կատարվել:
– Դուք անցյալ անգամ զանգահարեցիք, տեղեկացրիք: Ձեր զանգից հետո դադարեցվել է աշխատանքները:
– Ձեր հանձնարարականից հետո կիսակառույցը ավտոլվացման կետ է դարձել:
– Չի կարող պատահել:
– Փաստորեն կարող է:
Կ. Մանսուրյանը հիմա խմբագրությունում է, եւ քանի որ Դուք քաղաքացու դիմումներին չեք արձագանքում, նա շարունակում է դիմել մեզ: Ի՞նչ կարող ենք անել…
– Ես Ձեզ վստահեցնում եմ, որ շինարարական աշխատանքները դադարեցվել են:
– Ես էլ կարող եմ ավտոլվացման կետի լուսանկարները տրամադրել, որտեղ բանվորներն ակտիվ աշխատում են:
– Էդ լուսանկարները…
– Ես այնտեղից եմ գալիս, եւ, փաստորեն, Ձեր խոստումը չի կատարվել:
– Ես անմիջապես մարդ կուղարկեմ, որ շինարարությունը դադարեցնեն: