Կապանը՝ սողանքների գոտի

17/07/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

1994թ. օգոստոսի 26-ը Կապանի Մուշեղ Հարությունյան փողոցի բնակիչները հիշում են սարսափով: Առավոտյան ժամը 7:15-ին շենքի դիմացի սարի հողերը հոսել էին` ծածկելով տները եւ անասնագոմերը, որոնց մեջ, դժբախտաբար, երեք մարդ էր եղել: Նրանց մարմինները գտան տարերքից 8 օր հետո:

Սվետլանա Պետրոսյանը Մուշեղ Հարությունյան փողոցի

2-րդ շենքի բնակիչներից է: Նա մինչ օրս ահագնացող վախով է նայում սարին: «Օգոստոսի 26-ն էր: Առավոտը մեկ էլ ուժեղ ձայն եմ լսում: Սկզբից ինձ թվաց, թե էդ անտեր թուրքերի գրադների ձայնն ա: Բայց մեկ էլ, որ պատուհանից չնայեցի` ի՞նչ եմ տեսնումգոնց որ էն սարից մի մեծ հրաբուխ ա գալիս: Վախենում եմ, գնում եմ օրորոցից էրեխուս վերցնում եմ, կանչում եմ ամուսնուս: Էս մարդս էլ վախտ էր գտել բաղ գնալուգ Ես 30 տարի ա` ապրում եմ էս շենքում, բայց մինչ օրս էդպիսի բան չէի տեսել: Դրանից երկու օր առաջ էլ, երբ այգի էի գնացել` թոռանս հետ, հողը լավ ճաքճքել էր: Ես էլ թոռանս` Սվետիկին ասացի, որ զգույշ մնա, կարող ա` մարդ ես` հողը փլվի»,- պատմում է սողանքի ականատեսը` հիշելով նաեւ այն մարդկանց, ովքեր դարձան սողանքի զոհեր: «Հենց էդ սողանքի նախորդ օրը ես ու մեր հարեւան Արծվիկը գնացինք իրենց այգին: Նրանք էնտեղ գոմ ունեին: Մտանք գոմ` մեկ էլ տեսնում ենք նոր ծնված հորթերի ճակատները շունը ճանկռել է: Հորթերն արյունլվա էին եղել: Էս հլա հերիք չէր` շունը սկսում ա ուժեղ հաչալ, հողերը թաթերով թափել: Հենց էդ նույն օրը Արծվիկի ամուսինը` Օնիկը, շանը երկու գյուլլայով սպանում ա: Դե իրենք մտածում էին` իրենց պե՞տք ա տենց շուն, որ անասուններին ա վնասումգ»,- հուզված հիշում է Սվետլանա Պետրոսյանը` ավելացնելով, որ սողանքի երեք զոհերից երկուսը հենց այդ ամուսիններն էին` Օնիկն ու Արծվիկը, ովքեր գնացել էին անասուններին ազատելու: Դեպքը դեռեւս այսօրվա պես թարմ է նաեւ տիկին Ելենայի համար: Նա մատնացույց է անում այն բոլոր տներն ու անասնագոմերը, որոնք մնացել են հողի տակ: «Էս Հոմմիի տունն էր, այ էն վերեւը գոմ էրգ Էդ դեպքից հետո շատերը վաճառեցին իրենց տներն ու հեռացան: Ես հենց դեպքի օրը Գեղանուշ էի գնում: Մենք հենց հասանք գյուղ, 15 րոպե հետո լսեցինք, որ գյուղի մայր ճանապարհը ջարդվել ա, ու լրիվ հողերը հոսել են: Մենք մինչեւ էսօր խվոստով ենք գնում գյուղ»,- նշում է Ելենա Գասպարյանը: Մուշեղ Հարությունյանի փողոցի բնակչուհի Մանուշակը մինչ օրս չի կարողանում հասկանալ, թե ինչպես մեծ ուժգնությամբ թափվող հողերը կանգ առան շենքից քիչ հեռու գտնվող աստիճանների մոտ: «Հենց էդ աստիճանների մոտ մի թթի ծառ կար: Էդ թթենու մոտ էլ մնացին հողերը»,- ժպտալով նկատում է բնակչուհին` հիշելով նաեւ երկրորդ սողանքը, որը տեղի ունեցավ 1996թ. փետրվարին: «Էդ մեկն էդքան ուժեղ չէր, որքան 1994-ինը: Փառք Աստծո, զոհեր չկային»,- ասում է տիկին Մանուշակը: Սողանքները չեն մոռացել նաեւ հարեւան փողոցի` Երկաթուղայինների բնակիչները: Վարդուշ տատը 1941 թվականից ապրում է Երկաթուղայինների փողոցի երրորդ նրբանցքում: Նա ոչ միայն սարսափով է հիշում հողե հրաբուխը, այլեւ վախենում է իրենց տների ներկա վիճակի համար, որոնց մասին, բացի իրենցից, այլեւս մտահոգվող չկա: «Էս տունը ամուսինս ա սարքել: Այ, հենց էստեղ բաղնիքն էր, բայց մի քանի տարի առաջ ուժեղ սելավների պատճառով պատերը քանդվեցին: Մեկ էլ տեսանք, որ հողերն էլ են թափվում: Բերեցինք քարերով պատ շարեցինք տան վերեւում: Բայց ամեն սել-սելավի ժամանակ քարերը պոկվում են ու գալիս-խփում տան պատերին»,- ասում է Վարդուշ տատը` մեկ առ մեկ ցույց տալով տան յուրաքանչյուր խոնավ անկյունը, բակի հոսող ու խոնավացած հողերը: «Առաջ էս սենյակ էր, հիմի տեսեք` ինչ ա եղել: Սաղ պոլերը ծակվել են, փտել, պատերն էլ օր օրի են փտում: Հասկանում եք, ոչ մեկը չի մտածում: Հենց հիմա մեր տան տակով ջրի դուռբա ա գնում: Ջուր ա, ջուր ա գնում, բայց դեմը փակող չկա: Տակից սաղ փտելու ա»,- ինքնամոռաց նշում է Վարդուշ տատը` մեզ ուղեկցելով դեպի թոնրատուն: Խոնավությունն ու գաղջ հոտը թոնրատանն էին ծվարել: Տատը, առօրյա հոգսերից կտրվելով, պատմում է, թե նախկինում ինչպես էին լավաշ թխում: Մինչդեռ այսօր այդ նույն հացաթխման վայրում նույնիսկ կրակը չի կարողանում պայքարել խոնավության դեմ: «Գիտեմ, հենց էնպես խոսում եմ: Մեզ ոչ մեկը ոչ լսելու ա, ոչ օգնելու ա: Մեկ-մեկ գալիս են տելեստուդիայից, նկարում են, գնում»,- օգնության աղերսով խոսում է Վարդուշ տատը, ու կապանյան բարբառով ավելացնում` «Էս ամեն հինչը, բալա ջան, պատերազմի մեղավորությունն ա: Լա պատերազմից հետո վըղերը սկսալ են թափվիլ: Գրադներն ու գյուլլաներն ալ ստեղավ վազ-վազ են լա անում»,- նշում է Վարդուշ տատն, ու նույն ասածը կրկնում այս անգամ արդեն ոչ բարբառով: «Հա, պատերազմն էր մեղավոր: Թե չէ դրանից առաջ ո՞վ էր տեսել, որ հող հոսեր»,- ասում է տատը, ում հարեւանուհին` Աննան` լսելով նրա ասածները`նրան միամիտ է անվանում: «Վարդուշ տատ, էդ ինչքան միամիտ ես: Քեզ թվում ա, թե օգնելո՞ւ են»,- ասում է Աննան: Վերջինս էլ քիչ անց ցույց է տալիս իրենց նոր վերանորոգված տան նոր ճեղքերը, որոնք ամեն օր ավելանում են: «Մեկ ա, էստեղ մարդ պիտի ռեմոնտ չանի, իզուր ա: Առավոտը վեր ես կենալու, տեսնես նոր անցքեր են բացվել, ու մինչեւ էդ ճեղքերը փակես, նորն է առաջանալու»,- մտահոգվում է կինը` պատմելով օրեր առաջ իրենց փողոցի հարեւան նրբանցքում կատարվածը: «Ասում են` ջրի խողովակը պայթել էր, ու մեջը հող ա լցվել: Էս ներքեւի ճանապարհով մի հինգ օր գետ էր հոսում»,- ավելացնում է Աննան:

Զանգիլանի լոգերը, հողերն ու Փարիզը

«1990-ական թվականներն էին: Զանգիլանից թալան էին բերել` էն էլ լոգեր: Դրանք բետոնե խողովակներ էին, որոնք պիտի տեղադրեին հողում, եւ որոնց միջով պիտի ջուր հոսեր: Ընդ որում` էդ լոգերը պիտի լինեին հողից երկու մետր խորությամբ ներքեւ»,- ասում է թաղամասի բնակիչ Մհերը` հիշելով, թե քանի խողովակ էր ջարդվել մեքենայից իջեցնելուց հետո: «Էդ լոգերը բանի պետք չէին: Բայց որ իզուր փող չտային-առնեին, թալանից բերված հինը բերեցին ու իրանց թղթերում գրեցին, որ թազա են առել, ու դրա համար էլ փող են տվել: Հա, լոգերի փողը դրեցին իրանց ջեբերում»,- պատմում է երկու երեխաների հայր Մհերը` վրդովվելով մի շաբաթ առաջ կատարվածի համար: Երբ 1994 թվականին Մուշեղ Հարությունյան փողոցում տեղի ունեցավ հողերի սողքը, կուտակված հողերը բերեցին Երկաթուղայինների թաղամաս, որով էլ ծածկեցին նոր տեղադրված ջրատար բետոնե խողովակները: Բայց քանի որ այդ խողովակներն էլ, ըստ բնակիչների, դիմացկուն չէին, հողի ճնշմամբ ջարդվում են ու տեղի է ունենում ջրի արտահոսք: «Էդ խողովակից եկող ջուրն էլ հասնում է էն երկաթե կամրջի մոտ ու մի լիճ ա առաջացնում: Մի 5-6 տարի առաջ հենց այ էս կետում, որտեղ հիմա, տեսեք, ինչքան ջուր ա հավաքվել, մի փոքր ճեղք էր: Էդ փակեցինք: Բայց տարիների ընթացքում էդ փոսը նորից ա բացվում, բայց արդեն մի մեծ փոսի չափ: Ամեն տեղ հայտնում ենք` գալիս են հերթով նայում, ասում են` նորմալ ա, վտանգավոր չի»,- նշում են բնակիչները: Նրանց պատմելով` դեպքից ժամեր անց կրկին եկել էր «լավատես» պաշտոնյաների խումբն ու տեղանքը համարել ոչ վտանգավոր: «Հենց նրանք գնացին, մի քանի ժամ հետո էն կամրջի լճի ջուրն սկսում ա շատանալ, ու քանի որ էս փոսում էլ արդեն ջուրը շատ էր, էլ էդտեղ չի լցվում: Ստեղով մենակ ռեզինե սապոգներով էինք անցնում»,- ասում են բնակիչները, ովքեր զրկվել են այլեւս իրենց այգու բարիքներից: Տիկին Օֆելյան լոբու դեղնած տերեւներից շրջում է երեսն ու նկատում, որ իրենց թաղամասը դարձել է Փարիզ: «Սաղ գալիս են` էստեղ նկարվում, գնում: Հա, պաշտոնյաներն էլ: Չենք հավատում, որ մի բան կանեն»,- զայրանում է կինը` խնդրելով, որ իրենց «ցուցահանդեսի» մասին անպայման գրեմ: «Գրի, հալբաթ մի բան կփոխվի»,- ավելացնում է տիկին Օֆելյան, ում քիչ անց միանում են հարեւանները, որոնցից յուրաքանչյուրը յուրովի ներկայացնում է իրավիճակն ու փորձում գտնել ելքը: «Մեր քաղաքի ղեկավարները խոստացել են, որ կօգնեն: Դեպքից հետո եկան, փոս փորեցին, որ խողովակի վնասված տեղը գտնեն, չկարողացան: Էս երկու փոսն իրենք են փորել: Չգիտեմ, էս պայմաններում բացի մեզնից ով կկարողանա ապրել: Դե, երեւի մենք բանվորական թաղամասի բնակիչներ ենք, ու մենակ մենք կարող ենք էստեղ ապրել»,- ասում է բնակիչներից Մամիկոնը: Իսկ Մհերն էլ, լսելով վերջինիս խոսքերը` ավելացրեց. «Կինս հղի ա: Էս դեպքից հետո տարել եմ հորանց տուն, որովհետեւ վախենում եմ ծննադաբերության ժամերը գան, ու չհասցնենք տանենք հիվանդանոց: Մեր թաղամաս տաքսի չի գալիս: Եկողներն էլ կրկնակի են վերցնում»։ Ի դեպ, Սյունիքի մարզպետարանն արդեն նամակներով դիմել է ՀՀ Կառավարությանն ու Գյուղատնտեսության նախարարությանը` իրենց օգնելու համար: Այս մասին մեզ ասաց Սյունիքի մարզպետարանի Աշխատակազմի Քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը: