Սպասումների սարսափից

14/07/2009

Մինչ Հայաստանի իշխանությունները ողջունում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների հայտարարությունը (հետեւաբար՝ անուղղակիորեն՝ նաեւ Հիմնարար սկզբունքները), քաղաքական ուժերն էլ հիմնականում նույնաբովանդակ գնահատականներ են տալիս դրանց, երեկ Անկարայում միջկառավարական պայմանագիր է ստորագրվել «Նաբուկո» գազատարի կառուցման մասին: Փաստաթուղթը ստորագրել են Եվրամիության անդամ 4 երկրներ եւ Թուրքիան, սակայն այդ արարողությանը մասնակցել են նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի պաշտոնյաները: Այսինքն` բոլորը, բացի Հայաստանից: «Նաբուկոյի» կառուցման մասին նման փաստաթղթի` ոչ թե բարի ցանկությունների հռչակագրի կամ հուշագրի, այլ միջկառավարական պայմանագրի ստորագրումը նշանակում է, որ 8 միլիարդ եվրո արժողությամբ այդ նախագծով շահագրգիռ տերություններից եւ կառույցներից առնվազն ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը «Նաբուկոյին» գոնե տեսականորեն խանգարող խնդիրները, այդ թվում` հակամարտությունները, համարում են լուծված: Հիմնարար սկզբունքների շրջանակներում: Եվ այս պարագայում Հայաստանի քաղաքական ուժերի, «եթե, ապա, ուստի, հետո…» բովանդակությամբ հայտարարությունները, մեղմ ասած, զարմանալի են: Առավել եւս, որ անցած շաբաթվա իրադարձությունները ցույց տվեցին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման «վերջին ակորդի» նախաձեռնությունը ստանձնել է ԱՄՆ-ը: