Նոր պատերազմի հնարավորություն, նվնվոց, ծուղակ…

14/07/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Անցած ուրբաթ ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երեք երկրների նախագահները` Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին ու Դմիտրի Մեդվեդեւը Իտալիայում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակում հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նշվում էր, թե իրենք շարունակելու են աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին` ԼՂՀ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներն ամբողջացնելու եւ գործընթացը ավարտին հասցնելու համար: Այս համատեքստում, ինչպես արդեն հայտնի է, հրապարակվել է նաեւ բանակցությունների կարգավորման հիմքում ընկած Մադրիդյան սկզբունքների վերամշակված տարբերակը` այսպես կոչված, Հիմնարար սկզբունքները` ԼՂՀ հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը, ԼՂՀ-ին ժամանակավոր կարգավիճակի տրամադրում, որը կերաշխավորի անվտանգություն եւ ինքնակառավարում, միջանցք, որը կմիավորի Հայաստանը ԼՂՀ-ին, ԼՂՀ կարգավիճակի վերջնական հստակեցում` օրենքով պարտադրված կամքի արտահայտմամբ, ներքին տեղահանվածների եւ փախստականների իրավունքի կիրառում, որով նրանք կարող են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրերը, եւ միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնց մեջ ներառվում են խաղաղապահական գործողություններ: Հայտարարության մեջ նախագահները Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում են վերանայել եղած տարաձայնությունները եւ վերջնական համաձայնություն տալ Հիմնարար սկզբունքներին:

Ենթադրվում է, որ հուլիսի 17-ին Մոսկվայում հենց այս փաստաթուղթն է ներկայացվելու Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Ստեյնբերգի հետ հանդիպման ժամանակ արդեն ողջունել է այդ հայտարարությունը` ասելով, թե դրա որոշ մանրամասների շուրջ բանակցություններ ընթանում են: «Այնտեղ միանշանակորեն ասվում է, որ Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ, որը պետք է ունենա իրավական պարտադրող ուժ: Կարեւոր է, որ խոսվում է անխափան ցամաքային կապի մասին ՀՀ-ի եւ Ղարաբաղի միջեւ: Կարեւորը, որ խոսվում է անվտանգության երաշխիքների մասին»,- շաբաթ օրը հայտարարել է Է.Նալբանդյանը։

Հայաստանի եւ ԼՂՀ քաղաքական դաշտում, սակայն, միանշանակ չի ընդունվել եռանախագահող երկրների նախագահների հայտարարությունը եւ հրապարակված Հիմնարար սկզբունքները: «Հրապարակված հիմնարար սկզբունքների ընդունումն ու իրականացումն անուղղելի վնաս կհասցնեն ԼՂՀ-ի ու ՀՀ-ի ազգային շահերին»,- հայտարարել է ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը։

Իսկ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, թե չեն ստորագրի առանց իրենց մասնակցության կազմված որեւէ փաստաթղթի տակ: Այս եւ ընդհանրապես Մադրիդյան սկզբունքներին դեմ է նաեւ ՀՅԴ-ն: «Մեր մոտեցումն այն է, որ բանակցություններով եւ փոխզիջումներով կարգավորվի հակամարտությունը, բայց փոխզիջումները պետք է լինեն համարժեք, միաժամանակյա եւ մի ընդհանուր փաթեթի մաս: Այստեղ հիմնականում զիջման մասին է խոսք գնում, եթե փոխզիջում էլ կա, դա համարժեք ու միաժամանակյա չէ: Օրինակ, եթե մեզ ասում են` 140 քմ հող տվեք, որ երկաթգիծը բացենք, սա համարժեք չէ, որովհետեւ երկաթգիծը կարող են փակել, բայց հողը վերադարձնելու համար էլի պատերազմ պետք է լինի»,- ասում է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: Վերջինս նախ կարծում է, որ այս փաստաթուղթը եւ երեք երկրների նախագահների հորդորը չեն փոխում արցախյան հակամարտության կարգավորման տրամաբանությունը: Կ. Մանոյանը նաեւ գտնում է, որ դա արվել է Թուրքիային բավարարելու համար, որպեսզի վերջինս կարողանա ադրբեջանական իշխանություններին ասել, թե ԼՂՀ հարցում առաջընթաց կա, ուստի կարող է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել: Կ.Մանոյանը կարծում է, որ նման փաստաթուղթը նոր պատերազմի հնարավորություն կստեղծի: Այդպիսով, ըստ նրա, բանակցությունները պետք է նոր ձեւաչափ ստանան` ինչ-որ չափով վերադառնան նախկին ձեւաչափին: «ԼՂՀ-ն պետք է որպես հակամարտության կողմ լիրրավ, կառուցողական մասնակցություն ունենա, եւ ոչ թե նրան վերջում հրամցնեն ինչ-որ բան, ինչպես հիմա անում են, որ ինքը ասի՝ այո կամ ոչ»,- ասում է Կ.Մանոյանը եւ ավելացնում, թե

ԼՂՀ-ն եւ Հայաստանը պետք է դրա համար գործնական քայլեր անեն: Հիշեցնենք միայն, որ Կ. Մանոյանը ներկայացնում է այն կուսակցությունը, որ տասը տարի շարունակ սատարում էր նաեւ ԼՂ-ի` բանակցային գործընթացից դուրս մղվելուն ուղղված Ռոբերտ Քոչարյանի արտաքին քաղաքականությունը:

ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը նույնպես դեմ է այս առաջարկությանը: Պատգամավորը «բոլոր պատկերացումներից վեր է» համարում Է.Նալբանդյանի կողմից «ԼՂՀ հողերի` սահմանադրորեն ամրագրված տարածքների սակարկությունը ողջունելը»: «Եվ դրանից հետո անընդհատ նվնվալ, թե ԼՂՀ-ն պետք է ներգրավվի բանակցային գործընթացում, ու այդ անհասկանալի նվնվոցից հետո կանգնել եւ ասել, թե առաջարկը ավարտուն տեսքի է բերվել եւ առաջիկայում էլ լրամշակված տարբերակ է ներկայացվելու, ուղղակի անթույլատրելի է: Այստեղ ԼՂՀ իշխանությունները շատ լուրջ մտածելու խնդիր ունեն իրենց պահվածքի եւ հայտարարությունների հարցում անհետեւողական լինելու առումով»,- ասում է Ս.Սաֆարյանը: Պատգամավորը ենթադրում է, որ ՀՀ իշխանությունները սարսափելի թույլ եւ խեղճ են բանակցություններում ԼՂՀ մասնակցության հարցը պնդելու եւ դրան հասնելու համար, կամ` դա նրանց ձեռնտու չէ: Նա հիշեցնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն արդեն մի քանի անգամ հայտարարել է, թե ԼՂՀ-ն բանակցային գործընթացներից դուրս է եկել ՀՀ նախագահի ցանկությամբ: Համանախագահը նաեւ կարծիք է հայտնել, թե Ղարաբաղին բանակցային գործընթացից հեռացնելը շատ ավելի հեշտ էր, քան վերադարձնելը: Իսկ վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարեց, որ ԼՂՀ մասնակցությունը հետագա գործընթացներին ցանկալի է: Այնպես որ, արտաքուստ կարծես թե այս հարցին համանախագահներն այնքան էլ դեմ չեն: Մնում է դա պնդեն նաեւ ՀՀ իշխանությունները:

Իսկ արդյո՞ք համանախագահող երկրներն իսկապես շահագրգիռ են, որ ԼՂՀ հակամարտությունը շուտ կարգավորվի: Կամ այս հակամարտության դեպքում որքանո՞վ են համընկնում այդ երկրների շահերը: Ս.Սաֆարյանը գտնում է, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը հավասարապես են շահագրգռված խնդրի լուծման արագացման համար, որովհետեւ կա Ադրբեջանից որոշումներ ստանալու ցանկություն: «Տրանսկասպյան հարավային միջանցք» ծրագրի իրականացման համար Ադրբեջանը պահանջում է ազատագրված տարածքները: Ռուսաստանի պարագայում էլ խոսքը գնում է հարավային միջանցքի խոչընդոտմանը ուղղակիորեն նպաստող նոր երթուղու անցկացմանը, Ադրբեջանից գազի խմբաքանակի առքին: Երկուսի պարագայում էլ Ադրբեջանը բացահայտ հայտարարել է, որ համաձայնություն կտա այն նախագծին, որի համար շահագրգիռ երկիրը կվերադարձնի տարածքները: Բայց լուծումների առումով շահերը տարբերվում են: Օրինակ, խաղաղապահ ուժերի կազմի եւ այլ հարցերում ՌԴ եւ Արեւմուտքի պատկերացումներն այլ են: Բայց գերտերությունների շահերին պետք է նորմալ վերաբերվել, այստեղ անհասկանալի է հայկական շահերի բացակայությունը: Որեւէ մեկին պետք չէ մեղադրել, թե ինչու են իրենց շահերը պաշտպանում: Այլ բան է, թե որտեղ են գտնվում ԼՂՀ լեգիտիմ շահերը, եւ ովքեր են խոսում դրանցից: Այս ողբերգության ակունքներում կանգնած են Քոչարյան-Օսկանյան դուետը, իսկ Սարգսյան-Նալբանդյան զույգը համաձայնեց այդ ծուղակում մնալ»,- ասում է Ս.Սաֆարյանը: