Հուլիսի 17-ին Մոսկվայում սպասվող Հայաստանի եւ Արդբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից առաջ, երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների` ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի նախագահները հայտարարել են, թե Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առաջարկությունների նորացված տարբերակ են ներկայացնելու Բաքվին եւ Երեւանին: Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին եւ Դմիտրի Մեդվեդեւը երեկ ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել, որտեղ վերահաստատել են իրենց պարտավորությունն՝ աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին` ԼՂՀ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները ամբողջացնելու համար: «Մենք հանձնարարել ենք մեր միջնորդներին` ներկայացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին 2007թ. ընդունված Մադրիդյան փաստաթղթի վերամշակված տարբերակը, համանախագահների` սկզբունքների վերաբերյալ վերջին մեկնաբանությունները: Մենք հորդորում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին վերանայել այն տարբերությունները, որոնք առկա են նրանց միջեւ, եւ վերջնական համաձայնություն տալ հիմնարար սկզբունքներին, որը կարտացոլի խնդրի համապարփակ կարգավորումը»,- ասված է համատեղ հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ հիմնարար սկզբունքներն արտացոլում էին ողջամիտ փոխզիջումները` Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հենքով, որը ենթադրում է ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք: Հիմնարար սկզբունքները մասնավորապես սահմանում էին. ԼՂՀ-ի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը, ԼՂ-ին ժամանակավոր կարգավիճակ տալը, որը կերաշխավորի անվտանգություն եւ ինքնակառավարում, Միջանցք, որը կմիավորի Հայաստանը ԼՂՀ-ին, ԼՂՀ-ի կարգավիճակի վերջնական հստակեցումը օրենքով պարտադրված կամքի արտահայտմամբ, ներքին տեղահանվածների եւ փախստականների իրավունքի կիրառում, որով նրանք կարող են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրը, եւ միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնց մեջ ներառվում են խաղաղապահական գործողություններ: Ըստ հայտարարության` Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այս հիմնարար սկզբունքների ընդունումը հնարավորություն կտա վերջնական կարգավորման նախնական տարբերակը կազմելու, որը կապահովի Հայաստանի եւ Ադրբեջանի հետագա կայունությունը, խաղաղությունն ու բարգավաճումը: