Ազնավուրը նեղացել է

12/07/2009

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը նեղացել է լրագրողներից, ովքեր տեղեկատվություն էին տարածել այն մասին, թե Ազնավուրը պատրաստվում է հուլիսի 21-ին հրաժեշտի համերգով հանդես գալ Թունիսում: «Ինձ համար երջանկություն է ավարտել կարիերաս Կարթագենում, որը խորհրդանշում է քաղաքակրթություն, պատմություն, հավերժություն»,- ըստ «panorama»-ի` «Assabah» թերթին տված հարցազրույցում ասել է Շառլ Ազնավուրը: «Ես կտրականապես հերքում եմ այդ տեղեկությունը, դա բացարձակ սուտ է,- հայտարարել է Ազնավուրը,- ես Թունիսի համերգի մասին հարցազրույց չեմ ունեցել որեւէ լրագրողի հետ, դա ապատեղեկատվություն է, որն ինձ խիստ վրդովեցրել է: Անթույլատրելի է արտիստի անունից հարցազրույց հրապարակել այն դեպքում, երբ այդ հարցազրույցը չի եղել»: Նա նաեւ հավելել է. «Եթե նրանք ուզում էին քննադատել ինձ կամ արատավորել իմ բարի համբավը, դա պետք էր անել այլ կերպ, բայց ոչ թե ստել»: Հիշեցնենք, որ այժմ Շառլ Ազնավուրն աշխարհում հանդես է գալիս համերգներով: Լիբանանում կայանալիք համերգից հետո նա համերգ կտա Թունիսում, այնուհետեւ կվերադառնա Ֆրանսիա, որտեղ էլ օգոստոսի 8-ին կրկին համերգ կունենա: Դրանից հետո էլ նա համերգներ կունենա Հարավային Ամերիկայում: Նոյեմբերի 30-ին Ազնավուրը կթողարկի նոր ալբոմ` ջազային նվագախմբի հետ ձայնագրած: «Ինչպես տեսնում եք, հրաժեշտ տալը բավականին շուտ է, դեռ շատ աշխատանքներ կան»,- ասել է նա` նեղսրտելով այն լրագրողներից, ովքեր իրեն թոշակի են ուղարկել: