Մինչ Հայաստանի կառավարությունն աշխարհին ցույց է տալիս, որ իր պայքարի եւ թշնամության թիրախը ոչ թե հարեւան ոչ այնքան բարեկամական երկրներն են, այլ Ջերմուկ քաղաքի մոծակները, եւ որ գոնե Ջերմուկում զեռունի այդ տեսակի վերջը տալու նպատակով մեր երկրի բյուջեն պատրաստ է լինել շռայլ` տրամադրելով 19 միլիոն դրամ, տարածաշրջանում տեղի են ունենում մոծակների դեմ պայքարից անհամեմատ բարդ եւ լուրջ իրադարձություններ:
Հայ եւ ադրբեջանցի մտավորականների հերթական շրջագայությունը Երեւան-Ստեփանակերտ-Բաքու երթուղով, հանդիպումները երեք երկրների նախագահների հետ, ինչպես եւ նախորդ անգամ, նպատակ ուներ միմյանց մոտ տարածությունից ճանաչելու, ջարդելու հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների` միմյանց հանդեպ ունեցած կարծրատիպերը: Սակայն դա անելու համար ճամփորդության մասնակիցները պետք է իրենք էլ պատրաստ լինեին իրենց ներսում հաղթահարելու ներքին եւ տարիներով ամրապնդված կաղապարները միմյանց մասին: Հասկանալի է, որ ճամփորդությունից հետո հայկական կողմը շարունակելու էր ադրբեջանցիներին մեղադրել ժողովրդական դիվանագիտության մեջ նաեւ գյուղակա՛ն ինտելիգենցիային ներգրավելու, ոչ կառուցողական քննարկումների, թշնամական վերաբերմունքի մեջ, ադրբեջանական կողմը` հայերին: Այդպես էլ եղավ: Եվ այդպես էլ պետք է լիներ:
Հայ եւ ադրբեջանցի մտավորականների այս նախաձեռնության ֆորմատը խիստ հիշեցնում էր ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաալիքով հեռարձակվող «Մշակութային հեղափոխություն» հաղորդաշարը, որի հեղինակ եւ վարող Միխայիլ Շվիդկոյը եւս միացել էր հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության այս ակցիային:
«Մշակութային հեղափոխություն» hաղորդաշարը մտածված է այսպես. հաղորդմանը մասնակցող երկու մտավորականներից յուրաքանչյուրը նախ ներկայացնում է իր կարծիքն այս կամ այն հարցի շուրջ՝ օրինակներով հիմնավորելով իր իրավացիությունը: Հետո զրույցին միջամտում է դահլիճը` պաշտպանելով կամ իր անհամաձայնությունը հայտնելով հնչեցված տեսակետների վերաբերյալ: Իսկ հաղորդման ավարտին պարոն Շվիդկոյը դիմում է կողմերին` արդյո՞ք բանավեճի ընթացքում նրանցից որեւէ մեկը փոխեց իր կարծիքը: Կողմերը, որպես կանոն (մինչ օրս չի եղել գեթ մեկ բացառություն), թոթվում են ուսերը, իբր, «Աղավնյա՛կս, այս հարցի կապակցությամբ ես իմ կարծիքը երբե՛ք չեմ փոխի»:
Երեւան-Ստեփանակերտ-Բաքու ուղեւորությունից, միմյանց հետ ընկերական զրույցից, հավանաբար՝ նույն սեղանի շուրջ ճաշելուց հետո թերեւս չի գտնվի ճամփորդության որեւէ հայ կամ ադրբեջանցի մասնակից, ով Ղարաբաղյան խնդրի կարգավորման իր պատկերացումները փոխեր` հօգուտ հարեւան երկրի:
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, ով այս նախաձեռնության համահեղինակն է եւ պիտի որ առաջիններից մեկը ցույց տար երկու ժողովուրդների հարաբերությունները միայն եւ միմիայն խաղաղ ճանապարհով լուծելու իր ցանկությունը, ճամփորդության ավարտից հետո հայտարարեց, որ եթե հայերը չընդունեն իրենց պարզած ձեռքը, չգնահատեն ադրբեջանական կողմի այդ ժեստը, իրենք ստիպված կլինեն դիմել այլ միջոցների: Մասնավորապես` ինքը պատրաստ է զենքը ձեռքին` գնալ Ղարաբաղ եւ վստահ է, որ այդպես կվարվի ողջ ժողովուրդը:
Դատելով «ժողովրդական դիվանագիտության» այս հերթական փորձից հետո կողմերի արձագանքից` չեն փոխվել ոչ միայն դիրքորոշումները, այլեւ անձնական հակակրանքը բարձրաձայն եւ հրապարակային արտահայտելու սովորությունը:
Մինչ հայերս վստահ ենք, որ ադրբեջանցիներն ավելի շուտ պատրաստ են Ղարաբաղյան խնդիրը լուծել ռազմական եղանակով, քան բանակցությունների սեղանի շուրջ, ադրբեջանցի ժողովրդի ներկայացուցիչներից մեկը` Աքպեր Հասանովն ադրբեջանական Day.az ինտերնետային կայքում գրում է հակառակը: Նրա կարծիքով` բավական է ծանոթանալ հայ եւ ադրբեջանցի մտավորականության ներկայացուցիչների` Երեւան-Ստեփանակերտ-Բաքու այցին հաջորդած տարբեր կայքերում հայերի արձագանքներին՝ հասկանալու համար, որ հայ ժողովրդի գիտակցությունը դեֆորմացված է, եւ որ հայ ժողովուրդը պատրաստ է ավելի շուտ խնդրի ռազմական լուծմանը, քան խաղաղ բանակցություններին. «Անկեղծորեն ասած, հայ մտավորականների ներկայացուցիչների` Բաքու կատարած այցից անմիջապես հետո ես, գուցե միամտաբար, սպասում էի տեսնել եւ լսել բանականության ձայնը եւ ճշմարտությունը ներկայացնող խոսքեր նրանց կողմից: Իզուր: Անկեղծորեն ապշած, Բաքվով զարմանքից բերանները բաց շրջող հայ մտավորականության ներկայացուցիչները նախընտրեցին նույն այդ բերանները ջուր առնել եւ չհրապարակայնացնել այն շոկը, որն ապրել էին Ադրբեջանի մայրաքաղաքում: Նրանք չհնչեցրին ճշմարտությունն այն մասին, որ Երեւանի ու Բաքվի զարգացման տարբերությունն այժմ այնքան է, որքան Փարիզի եւ Գենադի Խազանովի անմահացրած Գադյուկինո գյուղի միջեւ: Հավանաբար, լռելու հրամանը տրված է վերեւից»,- եզրակացրել է Հասանովը (http://www.day.az /news/politics/164128.html):
Իսկ արդեն «7or» ինտերնետային կայքին հարցազրույց էր տվել «ժողովրդական դիվանագիտության» ոլորտում իր անմիջական ներդրումն ունեցած Երեւանի Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, ով եւս ներկայացնում էր հայ մտավորականությունը Բաքվում: Հարցազրույցում Բաքվի մասին հիացական խոսքեր Զավեն Սարգսյանը չէր ասել` նշելով միայն. «Մենք տեսանք Բաքուն: Ադրբեջանցիները տեսան մեր քաղաքը: Ստեփանակե՛րտը տեսան, ինչը շատ կարեւոր է: Ոնց էլ որ լինի, դա նրանց վրա տպավորություն թողնելու է: Միգուցե մեզ մոտ նրանք չարտահայտվեն, սակայն իրար մեջ անպայման քննարկելու են զարգացող Հայաստանն ու Ղարաբաղը»: Մեր պատվիրակները խանդավառված չեն եղել նաեւ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից: Իլհամ Ալիեւը հայ եւ ադրբեջանցի մտավորականներին 25 րոպե սպասեցրել է, ապա ներս մտնելուն պես նախ ներկայացրել իր տեսակետը, նոր միայն հնարավորություն տվել արտահայտվել ցանկացողներին: Կոնկրետ Զավեն Սարգսյանի վրա Ալիեւը թողել էր զոմբիի տպավորություն. «Նրա դեմքին ոչ մի էմոցիա չկար, ոչ մի միմիկա…»: Հասկանալի է, ի տարբերություն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի: Թեեւ վերջինիս միմիկան եւս հարուստ չէ, սակայն, ըստ Զավեն Սարգսյանի, ՀՀ նախագահը սկզբում լսել է ներկաներին, ապա նոր միայն ներկայացրել իր, թող որ կոշտ, կարծիքը, եւ այդ ամենը՝ «շատ մարդկային մթնոլորտում»:
Հարեւան երկրի նախագահին «զոմբի» ասելը, ինչպես վարվեց Զավեն Սարգսյանը, կամ Ղարաբաղ զենքով գնալու ցանկություն հայտնելը, ինչպես Փոլադ Բյուլբյուլօղլին, ցույց տվեցին, որ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ եղած կարծրատիպերը ջարդելու գործում մտավորականության ամենամեծ օժանդակությունը կլինի համեստ լռությունը: