Գեղարվեստի ավագ դպրոց

12/07/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մաս կազմող Գեղարվեստի վարժարանը ընդգրկվել է մեր հանրապետության 38 ավագ դպրոցների շարքում: Այն թերեւս լինելու է միակ ավագ դպրոցը, որտեղ համալիր կերպով ուսուցանվելու են քանդակի, գծանկարի, գունանկարի, օպերատորական, լուսանկարչության, համակարգչային գրաֆիկայի հիմունքները, ինչպես նաեւ` լրագրությունը: Այսինքն` օգտագործվելու է պատկերային արվեստների ողջ համակարգը: Գեղարվեստի ավագ դպրոցի տնօրեն, նկարիչ Գրիգոր Խաչատրյանն ասում է. «Գեղարվեստը միայն կտավը չէ: Վիդեոն, պլակատը, թատերական տարրեր ունեցող պերֆորմանսը նույնպես գեղարվեստ են, եւ մենք պարտավոր ենք այդ ամենը փոխանցել երեխաներին: Արվեստների տեսակների կապը չափազանց կարեւոր է բոլորիս համար: Լուսանկարիչը, մոնտաժողը, նկարիչը կամ թեկուզ լրագրողը հասարակության հետ պատկերների միջոցով են շփվում: Այդ պատճառով էլ մենք որոշել ենք երաժշտությունը, դերասանական վարպետությունը, մոնտաժը եւ լրագրությունը միավորել մեկ ավագ դպրոցում: Ունենք նաեւ լրացուցիչ դասաժամեր, որոնք երեխաներն իրենք են ընտրում` սեփական նախասիրությունների համաձայն»: Այս ավագ դպրոցի առանձնահատկությունն այն է, որ դասավանդելու են ոչ թե ուսուցիչները, այլ մեր ժամանակակից լավագույն արվեստագետները, որոնք դպրոցական կաղապարված ուսուցման մոդելից ազատ են: Գեղարվեստի ավագ դպրոց-վարժարանում աշխատում են Գրիգոր Խաչատրյանը, Կարինե Մացակյանը, Արման Գրիգորյանը, Կարեն Մկրտչյանը, Գագիկ Չարչյանը, Սոնա Աբգարյանը, մարդիկ, ում համար արվեստը միայն գրքերում զետեղված ծրագիր չէ, այլ` ապրելակերպ է: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նշում է, որ «գործող» ու աշխարհի տարբեր երկրներում ցուցադրվող նկարիչների, քանդակագործների ու լուսանկարիչների հրավիրելն իրենց համար սկզբունքային հարց է, քանի որ նրանք «անգիր» անել պարտադրողներ չեն, այլ` երեխայի երեւակայությունը խթանող անձինք են: Գ. Խաչատրյանը ցանկություն ունի Գեղարվեստի դպրոցի նկուղային հարկում Արվեստի քննադատների ասոցիացիայի հետ համատեղ ժամանակակից արվեստի արխիվ ստեղծել: «Ինստալյացիաները ցուցահանդեսներից հետո սովորաբար կորչում են, եւ մենք ուզում ենք դրանք պահել, արխիվացնել»,- ասում է նա: Ավագ դպրոցների համակարգին անցնելուց հետո պետությունը պետք է նաեւ փոխի իր վերաբերմունքը արվեստի բուհերի նկատմամբ: Դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողների մոտ գրեթե միշտ հարց է ծագում` արդյոք արվեստի պրոֆիլ ունեցող ավագ դպրոցը համապատասխանելո՞ւ է բուհի չափանիշներին: «Համատեղ պետք է աշխատենք: Ժամանակին Գեղարվեստա-թատերական ինստիտուտ կար, եւ երբ այն երկու մասի բաժանվեց, բոլորս էլ տուժեցինք, քանի որ արվեստի միջավայրը խամրեց, արվեստի մարդկանց շփումը կորավ: Քննադատելն ու բողոքելը ժամանակի անտեղի վատնում է, գերադասելի է աշխատել: Եվ մենք էլ աշխատում ենք, ապահովում ենք տարբեր արվեստագետների ու երեխաների շփումը: Ժամանակին արվեստի ամսագրեր, արվեստագետների հավաքատեղի-սրճարաններ կային, հիմա դրանք վերացել են: Եվ կորել է արվեստի միջավայրը: Եվ մենք փորձում ենք կամաց-կամաց վերականգնել այն»,- ասում է Գ.Խաչատրյանը: Իսկ Աշոտ Բլեյանը նկատում է. «Ո՞վ ասաց, որ մեր շրջանավարտները պետք է միայն Հայաստանի բուհերում սովորեն: Աշխարհը բաց է, ուր էլ ցանկանան, կարող են սովորելու գնալ»: Նա նկատում է նաեւ, որ այն կրթական վերափոխումը, որը վերջերս որոշել է իրականացնել պետությունը, իրենց համալիրը վաղուց է կիրառում: «Մենք, արդեն 20 տարի է, ավագ դպրոց ունենք, որտեղ ուսուցումն իրականացվում է ավելի խորացված, պրակտիկ ու մասնագիտացված: Տարիներ առաջ այդ ուսուցումը այլընտրանքային էր համարում»,- ասում է նա: Բացի Գեղարվեստի դպրոցից՝ ավագ դպրոցի կարգավիճակ են ստացել կրթահամալիրի վարժարանն ու արհեստագործական դպրոցները: