Ավանգարդ նկարիչ Գրիգոր Խաչատրյանը շատ արտիստիկ ու հումորային, բայցեւ չափազանց լուրջ անհատականություն է: Նա իրականություն է դարձնում իր բոլոր գաղափարները, որոնք կողքից կարող են շատ հումորային ու անիրականանալի թվալ: Նկատելով, որ մեր կյանքում մեծ դեր են խաղում պատահականությունները, նա փորձում է դրանք պլանավորել: Թվում է, որ դա անհեթեթ գործ է, քանի որ պատահականը պլանից դուրս է, սակայն Գ. Խաչատրյանը, ով Պատահականությունների Ազգային կենտրոն է ստեղծել, բազմաթիվ հեռահար նախագծերի միջոցով ապացուցում է, որ ամենաթանկ մարդկային գիծը ճանապարհի ցանկացած փուլ հաճույքով անցնելն է, իսկ նշանակետը կարող է ամեն վայրկյան փոփոխվել: Եթե դու պատրաստ ես անցնել քո ճանապարհը, ապա կանցնես այն, նույնիսկ, երբ հանկարծ գլխիդ անձրեւ տեղա: «Կարծում եմ, արվեստի հիմնական հարցը ճանաչողությունն է: Յուրաքանչյուր արվեստագետ փորձում է վերլուծել, ուսումնասիրել ինքն իրեն, աշխարհը, տիեզերքը: Նա պրպտում է ճիշտ այնպես, ինչպես երեխան, որը բռնում է մեծահասակի ձեռքն ու բերում-ցույց է տալիս իրեն հետաքրքրող բանն ու մատնանշում` տես, զարմացիր ինձ հետ»,- ասում է նա:
Գ. Խաչատրյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի վարժարանի տնօրենն է: Երեխաների հետ աշխատելով, նա եզրակացրել է. «Երբեք չի կարելի երեխային ասել` այ տես, սա է գեղեցիկը: Դա նշանակում է, որ մենք երեխային մեր պատկերացումների համապատասխան ենք սարքում: Ավելի լավ է լսել երեխային, քանի որ նա գալիս է այնպիսի տեղից, որտեղ ավելի կարեւոր ինֆորմացիա է կուտակվում»: Դասավանդման պրոցեսը նա շատ հետաքրքիր է ներկայացնում, ասում է. «Մեզ մոտ սովորող երեխան պետք է տուն գնա ու փոխի իր տունը»: Երիտասարդ հասակում Գ. Խաչատրյանը մեկ օրում կարողացել է փոխել իր տան գեղարվեստական միջավայրը, երբ իր պատկերացումների համաձայն՝ «քանդել» է սոճիներ ու երեք արջուկներ պատկերող Շիշկինի հայտնի կտավի վերատպությունը: «Ես մասնատեցի անտառը, արջուկներին էլ գունավոր գնդակներ դարձրեցի, եւ իմ ծնողները միանգամից ազատ շունչ քաշեցին, քանի որ իրենք էլ էին հոգնել այդ նկարից»,- պատմում է նա:
– Դուք հեռուստացույց դիտո՞ւմ եք:
– Հեռուստացույցն իմ տանը ավտոմատ կերպով է միանում ու զարթուցիչի դեր է կատարում: Եթե ուզում եմ լուրեր իմանալ, թերթեր եմ կարդում, իսկ հեռուստաալիքները լուրեր թողարկելով` քեզ ընդամենը խաբելով են զբաղված, ասում են, որ ամեն ինչ լավ է, ու դու բարգավաճ Հայաստանում ես ապրում:
– Ինքնախաբեությունը վա՞տ է:
– Եթե դա գիտակից ինքնախաբեություն է, այդքան էլ վատ չէ. լինում են դեպքեր, երբ այն առողջապահական, հոգեբանական, պաշտպանական ֆունկցիաներ է կատարում: Նույնիսկ շատ երգեր են այդ մասին գրվում, օրինակ, «Գեղեցիկ խաբիր ինձ» է երգվում: Երբ ինձ հարցնում են` ինչպե՞ս ես, միշտ պատասխանում եմ` հրաշալի, որովհետեւ չեմ ուզում իմ պրոբլեմները բարդել ուրիշների վրա: Ես գիտակցում եմ, որ խաբում եմ: Բայց մեր հասարակության մեծ մասը պարզապես խաբվում է` առանց գիտակցելու այդ փաստը: Մեր վարչապետն, օրինակ, ասում էր, որ եթե ճգնաժամի մասին չխոսենք, ճգնաժամ չի լինի: Բայց մենք ինչպե՞ս կարող ենք չարձանագրել ճգնաժամի փաստը, եթե այն կա:
– Ի՞նչն է մեր կյանքում ամենավատը:
– Դա չափազանց գլոբալ հարց է: Ժամանակին ես արել էի «Գրողի ծոց» նախագիծը, որտեղ հասարակության հետ կատարվածի հիմնական մեղքը բարդել էի գրողների վրա: Մենք գիր ու գրականություն սիրող ժողովուրդ ենք եղել ու միշտ մեծարել ենք մեր գրողներին: Եվ եթե գրողը հասարակության համար հեղինակություն է, որին լսում ու սպասում են, ուրեմն մեր բոլորիս ձախողումները գրողներից են սկսվում: Երբ մարդուն ասում ենք` «Գնա գրողի ծոցը», մենք ուզում ենք հայհոյել նրան: Կարծում եմ, որ դա պատահական արտահայտություն չէ, մենք բոլորս հայտնվել ենք Գրողի ծոցում: Մեր գրականության մեջ ոչ մի դրական հերոս չկա: Ցանկացած այլ ազգի գրականության մեջ դրական հերոսներ կան, իսկ մեզ մոտ` չկան (երիտասարդ տարիներին ես շատ էի կարդում, հետո հասկացա, որ հայտնվում եմ վիրտուալ իրականության մեջ, եւ հիմա չեմ կարդում): Մեր գրականությունը, մեր կյանքը եւ մեր փողոցը իրար հետ բացարձակ կապ չունեցող բաներ են: Եվ դրական հերոսի բացակայությունը գրականության մեջ բերում է նրան, որ դրական հերոսներ են համարվում փողոցային քրեական հեղինակությունները:
– Համաձայն չե՞ք, որ հիմնական ցանկությունը փող ունեցողին նմանակելն է:
– Եթե կարեւորը քեզ համար փողն է, ու դու խտրականություն չես դնում այն ունենալու համար, ուրեմն պետք է գտնես փող ունենալու ամենահեշտ ճանապարհը: Իսկ դա գողությունն է: Պետք է խաբել ու գողանալ, իմիջիայլոց` հարստանալու այլ միջոցներ Հայաստանում գոյություն չունեն:
– Իսկ ինչո՞ւ եք մեղադրում միայն գրողներին, կարծում եմ՝ այժմ հասարակությունը ավելի մեծ տեղ է տալիս հենց նկարիչներին, որոնք եւ գրում են, եւ խոսում են ավելի հետաքրքիր ու սուր, քան գրողները:
– Վստահ կարող եմ ասել, որ նկարիչներն ավելի շատ են կարդում ու ավելի լավ են հասկանում երաժշտությունից, քան գրողները: Եվ հետո էլ պատկերի միջոցով ինֆորմացիան ավելի արագ է փոխանցվում ու միջնորդների կարիք չի զգում: Պատկերը անմիջական զգացողություն է, գրքից կամ սիմֆոնիայից էլ է միայն զգացողություն մնում:
– Ինչպե՞ս պիտի ծնվի հերոսը:
– Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ հերոս է դարձնում նրան, ով իր մեջ չկա, բայց ցանկալի է, որ լինի: Մեզ մոտ շատ լավ ստացվում են բացասական հերոսները, իսկ դա նշանակում է, որ մեր գրողները իրենց մեջ դրական հերոս չեն տեսնում: Սասունցի Դավիթն, օրինակ, հերոս դարձավ, որովհետեւ քաջ էր: Մեր ազգին շատ հարցերում հենց քաջությունն է պակասում, եւ մենք մեր էպոսի հերոս դարձրեցինք նրան, ով լրացրեց այդ պակասը: Իսկ քաջությունը սկիզբ է առնում երկար չմտածելու կարողությունից: «Համլետի» մեջ, օրինակ, ասվում է` մեր ողջախոհությունը մեզ վախկոտ է դարձնում: Իսկ Սասունում ծնված Դավիթը խելառ է եղել, նա երկար-բարակ չի մտածել, բնազդաբար է հարվածել հակառակորդին: Նույնը կանենք մենք, եթե մեզ փողոցում հարվածեն, մենք չենք մտածի հետեւանքների մասին, պարզապես կխփենք դիմացինին: Եթե մի քանի րոպե մտածենք, վախկոտ կդառնանք ու կպարտվենք նման մարդկային փոխհարաբերությունների դաշտում: Նույն բանը նկատվում է մեր քաղաքական կյանքում: Եկեք ընդունենք, որ ընդդիմությունը ողջախոհ է, ուրեմն այն պետք է պարտվի, եթե իր առջեւ միայն իշխանությունը վերցնելու նպատակ է դրել: Բայց եթե ընդդիմության նպատակը քաղաքացիական հասարակության ձեւավորումն է, ուրեմն հաղթել է:
– Հաճախ ենք ասում, որ մեզ հանդուրժողականությունն է պակասում: Այդպե՞ս է:
– Կարծում եմ` կան իրավիճակներ, երբ պետք է անհանդուրժող լինել: Համենայնդեպս, ինձ համար որոշել եմ, որ կան մարդիկ, որոնց հետ ոչ միայն շփվել, այլեւ նույնիսկ բարեւել չեմ ուզում: Եվ չեմ բարեւում: Շատ դեպքերում հանդուրժող լինելը անտարբեր լինելու հոմանիշն է դառնում: Իսկ երբ անհանդուրժող ես, հասարակության մեջ եղած նեգատիվ երեւույթներն իրենց գնահատականն են ստանում: Էլ ինչպե՞ս կարելի է ցույց տալ, որ սխալը անպատիժ մնալ չի կարող:
– Չե՞ք կարծում, որ եթե մեր հրապարակում ազատ խոսքի ամբիոն տեղադրվեր, հասարակության 90%-ը միայն սոցիալական բողոք կհնչեցներ: Արվեստը մի տեսակ վերացական ու ոչ անհրաժեշտ հավելված է ընկալվում:
– Նման հոգեբանություն ունեցող մարդկանց արվեստը վանում է: Երբ մտածում ես, որ կարեւորը կուշտ, տաք, «շառից-փորձանքից» հեռու լինել ու վաղվա հացի կարոտը չունենալն է, ուրեմն արվեստագետին որպես փողազուրկ, սոված «հարիֆ» ես պատկերացնում: Փողն իրականում պատրանք է, այն կարող է լինել կամ չլինել, բայց դա չի կարող ազդել մարդու` սեփական միջավայրը ճանաչել ցանկանալու որոշման վրա: Պետք չէ մոռանալ, որ եթե հասարակությունը մարմին է, ապա նրա գլուխը արվեստի մարդիկ, մտավորականներն են, այլ ոչ թե իշխանավորները: Խորհրդային մտածողությունը ժառանգած մտավորականները, որոնք այսօր դեռ օգտագործվում են իշխանությունների կողմից, վաղն արդեն պրծնելու են: Զարգացման հեռանկարի մեջ այդ տիպի մարդիկ տեղ չունեն, պետք է նոր տիպի ղեկավար, նոր տիպի մտավորական ձեւավորվի: Եթե նայեք պետության նախագահներին, կտեսնեք, որ, ասենք, Օբաման, տարբերվում է մնացածներից: Նա նոր տեսակի ու նոր սերնդի ներկայացուցիչ է, որի մտածողությունն էլ է այլ: Եվ քանի որ գլոբալացումը անխուսափելի է, մենք էլ պիտի փոխենք մեր տիպարներին, այլապես` զարգացում չենք ունենա: Ամեն մեկս մեր ֆրոնտում պետք է գործ անենք: Դե ամեն մեկս էլ, որքան կարող է, պայքարում է ստի դեմ: Սոլժենիցինը լավ խոսք ունի, նա ասել է` ստին մասնակից չդառնալը նույնպես դիրքորոշում է: Ազատ, արժանապատիվ ապրելու համար երբեմն չխառնվելն էլ է հերիք: Եվ հետո էլ, եթե նույնիսկ դու չես ուզում որեւէ գործ անել, դու հասկանում ես, որ այդ գործը պիտի մեկ ուրիշն անի: Օրինակ, ես չեմ ցանկանում աղբը հավաքել, բայց ուզում եմ, որ բակս մաքուր լինի:
– Նույն կերպ կարող եմ ասել, որ ես նկարիչ չեմ, բայց ուզում եմ, որ նկարիչները արվեստի միջոցով որեւէ «աղբահավաք» ակցիա անեն:
– Վերջերս ես փորձեցի անօրինական շինություն կառուցել ՆՓԱԿ-ի դիմացի մայթին: Համոզված եմ, որ դա շատ անհրաժեշտ քաղաքացիական ակցիա կլիներ: Պատկերացրեք, որ ես քաղաքի կենտրոնում ներքին կարգով պայմանավորվածություն եմ ձեռք բերում ու օրինականորեն անօրինական շինություն եմ կառուցում: Դա հասարակական հնչեղ ակցիա կդառնար, բոլոր լրատվամիջոցները կաղաղակեին, որ նկարիչն անօրինական բան է կառուցում: Բայց ես այդ ակցիան անելու համար միջոցներ չգտա, թեեւ համոզված եմ, որ արտիստի «անօրինականությունը» միանգամից աչքի կընկներ ու շատ ցավոտ թեմա կբարձրացներ, կախտորոշեր այն հիվանդությունը, որի մասին բոլորս գիտենք, բայց չենք ուզում նկատել: Այն արտիստները, որոնց մեր հասարակությունը իրոք սիրում է, հիմա ավելի շուտ գերադասում են իշխանությունների կողքին լինել, քան նման ախտորոշիչներ դառնալ: Այդ փաստն ինձ տխրեցնում է: Շատերը նույնիսկ այս կամ այն դեպքի մասին իրենց կարծիքը հայտնել չեն ուզում` ենթադրելով, որ այն դուր չի գա իշխանություններին: Այսօր այնպիսի մեխանիզմներ են կիրառվում, որ ազնիվ լինելը գոյության համար ձեռնտու չէ, նույնիսկ վտանգավոր է:
– Իսկ պատահականությունները ինչպե՞ս են պլանավորվում:
– Մենք սկսել էինք աղյուսից: Աղյուսը սերտորեն կապված է պատահականության տեսության հետ: Մենք նամակագրություն էինք վարում Լոնդոնի Աղյուսի թանգարանի հետ ու պայմանավորվել էինք, որ այնտեղ ցուցադրված մայր-նմուշը որոշ ժամանակով կկախվի մեր նախագահականի եւ խորհրդարանի վրա:
– Աղյուսը պետք է ի՞նքը որոշի իր անելիքը:
– Այո: Մեկ այլ պայմանավորվածության համաձայն էլ` աղյուսը պետք է ցմահ ազատազրկման դատապարտվի, քանի որ նրա բնավորությունը անկանխատեսելի է. ում գլխին կուզի` կընկնի: Պատահականությունը այն բարոյահոգեբանական ու խոհափիլիսոփայական սուբստանցն է, որը քաղաքակրթությանը առաջ է մղում, ստիպում է, որ բացվեն սահմանները, քանդվեն տաբուները: Յուրաքանչյուրիս մեջ մի ցենզոր է նստած, որը շշնջում է, որ կան անհնարին բաներ: Իսկ պատահականությունը անհնարինը հնարավոր է դարձնում, բազմաթիվ գյուտերի սկիզբ է դնում: Հիմա, օրինակ, ես փորձում եմ ջրի վրա քայլելու համար սարք ստեղծել ու փորձարկումներ եմ անում: Եթե ստացվի, Հիսուսից հետո երկրորդ մարդը կլինեմ, ով կկարողանա ջրի վրա քայլել: Պետրոսն, օրինակ, չկարողացավ դա անել, նրա հավատը քիչ էր: Իսկ ես հավատում եմ (ծիծաղում է.- Ն.Հ.): Եթե քո արածը գյուտ չէ, ուրեմն այն նմանակում է:
– Իսկ ինչպիսի՞ կոնկրետ քայլեր է անելու Պատահականությունների կենտրոնը:
– Օրինակ, բոլորս նկատում ենք, որ մեր քաղաքում բացակայում է նկարչի ներկայությունը: Լավ թե վատ, բայց ճարտարապետություն կա, իսկ նկարիչները տեղ չունեն Երեւանում: Եվ մենք առաջարկել ենք տարբեր նկարիչներին` քաղաքի առանձին անկյունները կամ խաչմերուկները կոմպոզիցիոն ավարտուն տեսքի բերել: Հետագայում նրանց առաջարկները կքննարկվեն ու միգուցե իրականություն կդառնան: Ասենք՝ ձեւախեղված պատշգամբներն ու պատուհանները ընդհանուր պատկեր կկազմեն: Փարիզում, օրինակ, ոչ ոք իրավունք չունի պատուհանն իր ուզած գույնով ներկել: Չէ՞ որ քաղաքի դիմանկարը ազդում է նաեւ բնակիչների հոգեբանության վրա: Վերջիվերջո, պետք է բարեկրթության, գեղարվեստի դիկտատուրա լինի: Եվ երբ հաստատվում է այդ դիկտատուրան, մարդկանց լարված դեմքերը (ինչը հատուկ է բոլոր հայերիս) դանդաղորեն թուլանում, հանգստանում են: Դեմքի արտահայտությունն ընդհանրապես միշտ համապատասխանում է այն մթնոլորտին, որտեղ մարդն ապրում է: Եվ պատահական չէ, որ մեզ մոտ իշխում է դեմքի տխուր արտահայտությունը, ինչը մենք տեսնում ենք առավոտից մինչ երեկո: Բարեկրթության փոքր, խեղդված դրսեւորումները չեն էլ նկատվում ընդհանուր միջավայրում:
– Ինչպիսի՞ դրական բան կասեք ավարտին:
– Քայլը, ճանապարհը շատ ավելի կարեւոր են, քան նպատակը: Միգուցե մեզ հիմա մեր քայլերով բավարարված լինելն է պակասում: Մենք շատ ենք վախենում, որ հանկարծ կանենք մի բան, որի համար վաղը ամաչելու ենք: Արթուն գիտակցություն ունենալն էլ նշանակում է՝ նման քայլեր պարզապես չանել: Եթե անում ենք` ստիպված անընդհատ արդարացումներ ենք մեզ համար հնարելու: Ընդհանրապես մեր ներքին ինքնասիրությունը անմիջականորեն կապված է մեր կատարած քայլերի հետ: Եվ եթե ներքին որակ ունեցող մարդը որեւէ սխալ քայլ է անում, նա անպայման դրանից տառապում է: Նա չի կարող գոհ լինել, եւ ուրեմն ավելի հեշտ է չանել այն քայլերը, որի հետեւանքները տանջելու են քեզ: Սա ասում եմ առանց կատակի որեւէ նշույլի: