Իսկ նա լավատես է

11/07/2009

Ի տարբերություն իր անմիջական վերադասի՝ Տիգրան Սարգսյանի, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը երեկ «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներ» խորագրով համաժողովի ժամանակ բավականին լավատես է եղել։ «Ես լավատես եմ եւ վստահ եմ, որ տնտեսական ճգնաժամը Հայաստանի համար հնարավորություն է: Հնարավոր է ապահովել Հայաստանում տնտեսական կտրուկ աճ»,- ըստ «Ա1+»-ի, հայտարարել է Ն. Երիցյանը: Նա, մասնավորապես, նշել է, որ դրական միտումները նկատելի կլինեն հաջորդ տարվանից. «Աճի միտումները արագ չեն լինի, սակայն 2010-ին մենք պետք է ապահովենք շրջադարձ: Դրա համար բոլոր նախադրյալները կան»։ Ինչ վերաբերում է նախօրեին վարչապետի կանխատեսումներին՝ տնտեսության 9.5, 16 եւ 20 տոկոսանոց հնարավոր անկման մասին, նախարարը նշել է, որ այդ ռիսկերը պայմանավորված են ամառային ամիսների ընթացքում շինարարության ոլորտում տեղի ունենալիք փոփոխություններով: Մինչ այժմ փորձը ցույց է տվել, որ իրադարձությունները մեր երկրում զարգանում են շատ ավելի վատ, քան պաշտոնական ու ոչ պաշտոնական ամենահոռետեսական կանխատեսումները։ Ու եթե անգամ կառավարությանը հաջողվի իրավիճակից դուրս գալ առաջին սցենարով՝ 9.5% անկումով, անգամ այդ դեպքում դժվար է ակնկալել, որ հաջորդ տարի կունենանք կտրուկ վերելք։ Հիշեցնենք նաեւ, որ Արժույթի միջազգային հիմնադրամը մեր երկրի համար 2010թ. նախատեսել էր լավագույն դեպքում զրոյական աճ։ Ընդ որում, ԱՄՀ-ի նույն այդ կանխատեսման համաձայն՝ այս տարի սպասվում էր 5% անկում։ Այսինքն՝ հնարավոր է ԱՄՀ-ն ճշգրտի թե՛ այս տարվա, թե՛ հաջորդ տարվա ցուցանիշները՝ կանխատեսելով ավելի խորը անկում։ Եվ զարմանալի չէ, որ Ն. Երիցյանի անբացատրելի լավատեսությունը զարմացրել է ոչ միայն ընդդիմադիր տնտեսագետ Վահագն Խաչատրյանին, այլեւ Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանին: Վերջինս նախարարի լավատեսությունը համարել է, ոչ ավել, ոչ պակաս՝ ինքնագոհություն, եւ նույնիսկ ինքնագոհությունը չափելու համեմատություն արել, երբ ինքնագոհ մարդը սնկի թունավոր լինելը փորձում է այն ուտելու միջոցով։ Վ. Գաբրիելյանը թեեւ նշել է, որ ստվերային տնտեսության դեմ պայքարելու այնպիսի կամք, որ ցուցաբերում է ՀՀ այսօրվա կառավարությունը, ինքը նախորդ կառավարությունների մոտ չի նկատել, բայցեւ նկատել է, որ ներսում կան բավականին խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, եւ եթե չեն լուծվում, ուրեմն կան անձնական շահ, անձնական կապեր կամ խնդիրները լուծելու անկարողություն:

Եվ, այնուամենայնիվ, ինչո՞վ է պայմանավորված էկոնոմիկայի նախարարի լավատեսությունը։ «Իմ լավատեսությունը հիմնված է մեր տնտեսության իմ պատկերացումների վրա, աշխարհում կատարվող իրողությունների, կանխատեսումների վրա, այդ թվում՝ այն ռեսուրսների վրա, որ մենք մոբիլիզացրել ենք եւ որը պետք է ուղղենք եւ՛ ճգնաժամի հաղթահարմանը, եւ հետճգնաժամային աճի ապահովմանը։ Դրանով է պայմանավորված իմ լավատեսությունը»,- «Ա1+»-ի հարցին այսպես է պատասխանել Ն. Երիցյանը: Հիշեցնենք, որ Ն. Երիցյանի պատկերացումները մեր տնտեսության մասին բավականին օրիգինալ են՝ «գերազանցության կենտրոններով», նավահանգստային քաղաքներով եւ այլնով հանդերձ։ Իսկ ավելորդ լավատեսությունից նախարարը չի նեղվում։ Ավելին. «Եթե ամբողջ աշխարհում կտեսնեք կառավարության մի ներկայացուցիչ, որը լավատես չի, ուրեմն ինքը սպառել է իրեն»,- ասել է նա: Հետաքրքիր է՝ Ն. Երիցյանը իրո՞ք հավատում է «կտրուկ վերելքին», թե՞ պարզապես փորձում է լավատես երեւալ, որպեսզի վերեւներում իրեն սպառված չհամարեն։