«Անբացատրելի» անկեղծություն

11/07/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երկու օր առաջ՝ երեքշաբթի օրը, մի ուշագրավ բան տեղի ունեցավ, որը պատշաճ ուշադրության չարժանացավ հայրենի հեռուստաընկերությունների կողմից։ Խոսքը վերաբերում է

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթին՝ «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներ» խորագրով եռօրյա միջազգային համաժողովի բացման ժամանակ։ Թվում է՝ ոչ մի արտառոց, ուշագրավ բան էլ չկա. վարչապետը միշտ էլ ելույթներ է ունենում թե՛ կառավարության նիստերի, թե՛ տարբեր միջոցառումների ժամանակ։ Սակայն դա` միայն առաջին հայացքից։ Ուշագրավը ոչ թե ելույթի փաստն է, այլ դրա բովանդակությունը։ Սկսած այն կանխատեսումից, որ կարող ենք ունենալ 9.5%- 20%-անոց տնտեսական անկում։

Փուչիկների մասին

Կարելի է ասել՝ իր պաշտոնավարման 14 ամիսների ընթացքում սա վարչապետի ամենաանկեղծ ելույթն էր։ Եվ այսպես։ Եթե մինչ այժմ կառավարությունը կամ ասում էր՝ ամեն ինչ լավ է եղել ու լավ կլինի, կամ էլ ասում էր՝ վատ է, բայց միակ պատճառը ճգնաժամն է, ապա այժմ վարչապետն արդեն ետ է նայում՝ ամփոփելու համար մինչ այժմ կատարվածը։ «Որեւէ երկրի տնտեսության վրա գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությանը գնահատական տալու համար կարեւոր է նախ հստակ պատկերացում ունենալ գլոբալ զարգացումների համատեքստում մինչ ճգնաժամային ժամանակահատվածում տվյալ երկրի տնտեսությունում նկատված իրադարձությունների մասին։ Դա մեզ կօգնի քաղված դասերը ճիշտ ընկալել եւ դրա հիման վրա նոր վարքագիծ կառուցել»,- ասել է նա։ Ստորեւ ներկայացվածը մի մեջբերում է Տ. Սարգսյանի 8 էջանոց ելույթից.

«Մինչճգնաժամային զարգացումները

ՀՀ-ում վերլուծելիս կարեւոր է նաեւ տնտեսության կառուցվածքի ուսումնասիրությունը, այսինքն՝ ինչպիսի տնտեսական կառուցվածք մենք որդեգրեցինք ճգնաժամից հետո։ 2004-2007թթ. տնտեսության միջին 13.0 տոկոս տնտեսական աճին հիմնականում նպաստել են հետեւյալ ճյուղերը` կապիտալ շինարարության ճյուղը, որն ապահովել է ՀՆԱ աճի միջին հաշվով 4.6 տոկոսային կետը, եւ այս ճյուղը հիմնականում պայմանավորված է եղել ֆինանսական ներհոսքի արդյունքում պահանջարկի աճով։ Երկրորդ` հանքարդյունաբերության ճյուղը, որն անմիջապես կապված է եղել միջազգային շուկաներում հանքահումքային ապրանքների գների աննախադեպ աճի վարքագծով, ինչը զգալի նպաստել է արտահանման վրա, իսկ արտահանումն իր հերթին ապահովել է տնտեսության լրացուցիչ ֆինանսական ներհոսք։ Երրորդ` որպես սպասարկող ճյուղ եւ ածանցված այս երկու ճյուղերի վարքագծից, ինչպես նաեւ՝ որոշ չափով սնվելով երկիր ներհոսող ֆինանսական ներհոսքից, ծառայությունների ճյուղը, որն ապահովել է ՀՆԱ նշված աճի 4.5 տոկոսային կետը։ Ակնհայտ էր, որ երկրի տնտեսական աճը հիմնականում ապահովում էր ոչ արտահանելի հատվածը, որն էլ հիմնականում կախված էր արտաքին գործոններից»։ Սա կարելի է սենսացիա համարել։ Առաջին անգամ՝ պետական մակարդակով, քննադատությամբ է խոսվում այն քաղաքականության մասին, որը հանգեցրեց հիվանդ տնտեսական աճի ու տնտեսության կառուցվածքի։ Այսինքն՝ վարչապետն ասել է, որ տնտեսության «վագրաձեւ աճի» ցուցանիշների համար մենք պարտական ենք ոչ թե իշխանությունների հանճարեղ քաղաքականությանը, այլ՝ արտաքին աշխարհի զարգացումներին։ Այլ կերպ ասած՝ պատահականությանը։ Իսկ երբ արտաքին աշխարհում պայթեցին փուչիկները, պայթեցին նաեւ հայաստանյան փուչիկները։ Դրանց առկայության մասին էլ վարչապետն ասել է՝ նշելով, որ մինչճգնաժամային շրջանում ԱՄՆ-ի կողմից վարվող ընդլայնողական քաղաքականությունը հանգեցրեց անշարժ գույքի գների փուչիկների ձեւավորմանը ոչ միայն ԱՄՆ-ում եւ զարգացած երկրներում, այլեւ զարգացող երկրներում, որոնց թվին է դասվում նաեւ Հայաստանը։ «Տնտեսական ակտիվության վերելքը չէր կարող շարունակվել երկար ժամանակ»,- ասել է Տ. Սարգսյանը՝ նշելով, որ տնտեսական ակտիվության նվազման սկզբնական ժամանակահատվածի, տեմպերի նվազման չափի եւ արագության մասին չկային առավել հստակ կանխատեսումներ եւ պատկերացումներ։ Բայց, միեւնույն ժամանակ, ասում է. «Առաջին նախանշանները սկսվեցին 2007 թվականի կեսերից ԱՄՆ անշարժ գույքի շուկայում, երբ գնային «փուչիկները» պայթեցին… Ինչպես արդեն նշվեց, անշարժ գույքի գների «փուչիկները» առաջ էին եկել գրեթե բոլոր երկրներում, ուստի ԱՄՆ տնտեսությանը բնորոշ երեւույթները նկատվեցին ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում»։ Ու քանի տնտեսությունը կառուցված էր ավազի վրա, արագությամբ փլուզվեց, ինչը Տ. Սարգսյանը շատ մանրամասն նկարագրել է՝ ամփոփելով. «Մի խոսքով, տնտեսական վերելքի տարիներին արձանագրված մակրոտնտեսական երեւույթները սկսեցին արտահայտվել իրենց հակադարձ դրսեւորումներով, ընդ որում, շատ կարճ ժամանակահատվածում»։

Պայծառատեսության պահը

Անցյալը եւ ներկան մանրամասն վերլուծելուց հետո՝ Տ. Սարգսյանը եզրակացրել է. «բիզնես ցիկլի անկման ամպլիտուդը շատ ավելին է լինում առավել հավասարաչափ դիվեսիֆիկացված տնտեսություն ունեցող երկրների համեմատ»։ Այսինքն՝ եթե մեր տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված լիներ, հիմնված չլիներ միայն շինարարության վրա, մեր տնտեսական անկումն ավելի քիչ կլիներ։ «Այս առումով երկարաժամկետ հատվածում անհրաժեշտ է շինարարության եւ նրա հետ հարակից փոխկապակցված արտադրության այլ ճյուղերի` ՀՆԱ-ում տեսակարար կշռի նվազումը եւ փոխարենը նոր արտադրական ոլորտների զարգացումն ապահովող անհրաժեշտ միջոցառումների իրականացումը։ Մասնավորապես, Արեւելյան Եվրոպայի անցումային երկրներում շինարարության ոլորտի տեսակարար կշիռը կազմում է ՀՆԱ-ում 6-10 տոկոս, մինչդեռ ՀՀ-ում այն կազմում է մոտ 25 տոկոս»,- ասել է Տ. Սարգսյանը։ Փաստորեն՝ վարչապետն ընդունել է ընդդիմախոսների այն տեսակետը, որ չէր կարելի այդքան մեծ տեղ տալ անիմաստ շինարարության ոլորտին։ Նշենք նաեւ, որ այս խոսքերը կարող էին բնական հարց առաջացնել. եթե կառավարությունն ընդունում է, որ շինարարությանը չի կարելի շատ մեծ դեր հատկացնել, այդ դեպքում ինչո՞ւ է նույն կառավարությունն ահռելի միջոցներ ուղղում այս ոլորտին։ Վարչապետը նաեւ փորձել է պատասխանել այդ հարցին՝ ապագա քայլերը դիտարկելով կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներում, ասելով. «Կարճաժամկետ առումով կարեւոր է ճկուն գործողությունների միջոցով մեղմել իրական բիզնես ցիկլի անկման ամպլիտուդը։ Վերը թվարկված պատճառներից մեկը ես նշեցի` ներդրումների կտրուկ կանգ առնումը` մասամբ կապված ներդրումների իրագործման ժամանակի եւ չավարտված ներդրումների (հիմնականում բնակարանային շինարարության ճյուղում) դադարեցման հետ… Երկարաժամկետ միջոցառումների շարքին պետք է դասել ագրեսիվ տնտեսական բարեփոխումների իրականացումը` ուղղված տնտեսության դիվերսիֆիկացմանը, ռեսուրսների բաշխման համար անհրաժեշտ խթանների համակարգի ձեւավորմանը, հակամենաշնորհային քաղաքականության ուժեղացմանը եւ այլն»։ Ավելի հասկանալի դարձնելու համար մի օրինակ բերենք. երբ թմրամոլը չի ստանում թմրանյութի իր չափաբաժինը, ընկնում է, այսպես ասած` «լոմկայի» մեջ, եւ նրան տանում են հիվանդանոց։ Բայց մինչեւ նրան բուժելը՝ կախվածությունը վերացնելը, բժիշկները նրան «դոզա» են տալիս, որ նախ՝ այդ վիճակից դուրս գա, հետո անցնեն բուժման հիմնական կուրսին։

Վերջաբանի փոխարեն

Վարչապետի բացատրությունների, մեկնաբանությունների ու մոտեցումների գնահատականը թողնենք փորձագետներին։ Ամեն դեպքում նշենք, որ ելույթը բավականին անկեղծ էր (մանավանդ սպասվող տնտեսական անկման մասին կանխատեսումներով) եւ բավականին հիմնավորված։ Ավելին՝ երանգները մի փոքր սրելով եւ մի քանի հասցեական քննադատություն ավելացնելու դեպքում այն լիովին կարող էր ստորագրվել ամենաընդդիմադիր տնտեսագետների կողմից։ Մեզ այլ հարց է հետաքրքրում՝ ո՞րն է անկեղծության պատճառը, եւ ինչո՞ւ նախկինում նման անկեղծություն չկար։ Ինչպես նշել է գործընկերներիցս մեկը՝ պատճառներից մեկը կարող է լինել հենց այն, որ վարչապետի խոսքերով՝ լավագույն դեպքում սպասվում է 9.5%-անոց անկում, վատագույն դեպքում՝ 20 տոկոսանոց անկում։ Ճգնաժամը՝ ճգնաժամ, բայց մտածող մարդիկ կարող էին, չէ՞, հարցնել՝ ինչո՞ւ մեզ մոտ, տարիներ շարունակ երկնիշ աճ արձանագրած երկրում ճգնաժամն ավելի շատ ազդեց, քան տարածաշրջանի մյուս երկրներում։ Այդ հարցի պատասխանը վարչապետի ելույթում կարելի է գտնել՝ բացի արտաքին գործոններից՝ տնտեսության չդիվերսիֆիկացված կառուցվածքը եւ մրցակցային դաշտի խնդիրները։ Այլ կերպ ասած՝ սա կարելի էր հասկանալ հետեւյալ կերպ. տնտեսության հերն անիծել են մինչեւ Տ. Սարգսյանի վարչապետությունը, եւ այժմ նա ստիպված է շտկել այդ բացը՝ այն էլ ճգնաժամային պայմաններում։ Ավելի պարզ ասած՝ անկեղծությունն արվում է արդարանալու նպատակով։

Սակայն կա մի նրբություն, որը թույլ չի տալիս ամբողջությամբ հավատալ նրա անկեղծությանը։ Բանն այն է, որ Տ. Սարգսյանը վերջին տարիներին ամենեւին էլ կողքից կանգնած չի հետեւել երկրի տնտեսական քաղաքականությանը, այլ ակտիվ մասնակցություն է ունեցել այդ պրոցեսներին եւ ամեն հարմար առիթի դեպքում գովասանքներ շռայլել նախկին կառավարության հասցեին։ Այն, որ մենք ունենալու ենք անիմաստ տնտեսություն՝ հիմնված դրսի փողերի, դրա հաշվին իրականացվող շինարարության եւ սպառման վրա, պարզ էր դեռեւս մի քանի տարի առաջ։ Հաստատ համոզված ենք, որ պրոֆեսիոնալ լինելով հանդերձ, Տ. Սարգսյանը եւս գիտակցում էր այդ ամենը։ Սակայն այն ժամանակ այդ մասին չէր խոսում։ Իսկ այժմ խոսում է, որովհետեւ հնարավոր է՝ քավության նոխազ դառնա։ Հետաքրքիրն այն է, որ նրա կառավարության գործողությունները քննադատողների թվում են նաեւ այն մարդիկ, ովքեր մաս են կազմել այն իշխանությանը, որը մեղավոր է նման պորտաբույծ տնտեսություն ունենալու համար։ Օրինակ՝ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Հիշո՞ւմ եք՝ մայիսի վերջին դիվանագետ Վ. Օսկանյանի ծավալուն տնտեսագիտական հոդվածը, որտեղ նա քլնգել էր ներկա իշխանություններին ու նրանց քայլերը։ Նախկին նախարարն էլ մի պահ մոռացել էր, որ այսօրվա վիճակն արդյունք է նախկին մի քանի տարիների ընթացքում կատարված (կամ չկատարված) քայլերի, ինչպես նաեւ մոռացել էր, որ ինքը «երկնիշ աճի» ժամանակաշրջանի նախարար էր։ Այս առումով Վ. Օսկանյանը եւ Տ. Սարգսյանը իրար շատ նման են։ Եվ ո՞վ գիտե՝ միգուցե վարչապետի անկեղծացման պատճառները պետք է գտնել հենց այս համատեքստում։