Երեկ Իտալիայում մեկնարկած «Մեծ ութնյակի» գագաթաժողովից առաջ «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այդ երկրների ղեկավարներին կոչ է արել չշրջանցել Իրանի հարցը: Ըստ կազմակերպության` «Մեծ ութնյակի» երկրների առաջնորդները պետք է դատապարտեն խաղաղ ցուցարարների հանդեպ կատարված բռնությունը, հարյուրավոր կամայական ձերբակալությունները եւ դաժան հարցաքննությունները, որ կատարվում են Իրանում նախագահական ընտրություններից հետո: «Մեծ ութնյակը» պետք է պահանջի անցկացնել այդ չարաշահումների անաչառ եւ օբյեկտիվ հետաքննություն եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին,- ասել է «Human Rights Watch»-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը: -Իրանի իշխանությունները փորձում են մեղադրել արտաքին ուժերին խաղաղ ցուցարարների դեմ իրենց կիրառած բռնությունների եւ իրավախախտումների համար: «Մեծ ութնյակը» պետք է Թեհրանին հասկացնի, որ նա չի կարող մեղքն իր վրայից գցել, եւ որ մարդու իրավունքների ոլորտը գտնվելու է Իրանի հետ «Մեծ ութնյակի» հետագա հարաբերությունների առաջին պլանում»: Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Իրանում հունիսի 13-ին Ահմադինեջադի հաղթանակը փաստող պաշտոնական հայտարարությունից հետո հարյուր-հազարավոր իրանցիներ դուրս եկան Թեհրանի եւ Իրանի այլ խոշոր քաղաքների փողոցներ` ի նշան բողոքի: Գրեթե մեկ շաբաթ զանգվածային հանրահավաքներից հետո Իրանի քաղաքական առաջնորդները կանաչ լույս վառեցին բռնությունների համար: Անվտանգության ուժերը եւ կառավարության ֆինանսավորմամբ գործող «Բասիջ» ռազմական կազմակերպության զինյալները հանրահավաքների ընթացքում պարբերաբար բռնի ուժ էին կիրառում, ինչի հետեւանքով զոհվեց առնվազն 20 մարդ, շատերը վիրավորվեցին: Հարյուրավոր ցուցարարներ ձերբակալվեցին, խիստ սահմանափակումներ մտցվեցին օտարերկրյա եւ տեղացի լրագրողների համար»: «Human Rights Watch»-ն ընդգծում է, որ Իրանը պետք է հարգի միջազգային իրավունքը, քանի որ 1975թ. ստորագրել է Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքի միջազգային պակտը, որն արգելում է կամայական ձերբակալությունները: Պակտի համաձայն` Իրանը պետք է ճանաչի նաեւ մարդու այլ հիմնարար իրավունքներ` այդ թվում՝ խաղաղ հավաքների եւ ազատ արտահայտվելու իրավունքը: «Մեծ ութնյակը» եւ այլ շահագրգիր պետություններ Իրանում բռնությունների ալիքի հետ կապված պետք է եւս մեկ անգամ քննարկեն հասցեական պատժամիջոցներ կիրառելու հարցը նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են բռնությունների համար, եւ նրանց դեմ, ովքեր ի պաշտոնե կարող են կանգնեցնել բռնությունները, սակայն չեն անում դա»,- ասված է հայտարարության մեջ: «Մեծ ութնյակի» երկրների առաջնորդները պետք է պարզ հայտարարեն, որ Իրանը խախտում է միջազգային իրավունքի նորմերը: Նրանք նաեւ պետք է հստակ հասկացնեն, որ քանի դեռ Իրանը պատասխանատվության չի ենթարկել բռնությունների համար մեղավորներին, այլ երկրներ իրավասու կլինեն արգելել բռնություններ կատարելու մեջ կասկածվողների մուտքը իրենց երկիր ու նաեւ այլ պատժամիջոցներ կիրառել»,- հայտարարել է Քենեթ Ռոթը: Հիշեցնենք, որ «Մեծ ութնյակի» երկրների` Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների ղեկավարները հուլիսի 8-10-ը քննարկելու են, հիմնականում, տնտեսական ճգնաժամին, կլիմայական փոփոխություններին ու պարենի խնդիրներին վերաբերող հարցեր: