«Համաներումը որեւէ մեկի ճնշման արդյունք չէ»

06/07/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Երեկ «Հայելի» ակումբի կազմակերպած ասուլիսին հրավիրված ՀԱԿ ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանն այդպես էլ չեկավ լրագրողների հետ հանդիպման, ուստի ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի կողմից ընդդիմությանը հասցեագրված մեղադրանքները մնացին անպատասխան:

«Ես համոզված եմ, որ Մարտի 1-ի սպանությունների մեղավորները բացահայտվելու են: Հնարավոր չէ, որ դա չբացահայտվի»,- երեկվա ասուլիսում` անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ իշխանությունները չեն բացահայտում Մարտի 1-ի մարդասպաններին, հայտարարեց ԱԺ հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը: «Քննությունները ժամանակին կավարտվեն, հետաքննություն, նախաքննություն ժամանակին կավարտվի, եւ բացահայտումներ անպայման կլինեն: Հնարավոր չէ չբացահայտել, ուղղակի ժամանակի խնդիր է: Միգուցե 2 տարի, միգուցե երեք տարի, բայց, որ դա կբացահայտվի, միանշանակ իմացեք»,- հավելեց նա: Խոսելով քաղաքական վերջին զարգացումների մասին, ԱԺ պատգամավորն ասաց, թե ընդդիմության հուլիսի 2-ի հանրահավաքը «հիասթափության հանրահավաք էր»: «Արտահերթ հանրահավաքի մասին ես նախորդ շաբաթ` հանրահավաքից առաջ ասել էի, որ դա կլինի հիասթափության հանրահավաք: Ի դժբախտություն մեզ բոլորիս` այդպես էլ կարծես թե ստացվեց»,- հայտարարեց Գ. Մելիքյանը: Ըստ նրա՝ ուժեղ պետության համար ուժեղ ընդդիմություն է պետք, որը «կարծես թե մեր հանրապետությունում չի ստացվում»: «Ընդդիմությունն իր վերջին հանրահավաքներով, ինչպես նաեւ՝ իր բոլոր այն քայլերով, որ կատարում է առանց հանրահավաքների, կարծես թե, իրոք, ժողովրդին հասցրեց հիասթափության, անվստահության իրենց նկատմամբ եւ հավատի կորստի»,- նկատեց Գ. Մելիքյանը: Որպես իր ասածի հիմնավորում` նա ընդամենը վկայակոչեց հանրահավաքի սակավամարդ լինելը: «Մարդկանց թիվը 4500-5000 էր, դա այն քանակը չէ, որ կարելի էր հայտարարել, թե ժողովուրդը մեզ հետ է, հավատում եւ վստահում է մեզ: Նման քանակության մարդ հանրապետության ցանկացած գյուղապետ իրենց գյուղի ծայրում կարող է հավաքել»,- կարծում է Գ. Մելիքյանը: Լրագրողների հիշեցմանը, թե ինչպես միշտ, այս անգամ եւս հանրապետության մարզերից մարդկանց թույլ չի տրվել գալ Երեւան եւ մասնակցել հանրահավաքներին, Գ. Մելիքյանը պատասխանեց, թե իր կարծիքով` մարզերից եկողների թիվն «առանձնապես մեծ ազդեցություն չունի միտինգի մասնակիցների թվաքանակի վրա»: Բացի այդ, ըստ Գ. Մելիքյանի, ամեն օր էլ Երեւան մտնող մեքենաներում ստուգումներ են կատարվում: «Նման միջոցառումներ ամեն օր էլ կատարվում են: Մի օր զենքի, մի օր թմրանյութերի ստուգման հետ կապված, մի օր գողացված մեքենաների, խուլիգանության հետ կապված եւ այլն»,- ասաց Գ. Մելիքյանը:

Նա անդրադարձավ նաեւ հանրահավաքի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչների կողմից հնչեցրած այն հայտարարությանը, թե` համաներումը տեղի ունեցավ ընդդիմության եւ Եվրոպական կառույցների ճնշման, պարտադրանքի հետեւանքով: «Համաներումը ես համարում եմ նախագահի կողմից բարի կամքի դրսեւորում եւ ներողամտության ամենաբարձր արտահայտություն: Իհարկե, ես ընդունում եմ, որ եվրոպական միջազգային կառույցների կողմից բոլոր այդ բանաձեւերի ընդունումն իրենց դրական ազդեցությունն ունեցան նաեւ համաներման փաստի վրա, բայց չեմ ընդունում այն փաստը, որ երբ հանրապետության բոլոր քաղաքական ուժերը նշեցին համաներման անհրաժեշտության մասին, ՀԱԿ-ը այդ մասին ընդհանրապես չխոսելով, նախագահին որեւէ առաջարկություն չանելով՝ ասում է, թե դա իրենց կողմից կատարված պարտադրանքի հետեւանք է: Որեւէ մեկը չէր կարող պարտադրել նախագահին, որեւէ մեկը չէր կարող պարտադրել ԱԺ-ին»,- հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը` հավելելով, որ կար նաեւ համաներման հասարակական պահանջ: Իսկ հարցին էլ, թե հասարակությունն ավելի շուտ չէ՞ր պահանջում համաներում, Գ. Մելիքյանը պատասխանեց, թե այդ պահանջի հասունացման համար ժամանակ էր պետք: Ի դեպ, Գ. Մելիքյանը նույնպես չի հանդիպել իր գործընկեր պատգամավորներին, ովքեր 1.5 տարի շարունակ գտնվում էին կալանավայրերում եւ միայն համաներումից հետո են ազատ արձակվել: Խոսքը Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի մասին է: «Առիթ չեմ ունեցել, կարծում եմ՝ անպայման կհանդիպենք, գուցե ԱԺ-ում»,- ասաց Գ. Մելիքյանը:

Նա երեկ հերքեց նաեւ շրջանառվող լուրերը, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդիները օրեր առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնում մարդ են ծեծել. «Ես այդ ինֆորմացիան ստացել եմ մամուլից, եւ իր հետ հեռախոսազրույցում ինքը հերքել է այդ բոլոր փաստերը: Ինքն ասել է, որ ընդհանրապես նման ծեծկռտուքի մասնակից չի եղել, եւ հերքել է այդ բոլոր լուրերը»,- ասաց Գագիկ Մելիքյանը: